Օրերս Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին, բայց ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ առանձնազրույց չունեցավ, իսկ ավելի վաղ Աստանայում առանձնազրույց չունեցավ Պուտինի հետ։ Այսինքն, երկկողմ հարաբերություններում ՌԴ-ի հետ պաշտոնական մակարդակի շփումները դադարեցրել է։ Նա չի օգտագործում բազմակողմ հարթակները՝ երկկողմ հանդիպումների համար, մինչդեռ Ադրբեջանի նախագահն Աստանայում Պուտինի հետ խոսեց։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք, գրավեց գերակայող դիրքեր, ունեցանք կորուստներ, տեղահանվածներ, հրետակոծված գյուղեր»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Անկախության շարժման» հիմնադիր, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա հավելեց․ «Տասը օր է, ինչ խաղաղության պայմանագրի մասին խոսացող չկա, ուշադի՞ր եք։ Ասում էին, որ ԱԳ նախարարները պետք է տեքստի վրա աշխատեն, բայց հիմա ոչ Ադրբեջանն է այդ մասին խոսում (Ալիևն այսօր Թբիլիսիում հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը․-խմբ․), ոչ ՀՀ-ն։ Կարծես երրորդական հարց է դարձել։ Մինչդեռ ԱԺ-ում Փաշինյանն ասում էր, որ պատրաստ է ստորագրել։ Եթե պատրաստ էր, ուրեմն փաստաթղթի նախագիծ կար։ Ու ինչ-որ չարամիտ մարդ սրան հուշել ու բացատրել է «Թվիթերի» տեղը։ Մինչեւ այդ չգիտեր, որ կարող է «թվիթ» անել։ Իմիջիայլոց, Ալիեւը Պրահայի հանդիպումից հետո «թվիթերում» ոչ միայն գրառում էր արել, այլեւ նախապես պատրաստված նկար էր տեղադրել այն մասին, որ իրենց վերադարձնելու են Արցախը եւ Զանգեզուրը եւ դա ադրբեջանցիների ազգային երազանքն է»։
Սրան զուգահեռ, Էդգար Ղազարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը «թվիթերում» վտանգավոր գրառումներ է անում, օգտագործում «Արեւելյան Ադրբեջան» եզրույթը, հետո՝ սրբագրում․ «Գրում է եւ ասում, որ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին կամ պատասխանին։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն րոպեներ անց ասում է, որ ՀՀ-ի ջանքերը՝ խուսափելու կատարել նոյեմբերի իննի պարտավորությունները, անիմաստ են։ Ստացվում է, որ խաղաղության պայմանագիր չկա, ուղղակի Նիկոլ Փաշինյանը «հայրենասիրական գրառումներով» հող է նախապատրաստում նոր պատերազմի համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ