Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ լեզվաբանների ստեղծած բառարանը ստանձնելու է գրական հայերենի քերականությունը նորմավորողի դերը․ տեղի է ունեցել հանրապետական գիտաժողով

Հոկտեմբեր 24,2022 16:56

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ «Արդի հայերենի քերականության հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովում հետազոտություններ են ներկայացրել հանրապետության ականավոր լեզվաբաններ՝ գիտակրթական տարբեր հաստատություններից։

Հոկտեմբերի 22-23-ն անցկացված գիտաժողովը նպատակ ուներ քննարկությամբ վերլուծելու արդի հայերենի քերականական, մասնավորապես ձևաբանական համակարգում տեղի ունեցող զարգացումները և փոփոխությունները, նորմավորման հստակ սկզբունքներով հիմնավորելու գրական լեզվում տեղաշարժերը։ Գիտաժողովի քննարկման արդյունքները կօժանդակեն ուսումնական քերականական բառարանի կազմման աշխատանքներին: Գիտաժողովում ներկայացված զեկույցներին հաջորդել են ծավալուն և բովանդակալից քննարկումներ, որտեղ նշանավոր լեզվաբաններն անդրադարձել են արդի հայերենի քերականական զուգաձևություններին, ընդունելի և ոչ ընդունելի ձևերին, շարունակ զարգացող և փոփոխվող լեզվի քերականական տեղաշարժերին և այլ հարցերի։


Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» անցկացված գիտաժողովի սկզբում հնչել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղերձը, որտեղ ԵՊՀ ռեկտորը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպման համար,  ընդգծել էր այսօրինակ գիտաժողովների էական դերը և մատնանշել համալսարանում գիտական գործունեության կարևորությունը։

«Գիտաժողովները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն մտքեր արտահայտելու, հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, այլև գործակցային նոր կապեր հաստատելու, իրականացվող ծրագրերն է՛լ ավելի ընդլայնելու համար։ Ամեն գիտաժողով նորանոր գաղափարների հղացման և իրագործման մի սկիզբ է»,- ասված էր ԵՊՀ ռեկտորի ուղերձում։

Անդրադառնալով քննարկման առարկա բառարանի կարևորությանը՝ ԵՊՀ ռեկտորը նշել էր․ «Վստահաբար այն լինելու է յուրօրինակ տեղեկատու բառի ձևաբանական հատկանիշները ճշգրտելու, գրավոր խոսքը քերականորեն ճիշտ կառուցելու համար, և որ ամենակարևորն է, այն հավասարաչափ գործածելի է լինելու ինչպես ուսուցանողի, այնպես էլ սովորողի համար»։

ԵՊՀ ռեկտորը առանձնահատուկ կարևոր էր համարել այն, որ գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորում անցած «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան» թեմայի շրջանակում:


ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․դ․, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը ողջունել է ներկաներին, ընդգծել գիտաժողովի և դրա շրջանակում քննարկվող թեմաների կարևորությունը՝ մասնակիցներին մաղթելով բեղուն և արգասաբեր աշխատանք։

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, ներկայացնելով «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան» գիտական թեմայի շրջանակում կատարված աշխատանքների ընթացքը և ստեղծվող բառարանի կիրառական և տեսական կարևորությունը, նշել է. «Բառարանը ներկայացնելու է բառաձևի ամբողջական նկարագիրը։ Դա շատ կարևոր է և՛ զուտ գործնական-հաղորդակցական տեսակետից, և՛ տեսական առումով․ նախ՝ կարևոր է այն, որ սովորական ընթերցողը ձեռքի տակ կունենա մի բառացանկ, որով կկարողանա իր համար ճշտել գրական կանոնական քերականական ձևերը՝ հոլովաձև, հոգնակիի կազմություն, խոնարհման կառույցներ և այլն ապահովելու համար իր գրագետ հաղորդակցումը միջավայրի հետ։ Երկրորդ՝ այսպես կոչված տեսական կարևորությունն այն է, որ բառարանը, լինելով այդպիսին, կունենա նաև զուտ բանասիրական նշանակություն. մասնագետը հնարավորություն կունենա ակադեմիական մակարդակում օգտագործելու քերականական զարգացումների վերաբերյալ բառարանում արձանագրված նյութը»։

Յու․ Ավետիսյանն ազդարարել է գիտաժողովի մեկնարկը և ներկայացրել «Քերականական բառարան. ձևավորման և կառուցվածքի սկզբունքներ» թեմայով զեկույց, որտեղ անդրադարձել է ստեղծվող բառարանի կազմման սկզբունքներին, կառուցվածքային առանձնահատկություններին, նպատակներին և կիրառելիությանը։ Նա մասնավորապես ասել է, որ բառարանը մեծապես կնպաստի գրական արևելահայերենի քերականության մշակմանը և կիրառական նշանակություն կունենա ինչպես մասնագիտական հանրույթի, այնպես էլ հասարակության լայն շերտերի համար։

Անդրադառնալով բառարանի կարևորագույն առանձնահատկություններից մեկին՝ հայերենի քերականության նորմավորմանը նպաստելուն՝ Յու․ Ավետիսյանն ասել է․ «Բառարանն արձանագրելու է գրական լեզվի տեղաշարժերը. նշվելու են թեքվող բոլոր այն ձևերը, որոնք գործող զուգաձևեր են։ Ավելին, բառարանն ունենալու է նորմավորող նշանակություն՝ մատնանշելով լեզվի զարգացման հնարավոր ուղիները։ Այս իմաստով՝ բառարանը մի զգալի չափով ստանձնելու է գրական հայերենի քերականությունը նորմավորողի պատասխանատու դերը»։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի փոխդեկան, բ․գ․թ․, դոցենտ Արտաշես Սարգսյանը ներկայացրել է «Անգործածականությունը որպես բառաձևերի բնորոշման հիմնախնդիր» թեմայով զեկույց, որտեղ անդրադարձել է բառերի անգործածականությամբ պայմանավորված՝ քերականական ձևերի կազմության և գոյության հարցերին։

ԵՊՀ դոցենտը, մեզ հետ զրույցում անդրադառնալով բառարանի ստեղծման նպատակին, ասել է. «Բառարանի նպատակն այն է, որ ներկայացվեն բառերն իրենց քերականական հատկանիշներով, հատկապես այն բառերը, որոնք կարող են ընթերցողի, սովորական օգտվողի, նաև մասնագետի համար ներկայացնել ինչ-որ դժվարություն: Փորձում ենք այդ մոտեցումները ճշտելով ներկայացնել այդ բառերը: Դժվարություններ լինում են, քանի որ տարբեր հարցերի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ»:

Լեզվաբանը նշել է, որ բառարանում շեշտը դրվում է բառի քերականական իրողությունների վրա, այսինքն՝ որ բառն ինչ քերականական կարգեր ունի կամ չունի, և ինչպես է դա արտահայտվում:

«Գործնական առումով սա կարևորվում է նրանով, որ եթե բառի մասին հնարավոր է տեղեկություն ստանալ բառարանից ուղիղ ձևով, իսկ թեքված ձևերի մասին սովորաբար բառարաններում քիչ է լինում (նշվում է հոլովման տիպը կամ հոգնակիի կազմությունը), ապա այս դեպքում բերվում են բոլոր ձևերը: Հիմնականում ընդգրկվում են այն բառերը, որոնք և՛ համագործածական են, և՛ ունեն քերականական ինչ-որ առանձնահատկություններ: Եթե բառի քերականական հատկանիշները օրինաչափ են, ապա ներկայացվում են տիպար ձևով, որպեսզի բառարանի ծավալը չմեծանա, իսկ եթե շեղումներ կան, օրինակ՝ անկանոն բայեր են, ապա տրվում են բոլոր ձևերը»։

ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Լիանա Սարգսյանը, ներկայացնելով «Ձևաբանական նշագրումները արդի հայերենի բառարաններում» թեմայով զեկույց, ընդգծել է, որ թեև քերականական առանձին բառարաններ չեն ստեղծվել, սակայն բացատրական և ուղղագրական բառարաններում նշագրումներ եղել են։ Բանախոսը ներկայացրել է՝ որքանով են դրանք համապատասխանում արդի լեզվի որակներին, որքանով են նպատակահարմար գործածության համար, ինչ թերություններ ու բացթողումներ կան և այլն։ Ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ընդգծել է ստեղծվող բառարանի կարևորությունը և դրա անփոխարինելի դերն ու նշանակությունը։

ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Աննա Աբաջյանը հանդես է եկել «Որ, թե շաղկապների բազմագործառութային դերը» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով հիշյալ շաղկապների կիրառական առանձնահատկություններին։ Բանախոսը նշել է, որ արդի հայերենի որ, թե շաղկապներն իրենց գործածության հաճախականությամբ, այլ խոսքի մասեր կազմելու ունակությամբ, ամենատարբեր հարաբերություններ արտահայտելու, իրենց միջոցով խոսքիմասային տարարժեքություն ունեցող բառերի խոսքիմասային պատկանելությունը տվյալ նախադասության մեջ ճշտելու, ներխոսքիմասային տեսակ առանձնացնելու, իմաստային նրբերանգներ դրսևորելու օժտվածությամբ և ճկունությամբ, խոսքի ոճավորում արտահայտելու յուրահատկությամբ բացառիկ տեղ են գրավում հայերենում:

Գիտաժողովի նիստերի նախագահողներն էին բ․գ․դ․, պրոֆեսոր Յու․ Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ. Լավրենտի Հովհաննիսյանը։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում լեզվաբանները քննարկել են նաև հայերենի շարահյուսության վիճարկելի որոշ խնդիրներին, ժամանակակից հայերենի ձևաբանական տիպաբանությանը, խոսքի մասերի դասակարգմանը, արդի արևելահայերենում բայական փոխանցումների պատմական զարգացմանն ու գրաբարից ժառանգված հոլովական զուգաձևությունների զարգացմանը, գրական արևելահայերենում գոյականի հոգնակիակազմության անկանոնության դրսևորումներին, տերմինների խոսքիմասային պատկանելիության խնդիրներին, հարադիր բայերի լրացումառության առանձնահատկություններին, դարձվածքներում բայերի լրացումառությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ գիտաժողովին ներկա են եղել և քննարկումներին մասնակցել են նաև հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներ և այլ հյուրեր։

Հիշեցնենք, որ վերջերս գիտական թեմայի և ստեղծվող բառարանի վերաբերյալ զրուցել էինք թեմայի ղեկավար Յու․ Ավետիսյանի հետ։

Գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակիցներն են Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն:

ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31