Ռազմավարությունում սոցիալական առումով գործազրկությունից ապահովագրվելու մեխանիզմների մասին նշված է, բայց երբ կարդում ես ռազմավարությունը՝ թելը կտրվում է, քանի որ որևէ քայլ նախատեսված է չէ այս մասով: Այս մասին այսօր նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը՝ Մեդիա կենտրոնի կազմակերպած «Պաշտպանվա՞ծ է աշխատանքային իրավունքը Աշխատանքի պաշտպանության նոր ռազմավարությամբ» թեմայով քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, թեպետ ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարություն-քաղհասարակություն փոխհարաբերություններում որոշակի առաջընթաց կա, այնուամենայնիվ շատ դեպքերում քաղհասարակության ներկայացրած թեմաներն ու առաջարկները տեղ չեն գտնում կարգավորվող օրենսդրությունում: Նա դրական համարեց, որ պետությունը ռազմավարության միջոցով թիրախավորել է աշխատանքի իրավունքին վերաբերող շատ կարևոր խնդիրներ, սակայն հաճախ չի ամրագրել դրանց լուծման ուղիները: «Աշխատանքի և սոցիալական պաշտպանվածության ռազմավարությունը, երբ դիտարկում ենք միայն աշխատանքի իրավունքների պաշտպանության տեսանկյունից, թերի է՝ թերի է առկա բոլոր կարևոր խնդիրների ամրագրման, դրանց առնչությամբ լուծումների տրամադրման առումով, թե կոնկրետ ի՞նչ միջոցառումների խումբ է առաջարկում պետությունը:
Ռազմավարությունում շեշտվում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասով պետք է նպաստավոր մեխանիզմներ ներդրվի, բայց, թե ինչ մեխանիզմներ՝ հստակեցված չէ», նշեց Հակոբյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեպետ ռազմավարությունը նախատեսում է սոցիալական առումով գործազրկությունից ապահովագրվելու մեխանիզմներ ներդնել, բայց «Ռազմավարության ելքային տվյալների դաշտում որպես խնդիր նշված է, ինչը շատ կարևոր է՝ ռիսկային աշխատանքների դեպքում, ռիսկերից պաշտպանվածության, մասնագիտական հիվանդություններից պաշտպանվածության, եկամտային հարկի ներդրմամբ պայմանավորված ապահովագրության մեխանիզմ, բայց երբ կարդում ես ռազմավարությունը՝ թելը կտրվում է, քանի որ որևէ քայլ նախատեսված է չէ այս մասով: Այդ առումով դրական կլիներ, եթե որևէ միջոցառում նախատեսված չէ, ապա որպես խնդիր կամ նպատակ չառանձնացվի, քանի որ հետո ռազմավարությանը պետք է հետևի միջոցառումների ծրագիրը և հետագայում ռազմավարության քայլերի իրականացման մշտադիտարկման առումով ավելի արդյունավետ կլինի»:
Կարդացեք նաև
Գործնականում առկա խնդիրների մասով էլ նա բերեց ամենատարածված օրինակը՝ աշխատանքային իրավահարաբերություններում փաստացի աշխատող, բայց չգրանցված աշխատողների իրավահարաբերությունների խնդիրը, որի լուծման ուղղությամբ ևս բանախոսի խոսքով, Ռազմավարությունում որևէ գործուն քայլ նախատեսված չէ:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից