Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էրիկ Ալեքսանյանի կալանավորման նպատակը բացառապես նրան լռեցնելն է». Ժիրայր Ղարագյոզյան

Հոկտեմբեր 24,2022 15:54

«Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էին փաստաբաններ Աննա Ծառուկյանը, Ժիրայր Ղարագյոզյանը, Լուսինե Վիրաբյանը։

«Մենք այսօր չենք խոսելու Էրիկ Ալեքսանյանի կալանավորման պայմանների մասին, նրա նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, որովհետև չունենք նման լիազորություն, չունենք նաև տեղեկատվություն։ Մենք հավաքվել ենք քննադատելու փաստաբանի նկատմամբ կալանավորում կիրառելու պրակտիկան»,-  հայտարարեց փաստաբան Աննա Ծառուկյանը’ հավելելով, որ հնչեղ գործերով ներգրավված, հաղթած փաստաբանին կալանավորելը խախտում է նաև նրա պաշտպանյալների իրավունքները։

Աննա Ծառուկյանը հայտնեց, որ փաստաբանին անմիջապես դատարանի դիմաց ձերբակալելուց հետո քաղաքացիները տարակուսանք են հայտնել առ այն, որ եթե փաստաբանի հետ են նման բիրտ կերպ վարվում, էլ իրենք ինչ հույսեր ունենան։

«Էրիկ Ալեքսանյանը գտնվում է կալանավայրում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ բացակայում են կալանքի համար օրենքով սահմանված հիմքերը, սրա նպատակը բացառապես Էրիկ Ալեքսանյանին լռեցնելն է, նրա մասնագիտական գործունեությունը խաթարելն է, սակայն լավ ճանաչելով Էրիկին կարող եմ ասել, որ չի հաջողվելու»,- նույն ասուլիսում հայտարարեց Էրիկ Ալեքսանյանի գործընկեր, փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

Նա հայտնեց, որ ԱԱԾ-ում անձնական խուզարկության ժամանակ Էրիկ Ալեքսանյանից վերցրել են նրա մեքենայի բանալիները, փաստաբանական գրասենյակի բանալիները և բջջային հեռախոսը։ Սա փաստաբանի պնդմամբ կոպտորեն խախտում է թե’ Էրիկ Ալեքսանյանի, թե’ նրա պաշտպանյալների շահերը, քանի որ գրասենյակը և հեռախոսը փաստաբանական գաղտնիքի աղբյուր են, ուստի դրանք օրենքի ուժով անձեռնմխելի էին։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանն էլ պնդեց, որ կատարվածը միայն Էրիկ Ալեքսանյանի խնդիրը չէ. «Այն դատավարական գործողությունները, որոնց համար այսօր հետապնդվում է Էրիկ Ալեքսանյանը, կատարում ենք բոլորս, հետևաբար ոչ մի փաստաբան ապահովագրված չէ, որ նույնն իր հետ տեղի չի ունենա։ Ավելին, փաստաբանի նկատմամբ նման վերաբերմունքը նաև պետության և պետականության խնդիրն է»։

Փաստաբանների փոխանցմամբ՝ դեպքի մասին երկու անգամ կոշտ հայտարարությամբ հանդես է եկել Փաստաբանական պալատը, սակայն իրենք ակնկալում են առավել մեծ ներգրավվածություն, անօրինական գործընթացի վրա առավել ուժեղ ազդեցություն։ Էրիկ Ալեքսանյանին աջակցություն են հայտնել նաև բազմաթիվ փաստաբաններ, սակայն, Ժիրայր Ղարագյոզյանի կարծիքով, հարկ է միավորվել, համախմբվել, այլապես այս առիթը բաց թողնելուց հետո ապագայում տասնապատիկ դժվար է լինելու փաստաբանների անկախությունը պահպանելը։

Ժիրայր Ղարագյոզյանը նաև հայտնեց, որ նախատեսվում է անցկացնել ստորագրահավաք և գործադուլ, որի մասին լրացուցիչ կհայտնվի։

Փաստաբանները միակարծիք են, որ Էրիկ Ալեքսանյանը որևէ ապօրինի բան չէր արել, չէր էլ պատրաստվում անել։ Հակառակ դեպքում նա կփորձեր իրավապահ մարմինների տեսադաշտից դուրս հայտնվել, մինչդեռ ձերբակալման պահին նա գտնվել է դատարանի դիմաց’ իր սովորական առօրյայում։ Բանախոսները Էրիկ Ալեքսանյանին դիմակավորված, ըստ իրենց պնդման՝ գետնին պառկեցնելով ձերբակալելը որակեցին որպես համայնքի մյուս ներկայացուցիչներին վախեցնելու փորձ։

«Ես նույնպես ներկայացրել էի Էրիկ Ալեքսանյանի պաշտպանությունը ստանձնելու դիմում, սակայն վարույթն իրականացնող մարմինը այն չի քննարկել, սակայն դա հրատապ քննարկման ենթակա հարց է։ Հենց ԱԱԾ-ի բակից զանգահարել եմ ոստիկանություն և ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է, սակայն այդ հաղորդումս ևս արձագանք չի ստացել։ Սա քաղաքական ճնշման դրսևորում է»,- հայտնեց Ղարագյոզյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31