Լրահոս
Օրվա լրահոսը

«7 օր իրավապահները չեն գտնում դրանց, իսկ Սոս Ջանիբեկյանի եւ Արմեն Մարտիրոսյանի դեպքում անմիջապես գտան, կալանավորեցին»

Հոկտեմբեր 24,2022 15:40

«Մինչեւ օրս որեւէ մեկը բերման չի ենթարկվել կամ կալանավորվել։ Ասում եք՝ բռնություն, բայց դա մահափորձի ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողություն էր։ Օրը ցերեկով, չդիմակավորված անձինք էին՝ առանց որեւէ խոսք ասելու։ Դարանակալել են, սպասել եւ հետեւից հարձակվել, հարվածներով ինձ տապալել։ Գետնին ընկած՝ այլեւս ի վիճակի չէի դիմադրություն ցույց տալ, եւ հարվածում էին միայն գլխին։ Այսինքն, առնվազն նպատակ են ունեցել ծանր հետեւանք հասցնող վնաս տալ կամ սպանել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Անկախության շարժման» հիմնադիր, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով իրեն երկու անձանց կողմից ծեծի ենթարկելու դեպքին։

«Երեւանում մեծ քանակի տեսաձայնագրող սարքերի, արագաչափերի առկայության պայմաններում յոթ օր է անցել, բայց ՀՀ իրավապահ համակարգը՝ ոստիկանություն, քննչական, ԱԱԾ, դեռ ոչ մի մարդու չի գտել։ Շատերը կհիշեն, որ 2021թ․ փետրվարին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ երթ էր գլխավորում, երբ պատուհանից մեկը ռեպլիկ էր հնչեցրել, ասաց՝ «հանգստացի, քո հետեւից կգան»։ Հետո մամուլում տեղեկություն տարածվեց, որ այդ երիտասարդը բռնության է ենթարկվել։ Ստացվում է, որ հանցագործության պատվիրատու է։ Դիմադրության շարժման մասնակիցներից մեկը պլաստիկ շիշ էր նետել «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանի վրա, եւ նույն օրը երթի բազմության միջից այդ մարդուն հայտնաբերեցին ու կալանավորեցին։ Դերասան Սոս Ջանիբեկյանին երթի մասնակիցները վիրավորական արտահայտություններ էին ասել, եւ նույն օրը իրավապահները պարզել էին, թե ովքեր էին եւ ձերբակալել։ Իսկ իմ դեպքում յոթ օր իրավապահ համակարգը չի կարողանում գտնել»,-համեմատություններ արեց Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ ոստիկանության, ՄԻՊ-ի կայքերում որեւէ անդրադարձ չի եղել իր հետ կապված միջադեպին․ «Իսկ քննչական կոմիտեն, առանց ունենալու դատաբժշկի եզրակացությունը, կատարվածը որակել է որպես թեթեւ մարմնական վնասվածք պատճառող գործողություն։ Այդ իրավապահ մարմինները ենթակա են Նիկոլ Փաշինյանին։ Այդ դեպքից մեկ օր առաջ այստեղ խոսել եմ այն մասին, թե ինչ էր անում Աննա Հակոբյանը պատերազմից առաջ եւ հետո։ Ես հակված եմ մտածելու, որ այս հանցանքն ունի պատվիրատուներ։ Ու անելուց հետո դրանք հանգիստ գնացին, այսինքն, վստահ էին, որ չեն պատժվելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31