Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի ռազմական գործողություններից հետո ՊՆ-ն Հայաստանի տարածքային կորուստների մասին տեղեկություններ չի տրամադրում

Հոկտեմբեր 24,2022 15:16

«Ջերմուկում ռազմական գործողությունների դադարումից հետո, Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական խմբերը ակտիվ ամրաշինական աշխատանքներ են վարում, ճանապարհներ են կառուցում». Aravot.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը

Կարեն Վրթանեսյան

-ՊՆ-ն կամ պետական որեւէ այլ կառույց մինչ օրս հստակ տեղեկություն այդպես էլ չի հրապարակել, թե սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակման արդյունքում, որքա՞ն տարածք է բռնազավթել ՀՀ-ից: Ավելին, տարբեր հարցումներին ի պատասխան, ՊՆ-ից ասել էին, որ դա պետական գաղտնիք է եւ չեն կարող հրապարակել: Ինչո՞ւ կամ ինչպե՞ս կարող է նման տեղեկատվությունը պետական գաղտնիք լինել: ՊՆ-ի նման գործելաոճն ինչպե՞ս կորակեք: Ի դեպ, հստակ տեղեկություններ չեն տրամադրվել նաեւ 2020 թվականի պատերազմից հետո բռնազավթված տարածքների մասին առհասարակ:

-Տարածքային ու դիրքային կորուստների մասին տեղեկությունները «պետական գաղտնիք» որակելն առնվազն անհեթեթություն է, թշնամին հո՞ շատ լավ գիտի, թե ի՞նչ է գրավել և որտե՞ղ է դիրքավորված։

Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում և այլ պետություններում էլ շատ լավ գիտեն, թե որտեղ են դիրքավորված ադրբեջանցիները, քանի որ բարձր որակի արբանյակային լուսանկարներն այսօր հասանելի են ցանկացած պետությանը։

Այսպիսով, ստացվում է, որ այդ իբր «պետական գաղտնիքը» իրականում գաղտնիք է միայն ու միայն Հայաստանի շարքային քաղաքացիների համար, այլ ոչ թշնամու կամ օտարների։

ՊՆ-ի նման գործելաոճը միայն մեկ պատճառ ունի. ՀՀ իշխանության գլխին նստած խումբը ամեն կերպ փորձում է թաքցնել Հայաստանի կորուստների մասին տեղեկությունները հայ ժողովրդի լայն շերտերից, որովհետև դա կարող է բերել լուրջ դժգոհությունների, ընդհուպ մինչև իշխանափոխություն։ Նույն պատճառով էլ, իշխանական քարոզչությունը սպասարկող բազմաթիվ մեդիահարթակներ սեպտեմբերի 13–14-ի մարտերը ներկայացրին որպես հայկական զինուժի հաղթանակ, այնինչ, իրականում, ահռելի մարդկային ու տարածքային կորուստներ ենք ունեցել։

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «ՊՆ-ն հրաժարվում է հայտնել, թե քանի քառակուսի կմ ՀՀ տարածք է օկուպացրել Ադրբեջանը սեպտեմբերի 13-14 հարձակման արդյունքում։ Ըստ ՊՆ-ի՝ տեղեկատվությունը «պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք»։ ՊՆ-ն չի հայտնում նաև Ջերմուկի մոտակայքում գտնվող ադրբեջանական խմբի ճակատագրի մասին (էն որ պետք է հետ քաշվեր՝ «առանց ջուր ու սնունդ»)»։

-Նման որակումն արդյոք վկայո՞ւմ է, որ Հայաստանն Ադրբեջանին պահանջ չի ներկայացնելու բռնազավթված տարածքները վերադարձնելու:

-Չեմ կարող ասել։ Չեմ կարծում, որ ուղիղ կապ կա այս երկուսի միջև։

-Երբ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը զենք չունի, որ գումարը տվել են, ռազմավարական գործընկերը զենք չի տվել, երբ, օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ, որ վարչապետը «ինքնաբուխ զորահավաք» էր հայտարարում՝ կոչ անելով տներից զրահաբաճկոն, սաղավարտ վերցնել, հավաքվել իքս տեղում ու մեկնել ռազմաճակատ եւ այլն, սրանք ի՞նչ են:

– Իմ կարծիքով, այս բոլոր երևույթները զուտ ապիկարության կամ հիմարության հետևանք չեն կարող լինել, ինչպես հաճախ են փորձում ներկայացնել, քանի որ անհնարին է, որ մարդը կամ համակարգն այդքան ապիկար լինելով՝ միաժամանակ վիրտուոզ կերպով պահի իշխանությունն ամենադժվարին իրավիճակներում։ Ես հակված եմ, որ սա հետևողական ու կանխամտածված գործողություններ են Հայաստանի անվտանգության համակարգերը ոչնչացնելու, Հայաստանը թշնամի Թուրքիայից և Ադրբեջանից լիակատար կախման մեջ գցելու նպատակով։

Համենայնդեպս, այլ տրամաբանական բացատրություն չեմ գտնում։

– Ի դեպ, Ջերմուկի մոտակայքում հայտնված ադրբեջանական դիվերսիոն խմբի ճակատագրի մասին էլ հստակ տեղեկություններ չեն տրամադրվում: ԳՇ պետն ասում էր՝ կսովածանան՝ կգնան. մամուլում տեղեկություն եղավ, որ Հայաստանը մարդասիրական միջանցք է տրամադրել եւ նրանք հեռացել են, դուք որեւէ տեղեկություն ունե՞ք այդ խմբի ճակատագրի մասին:

-Որքանով ես եմ տեղյակ, ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո որևէ ադրբեջանական խումբ մեզնից գրաված որևէ դիրքից չի նահանջել, չի հեռացել։ Հակառակը՝ շատ ակտիվ ամրաշինական աշխատանքներ են վարում, ճանապարհներ են կառուցում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31