Հոկտեմբերի 24-28-ը UWC Դիլիջանի քոլեջում անցկացվում է «Վիճակագրական մեխանիկան և դրա կիրառությունները» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (ԳՀԱԿ) հետ համատեղ՝ ի դեմս «Պոնսլե միջառարկայական գիտական կենտրոն» միջազգային հետազոտական լաբորատորիայի:
UWC Դիլիջանում անցկացվող միջազգային հնգօրյա գիտաժողովին մասնակցում են Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած վիճակագրական մեխանիկայի ոլորտի առաջատար հետազոտողներ: Մասնակիցների ցանկը հասանելի է այստեղ: Օրակարգում են ժամանակակից մաթեմատիկայի և ֆիզիկայի հետևյալ թեմաները.
դասական և քվանտային համակարգերի վիճակագրական մեխանիկան,
պատահական մատրիցները և անկանոն համակարգերը,
Կարդացեք նաև
կոմպլեքս համակարգերը և ցանցերը:
Հատուկ ուշադրության են արժանանում միջառարկայական կիրառությունները:
«Ուրախ եմ, որ միջազգային փորձի փոխանակման նման հարթակ ունենք, և տարբեր երկրների առաջատար մասնագետներ հնարավորություն ունեն տեղեկանալու գիտության աշխարհի վերջին զարգացումներին»,- նշեց գիտաժողովի կազմակերպիչ և Տեսական ֆիզիկայի և վիճակագրական մոդելների լաբորատորիան ներկայացնող Սերգեյ Նեչաևը:
Կազմակերպիչները խրախուսում են գիտաժողովի մասնակիցների և UWC Դիլիջանի քոլեջի ուսանողների ոչ պաշտոնական շփումը։ Գիտաժողովի ընթացքում նախատեսվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանրային դասախոսություններ: Կազմակերպիչներն ակնկալում են, որ գիտաժողովը նշանակալից միջազգային իրադարձություն կդառնա Հայաստանի գիտական կյանքում` էական գիտական և կրթական ազդեցությամբ:
«Այս գիտաժողովը ինձ և աշխարհի տարբեր երկրներից ժամանած տասնյակ գիտնականների համար հրաշալի հարթակ է վիճակագրական մեխանիկայի ոլորտի զարգացումներին ծանոթանալու համար: Հպարտ եմ, որ այս միջոցառումը տեղի է ունենում հենց Հայաստանում, և ինձ համար պատիվ է իմ երկիրը ներկայացնել գիտաժողովին»,- նշեց պրոֆեսոր Արա Սեդրակյանը Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից:
«UWC Դիլիջանի համար պատիվ է հյուրընկալել Պոնսլե կենտրոնի գիտաժողովը և աշխարհի հայտնի համալսարանների գիտնականներին: Որպես Հայաստանի և տարածաշրջանի առաջին՝ UWC կրթական մոդելով գործող միջազգային դպրոց, որը հանձնառու է կրթական գերազանցության և նպատակ է հետապնդում նպաստել Հայաստանի զարգացմանը՝ մենք ուրախ ենք այսկերպ մեր ներդրումն ունենալու հայաստանյան գիտական կյանքի առաջընթացին»,- UWC Դիլիջանի տնօրեն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը:
Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասին
Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնն աշխարհի առաջատար գիտահետազոտական հաստատությունների շարքում է: Կենտրոնի գիտնականները զբաղվում են կենդանի աշխարհի, նյութերի, տիեզերքի և մարդկային հասարակությունների գործունեության ուսումնասիրություններով՝ այսօրվա և վաղվա մարտահրավերներին դիմագրավելու համար: Կենտրոնը միջազգայնորեն ճանաչված է իր գիտական հետազոտությունների գերազանցության համար՝ թե ոլորտում և թե հանրության շրջանում:
UWC Դիլիջանի մասին
UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում էUWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 35 ուսուցիչ՝ 15 երկրից։
UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 80% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։
UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:
UWC Դիլիջանն արդեն իսկ ունի շրջանավարտների յոթ սերունդ (2016-2022թթ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի առաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Սթենֆորդի համալսարանում, Հարվարդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Յեյլի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուքի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն:
UWC Դիլիջան