Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է՝ Արմեն Գրիգորյանի գործն այստեղ որևէ առնչություն չունի. պետք է իմանանք՝ ինչ է ի վերջո կատարվել». Ռուբեն Մելիքյանը՝ Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման մասին

Հոկտեմբեր 24,2022 13:45

«Դեռ գտնվում ենք նախնական դատալսումների փուլում, այսինքն՝ դեռ որոշվում է հիմնական դատալսումների համար նախապատրաստումը, ապացույցների հետազոտման ծավալը և այլն: Հիմնական քննարկումը վերաբերում է նոր ու հին քրեական օրենսգրքերի տարբերություններին: Եվ մենք փորձում էին հասկանալ՝ ի վերջո ինչի՞ դեմ մենք պաշտպանվենք՝ հի՞ն, թե՝ նոր օրենսգրքի ձևակերպումների»,- Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում (դատավոր Մնացական Մարտիրոսյան) Արմեն Գրիգորյանի գործով տեղի ունեցած դատական նիստի մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Մոտ մեկուկես ժամ տևած դատական նիստին ներկայացել էր դատախազության ներկայացուցիչները: Ռուբեն Մելիքյանն ասաց՝ իրենց համար կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս ընկալեն՝ դատախազությունն ինչո՞վ է մեղադրում Արմեն Գրիգորյանին ու շարունակեց. «Կարևոր է ընկալենք՝ ինչով են մեղադրում Արմեն Գրիգորյանին այն բանից հետո, երբ նոր քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտավ և մեղմացնող նշանակություն ուներ նոր քրեական օրենսգիրքը հնի համեմատ: Նոր դատախազ է նշանակված: Դատախազությունը շարունակում է պնդել իր դիրքորոշումը, ինչը, իհարկե, կարելի է ընկալելի համարել այն առումով, որ ի վերջո մարդ է մահացել, և նրանք մինչև վերջ պայքարելու են ապացուցելու համար, որ իրենք որևէ սխալ բան չեն արել: Եվ որքան նրանց համար է դա սկզբունքային, բազմապատիկ անգամ մեզ համար»:

Փաստեցինք՝ Արմեն Գրիգորյանի կալանքի որոշումը կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորված է: Շատերը նրա կալանքի առիթով ասում են՝ դատավճիռը չուշացավ: Այնուհետև փաստաբանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում՝ դատավորի կալանքն ա՞յս համատեքստում է պետք դիտարկել, թե՞ այլ: Նա պատասխանեց. «Ես այս պահին ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրանքը որևէ առնչություն չունի Արմեն Գրիգորյանի գործի հետ: Ընթանում է նախաքննություն: Միակ բանը, որ կուզեի ասել՝ մենք՝ որպես հանրություն իրավունք ունենք իմանալու՝ ի վերջո այն փաստերը, որոնց հիման վրա մարդը ձերբակալվել, հետո կալանավորվել է: Նույն գործով է անցնում նաև իմ գործընկեր փաստաբանը, որին ես շուտափույթ ազատ արձակում եմ մաղթում: Հանրությունն իրավունք ունի հասկանալ՝ ի վերջո ինչի՞ համար են այս մարդիկ ձերբակալվել, հետո կալանավորվել: Հակառակ դեպքում ես ստիպված եմ հավատալ այն պնդումներին, որ կատարում է պաշտպանության կողմը, որ մասնավորապես՝ փաստաբանին, որ պնդում է՝ փաստաբանը կալանավորվել է միջնորդություն կատարելու համար իսկ դա, իհարկե, անընդունելի է: Այստեղ նախաքննական գաղտնիքը շատ ավելի փոքր նշանակություն ունի, քան հանրության տեղեկացվածության իրավունքը: Մենք էլ հասկանանք՝ այստեղ ո՞րն է ճիշտն ու սխալը: Չի կարող լինել այնպիսի բան, որ դատավորը, փաստաբանը, դատավորի օգնական երիտասարդ աղջիկը կալանավորվեն, և հանրությունն այդպես էլ չհասկանա՝ ի վերջո ինչո՞ւ կալանավորվեցին: Հանրությունն իրավունք ունի իմանալ ոչ միայն իրավական գնահատական, այլև փաստեր»:

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այս հարցում միանում է ՀՀ Փաստաբանների պալատի հայտարարությանը:

Մեր հարցին՝ չե՞ք բացառում, որ Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումը կապ ունի Արմեն Գրիգորյանի գործի հետ, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Բացառում եմ: Ակնհայտ է, որ Արմեն Գրիգորյանի գործն այստեղ որևէ առնչություն չունի, բայց մենք պետք է իմանանք՝ ինչ է ի վերջո կատարվել»:

Արմեն Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 10.30-ին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31