Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնելիությունը՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առանցքային գործոն․ ծնելիության գումարային գործակիցը ՀՀ-ում 1.656 է, Ադրբեջանում՝ 1.86, Վրաստանում՝ 1.75»

Հոկտեմբեր 24,2022 13:04

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն իր կարևորությամբ հրատապ լուծումներ պահանջող հիմնական մարտահրավերներից է, որին արդյունավետ, ժամանակին և համակարգված արձագանքումը հանդիսանում է պետության և հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը:

«Հերացի» վերլուծականը մեկնարկում է ժողովրդագրական հարցերին նվիրված հրապարակումների շարք, որի նպատակն է նպաստել հանրության շրջանում դեմոգրաֆիկ խնդիրների արդիականության վերաբերյալ միասնական ընկալման ձևավորմանը:

Ծնելիությունը բնակչության աճի համար առանցքային նշանակություն ունի: Վերջերս, Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցը վկայում է, որ ծնելիության մակարդակի նվազման միտումը կրում է գլոբալ բնույթ և մոլորակի բնակչության 2/3-ը ապրում է երկրներում, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է 2.1-ից, որը համարվում է բնակչության պարզ վերարտադրություն ապահովող նվազագույն շեմը: Մասնավորապես՝ Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, գործակիցը կազմում է 1.5:

Հայաստանյան ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.656, այն երկու տասնամյակից ավել զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից (2.1), ինչը վտանգավոր է երկրի բնակչության թվաքանակի հետագա բնական կրճատման տեսանկյունից: Հարկ է նշել, որ հայաստանյան գործակիցը ցածր է նաև հարևան պետությունների համանուն ցուցանիշներից. այսպես՝ Ադրբեջանում այն կազմում է 1.86, իսկ Վրաստանում՝ 1.75:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2021 թ. ծնվել է 36585 երեխա, որը որոշակի ավելին է նախորդ տարիների տվյալներից, սակայն 1115-ով ցածր է 2017թ. ծնվածների թվից: Հարկ է նշել, որ ծնունդների թվի բացասական դինամիկան, բացառությամբ 2000-ականների կարճ ժամանակահատվածի, պահպանվում է արդեն ավելի քան 30 տարի, և 1990թ. ծնվածների թիվը շուրջ 2.2 անգամ գերազանցել է 2021թ. ծնվածներինը:

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումների, որը համարվում է ժողովրդագրական հարցերով զբաղվող առավել հեղինակավոր կառույցներից մեկը, Հայաստանում ծնունդների թիվը 2050թ.-ին կարող է նվազել մինչև 24.000, իսկ ծնելիության գումարային գործակիցը կկազմի 1.6:

Վերոնշյալի և մի շարք այլ գործոնների ազդեցության արդյունքում մեր երկրի բնակչության թիվը 30 տարի հետո կարող է լինել ընդամենը շուրջ 2,6 միլիոն բնակիչ:

Իհարկե, այս ամենը կանխատեսումներ են, որոնք մեծապես հիմնված են ընթացիկ զարգացումների վրա, և հարցին մասնագիտական և համալիր մոտեցում ցուցաբերելու դեպքում, մեր ուժերի մեջ է փոխել բացասական զարգացումները՝ առաջիկա տասնամյակները դարձնելով բնակչության թվի աճի ժամանակաշրջան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31