Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկը երբ նշում է «գերի ընկած և զոհված Դավիթ Գիշյանը», թող չալարի և գրի իրականությունը»․ Մարիա Գիշյան

Հոկտեմբեր 24,2022 12:12

Հակառակորդի դեմ կռիվ տված, իր փրկության հնարավորությունը անտեսած, ընկերոջը օգնելու համար թշնամուն միայնակ դեմ հանդիման գնացող և դրա արդյունքում գերեվարված Դավիթ Գիշյանի քրոջ՝ Մարիա Գիշյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ եղբորս մահվան մասին հաճախ շատ սխալ կամ կիսատ ինֆորմացիա է շրջանառվում՝ հարկ եմ համարում հստակեցնելը: Իմ եղբայրը՝ Դավիթ Գիշյանը, պատահական գերության մեջ հայտնված և զոհված զինվոր չէ: Իմ եղբայրը ժամեր շարունակ կռիվ է տվել, առավոտյան կողմ երբ վիճակը արդեն անելանելի է եղել՝ խումբը նահանջել է: Նկատելով, որ ընկերը չկա՝ եղբայրս զինվել է և միայնակ հետ բարձրացել դիրք՝ ընկերոջը գտնելու համար, այդ ժամանակ ազերիները արդեն եղել են մի քանի մետրի վրա: Որից հետո Դավիթը ծանր վիրավորում է ստացել և գերեվարվել: Եղբայրս գիտակցված ձևով գնացել է այդ քայլին, անձնազոհաբար փորձել է օգնել ուրիշին, որի արդյունքում էլ արնաքամ է եղել թշնամու ձեռքին և մահացել:

Տվյալ դիրքից զոհվել են միայն եղբայրս և այն տղան, ում համար Դավիթը հետ էր գնացել: Տվյալ դիրքից մնացածները ողջ են, որի համար ես շատ ուրախ եմ, այս ցավը թող ոչ ոք չտեսնի և չզգա: Եղբայրս վերջին ամիսներին միշտ նույն դիրքում է եղել, տեղանքը արտակարգ լավ գիտեր, ինձ հաճախ էր պատմում: Որևէ մեկը, երբ նշում է «գերի ընկած և զոհված Դավիթ Գիշյանը», թող չալարի և գրի իրականությունը՝ «կռիվ տված, իր փրկության հնարավորությունը անտեսած, ընկերոջը օգնելու համար թշնամուն միայնակ դեմ հանդիման գնացող և դրա արդյունքում գերեվարված Դավիթ Գիշյանը»: Դավիթ Գիշյանը, ում արյան ոչ մի կաթիլը չարժե այս հայրենիքը: Եղբայրս, որը վերջին 9 ամսում դիրքերից գրեթե չէր իջել, անձրևի, ձյան, արևի տակ դիրքում, գիշերվա ամենամութ ու ամենավտանգավոր ժամերին զենքը ձեռքին արթուն կանգնած էր:

«Հերոս զինվոր», «Հավերժ փառք» և նմանատիպ դատարկ քոմենտներ խնդրում եմ չթողնել, քանի որ այս երկրում այդ «հավերժը» զինվորի մահից հետո մի քանի օր է և մեկ-մեկ էլ կերուխումներին, երբ սնվելուց առաջ կհիշեն մի բաժակ բարձրացնել հերոս զինվորների համար և 2 րոպե հետո չեն հապաղի իրենց պարահրապարակ նետել թուրքական կլկլոցների ներքո: Քանի որ ոչ մի կերպ արդարացված չէ քո «չլինելը» և մնացածի «լինելը»: Քանի որ միշտ իմացել եմ, որ ոչ մի հայրենիք արժանի չէ 18 տարեկանի արյանը: Երկիրը այդպես չեն պահում:

Այո, հավերժ փառք իմ 19-ամյա, գեղեցիկ, բացառիկ, ազնիվ, մեծ սրտով, խելացի եղբորը, և մեր մյուս եղբայրներին: Բայց այդ հավերժ փառքին իրենք չեն արժանանալու դատարկ խոսքերի և մեկնաբանությունների արդյունքում: Եվ այո, ես անչափ մեղավոր եմ, որ շատ բան չարեցի իմ փոքր եղբորը այդ չարիքից հեռու պահելու համար:

Դու լույս էիր, անգամ մահվան մեջ ավելի լուսավոր և գեղեցիկ ես քան մենք՝ «ապրողներս»: Ծեծված «հայրենիքի համար կյանքը տված զինվոր» բնորոշումը շատ փոքր և ճղճիմ է քո համար, այդ «զինվոր» կոչումը փորձեց ստվերել քո անհատականությունը, բայց դու միշտ էլ հազարավոր անգամներ ավելին ես եղել դրանից: Ափսոս, որ այդքան պատվով էիր և մի փոքր եսասեր չեղար: Փառք քեզ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31