JAMnews. 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողություններից անմիջապես հետո Իրանը հանդես եկավ հարևան երկրների միջև սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին հայտարարությամբ։ Այս հայտարարությունն Ադրբեջանում ոչ միանշանակ ընդունվեց։ Փորձագիտական հանրությունը մեկ հարց տվեց. «Ինչո՞ւ Իրանը նման հայտարարություններ չէր անում նախորդ 30 տարիների ընթացքում, երբ Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների խախտումը ճանաչված էր ողջ միջազգային հանրության կողմից»։
Դեռևս սեպտեմբերին իրանական լրատվական գործակալությունները հայտնում էին, որ իրանական բանակը շուտով լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու Ադրբեջանի հետ սահմանին։
Այդ զորավարժությունները մեկնարկեցին հոկտեմբերի 16-ին, և դրանց ընթացքում իրանական բանակը օգտագործում է պոնտոնային կամուրջներ՝ նմանակելով Արաքս գետով ռազմական տեխնիկայի անցումը։ Նշենք, որ այս գետով է անցնում Իրանի և Ադրբեջանի միջև սահմանի մեծ մասը։
«Ադրբեջանը պետք է պարիսպ կառուցի սահմանին»
Կարդացեք նաև
Ադրբեջանցի քաղաքագետ Թուրան Ռզաևն առաջարկում է Իրանի հետ սահմանին բետոնե պարիսպ կառուցել. «Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցելու առաջարկին։ Կառուցումը կտևի մոտ չորս տարի։ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ այդ նպատակով երկրի բյուջեն կվերանայվի։
Այս քայլը պատահական չէ։ Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իր երկիրը ստիպված կլինի համարժեք պատասխան տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն։ Ըստ ամենայնի, այս կերպ Հելսինկին փորձում է պաշտպանվել Կրեմլից»։
Ռզաևի խոսքով՝ Ադրբեջանը նույնպես կարող է նման քայլի գնալ Իրանի հետ սահմանին։ Խոսքը, ըստ նրա, երկու երկրների սահմանի ողջ երկայնքով 765 կիլոմետր երկարությամբ բետոնե պարիսպ կառուցելու մասին է։
«Փաստն այն է, որ Իրանը, Արաքս գետի երկայնքով «Հզոր Իրան» խորագրով զորավարժություններ անցկացնելով և գետի վրայով պոնտոնային կամրջով ռազմական տեխնիկայի անցում նմանակելով, ցույց տվեց իր իրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։
Պաշտոնական Բաքուն պետք է համարժեք պատասխան տա։ Ֆինլանդիայի օրինակով։
Նման քայլը կարող է կանխել «սահմանների փոփոխության» դեպքում ռազմական ուժի կիրառման վերաբերյալ Իրանի սպառնալիքները, ինչպես նաև զգալիորեն նվազեցնել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այս երկրից»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: