Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիասթափության պահեր չեմ ունեցել»

Հոկտեմբեր 24,2022 13:00

Հարցազրույց մոդել, դերասանուհի Տաթեւ Եսայանի հետ

– Հարգարժան Տաթեւ, ձեր բազմաժանր ստեղծագործական գործունեությունը հավանաբար շուրջ 5 տարվա կենսագրություն ունի։ Ձեր ցուցադրություններին հեռակա ծանոթ ենք ինստագրամի ձեր էջից։ Նկատենք, որ վերջին տարիներին եղել է համավարակ, պատերազմ, մի խոսքով՝ ստեղծագործելու համար ոչ բարենպաստ պայմաններ։ Տեղեկացանք, որ ռուսաստանյան շոու-բիզնեսում արդեն ճանաչված մեր հայրենակցուհի Անաստասիա Բրուխտիի ելույթը եւ մեր երկիր օրերս կայացած այցը կապվում է ձեր անվան հետ։ Նշում են, որ երգչուհին հիթերից բացի, հիանալի էր մեկնաբանում հայկական երգերը…

– Այո, երգչուհու երեւանյան բեմելը ես եմ կազմակերպել, առաջիկայում համերգային տուրով շրջելու ենք Ռուսաստանի 14 քաղաքներում։ Այլ կերպ ասած՝ ես հանդիսանում եմ Անաստասիա Բրուխտիի տնօրենը։

– Կարելի՞ է ենթադրել, որ որպես մոդել դուք պրոդյուսերի հետ համագործակցության կարիք չունեք եւ գուցե նման անհրաժեշտություն չի էլ լինի։

– Պրոդյուսերի կարիք ունեցել եմ։ Վերջին շրջանում պրոդյուսերս է Դավիթ Ղարիբյանը։

– Այդ անունը մեզ ծանոթ է ու թեեւ գիտենք, որ որոշ ժամանակահատված գտնվել եք ԱՄՆ-ում, բայց որեւէ պրոդյուսերի հետ չեք աշխատել։ Նախ կուզեինք իմանալ՝ ինչպե՞ս սկսվեց մոդելի ձեր կարիերան, քանի որ մասնագիտությամբ տնտեսագետ եք։

– Այնպես, ինչպես դուք ասացիք, թե ինձ հեռակա ճանաչում եք ինստագրամից։ Հենց այդ հարթակից էլ ըստ էության սկսվել է իմ կարիերան։ Տեղադրել եմ լուսանկարներ, տեսահոլովակներ… Կուզեի հատկապես շեշտել ճանաչված անուն Արամ Նիկոլյանի դիզայնով արված զգեստների ֆոտոշարքը, հետո քանիցս ներկայացել եմ որպես ֆոտոմոդել երեւանյան ճանաչված սրահների ապրանքանիշերի գովազդներում եւ այլն։

– Դեռ միջազգային հարթակ դուրս չեք եկել։

– Ինչպես նշեցիք՝ համավարակ, պատերազմ ու էլի շատ տխուր իրադարձությունների պատճառով դեռ դուրս չեմ եկել։
Պատրաստվում եմ 2023թ. գարնանից սկսել միջազգային գործունեությունս, իհարկե, պրոդյուսերիս՝ Դավիթ Ղարիբյանի օգնությամբ։

– Կոնկրետ կնշե՞ք ձեր խոսքով՝ միջազգային հարթակներից մեկ-երկուսի անունը։

– Չգիտեմ՝ ես այս պահին իրավունք ունե՞մ բարձրաձայնելու, բայց վստահ եմ, որ պրոդյուսերս ներողամտորեն կվերաբերվի մեկ-երկու անուն բարձրաձայնելուն։ Դավիթի օգնությամբ պատրաստվում ենք 2023թ. մասնակցել Բուլղարիայում ավանդաբար անցկացվելիք Sofia Fashion Week-ին, որտեղ կցուցադրեմ համաշխարհային դեմքերի հագուստներ, այդ թվում՝ Allegra նորաձեւության սրահի դիզայների աշխատանքները, որը նաեւ «Վերսաչի» ապրանքանիշի դիզայներներից է։ Եթե անկեղծացել եմ, ուրեմն գնամ մինչեւ վերջ. եկող տարի Ռումինիայում կներկայացնեմ Հայաստանը՝ մոդելային հեղինակավոր մրցույթում։

– Ձեր պատասխանից դուրս մնաց ԱՄՆ-ում ապրած տարիները, հավանաբար հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերի՝ երգիչների օրինակով, դուք էլ մեկնել էիք հանգիստ երկրում կարիերա անելու։

– Ոչ։ Չեմ էլ փորձել։ Գուցե այնտեղ իրականացրել եմ կյանքիս ամենամեծ երազանքը՝ ծնվել է դուստրս՝ Անժելան, որը հիմա 11 տարեկան է։ Կրկնում եմ՝ կարիերա անելու մասին նույնիսկ չեմ մտածել։ Պատճառը մեկն է՝ հայրենիքս էր ձգում։

– Հետաքրքիր է՝ հայրենիքում հիասթափության պահեր ունեցե՞լ եք։

– Չեմ հասցրել (ժպտում է- Ս. Դ.)։ Ճիշտն ասած՝ ժամանակ էլ չեմ ունեցել, գուցե պատճառը մոդելային բիզնեսից բացի, «Երդում» սերիալում նկարահանումներն էին, որտեղ մարմնավորեցի գեներալի կնոջ կերպարը։

– Դուք մեզ հետ անկեղծ էիք, որ առանց պրոդյուսերի գիտության ներկայացրիք ձեր առաջիկա անելիքները։ Հիմա էլ թույլ տվեք մենք անկեղծանանք. այսօր տնտեսագետի մասնագիտությունը պահանջված եւ շահութաբեր է, ինչը, մեծ հաշվով, չենք կարող ասել շոու-բիզնեսի ոլորտի մասին, թեեւ այնտեղ էլ կան փոքրաթիվ մեծահարուստներ։

– Ես արդեն ընտրել եմ իմ ճանապարհը։ Ասացի, որ հիասթափության պահեր չեմ ունեցել։

– Եվ վերջին հարցը՝ հավանաբար օնլայն հարթակներում հանդիպող Tatevs ապրանքանիշը ձերն է։

– Այո, շուրջ մեկ տարի է՝ զբաղվում եմ զգեստների մոդելավորմամբ, դրանք ինքս էլ ցուցադրում եմ օնլայն հարթակում։ Հետաքրքրվողները հիմնական եվրոպական երկրներից են եւ ԱՄՆ-ից։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31