Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումներ բառի հետ

Հոկտեմբեր 24,2022 12:30

Դավիթ Մուրադյանի մի քանի տողերի իրավունքով

«Մարդն ու հողը միասին՝ Հայրենիք են: Մեկն առանց մյուսի՝ որբեր»։ Եվ հիմա հաստատ է մի բան` մարդը հողեղեն է։ Երկուսն էլ հիշողություն ունեն։ Անմրցելի հիշողություն։ Երբ վարպետիս հետ ինչ-որ գրական ստեղծագործություն ենք քննարկում, թեկուզ հեղինակային, նա միանգամից շեշտում է, որ կարեւոր է գրական հերոսի բնավորության տեսանելիությունը։ Իսկ երբ նույն բնավորությունը դառնում է հողինը, տեղի է ունենում լույսից լույս անդրադարձ, կամ` հողն է դառնում լույսի անդրադարձը։ Լույսն էլ առանց հողի որբ է…

«Ժամանակը չի անհետանում: Մնում է մարդու մեջ»։ Եվ մարդը դառնում է տուն` ժամանակի հետ առաջացած խնդիրներով, ապրումներով, ցավով… Մեր ժամանակը ցավ է։ Հայ ժամանակն է ցավ, որ կոպերը չի բացում եւ մրսում է տարվա բոլոր եղանակներին։ Մեկ-մեկ մտածում եմ` այս ժամանակից դո՞ւրս է մեր կյանքը, թե ներսուդուրս։ Այնքան խճճված է ամեն ինչ, որ ուզում ես նորից ծնվել ու զգալ թեթեւ կյանքի ժամանակը…

«Երկիրը տուն է: Եվ սկսվում է տներից»։ Սա նախորդի շարունակությունն է, որը կարդալու ժամանակ սկսում է հրետանային կրակը։ Դե, երկրի անուն տվեց Դավիթ Մուրադյանը։

Հաճախ է երկինքը մոռանում երկրին, նաեւ հակառակը։ Բայց ամեն անհաշտ պարտություն ավարտ չէ։ Այսպես նաեւ չի ավարտվում երկիրը։ Ինչ լավ է, որ կա երկիրը… եւ տունը, եթե թողնեն լինի։

«Արդյո՞ք խոսքը հավասար է կյանքին: Արդյո՞ք լռությունը ավելին է խոսքից»։ Եվ ո՞րն է խոսքի ու կյանքի շարունակությունը։ Մի՞թե լռությունը։ Սենեկան է ասել. «Ով չի կարող լռել, նա ի զորու չէ խոսել»։ Լռությունը նաեւ ահազանգ է, մերժված կամ ընդունած հրավեր եւ ոչ միշտ համաձայնության նշան։

«Որքան շատ բառ, այնքան քիչ Խոսք»։ Բառերը երբեք չեն վերջանում։ Աշխարհի վերջի պես մի բան է, բայց ավելի ուժեղ ու անխախտ։ Արտասովոր մի մարդ է, որի հետ պետք է խոսել։ Այդ խոսքը միշտ քիչ է լինում, որովհետեւ ժամանակի ծարավ էակ է, իսկ աղբյուրները հեռու են։ Հեռու…

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31