Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հայկական կողմը սեփական համաձայնությամբ ստորագրի որեւէ միջանցքի վերաբերյալ փաստաթուղթ, այդ դեպքում Իրանը կարող է որոշ անկանխատեսելի գործողություններ իրականացնել»

Հոկտեմբեր 24,2022 14:30

Ըստ իրանագետ Գագիկ Միսակյանի՝ Կապանում Իրանի հյուպատոսարանի բացումը նաեւ հստակ ուղերձ էր՝ ծավալապաշտական Բաքվի քաղաքականությանն ուղղված:

«Որոշումը կայացվել է արցախյան պատերազմից հետո, երբ Սյունիքի հանդեպ նաեւ տարածքային նկրտումներ եղան Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Սա Իրանի դիվանագիտական կորպուսի ջանքերից էր նախ, որպեսզի իրանական դիրքերն ուժեղանան Հարավային Կովկասում եւ Հայաստանում, Սյունիքին տրվեց աշխարհաքաղաքական բավականին լուրջ կշիռ»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ակնկալել Կապանում Իրանի հյուպատոսարան բացելու նախաձեռնությունից, այսպես պատասխանեց իրանագետ Գագիկ Միսակյանը:

Նրա համոզմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ ՀՀ պաշտոնական այցը նաեւ այս կապակցությամբ է: Նա շարունակեց. «Իրանը տարածաշրջանային գերտերություն է եւ որպես մեր հարեւան՝ նրա դիվանագիտական ներկայացուցչությամբ Սյունիքի կարեւորությունն է ընդգծվում: Սա նաեւ հստակ ուղերձ էր՝ ծավալապաշտական Բաքվի քաղաքականությանն ուղղված: Իրանի կողմից հրապարակային վերլուծական եւ պաշտոնական հայտարարություններում մի քանի կարեւոր կետեր են նշվում Սյունիքի հետ կապված: Նախ՝ Աբդոլլահիանի նշած քաղաքական եւ աշխարհաքաղաքական կարեւորությունը, տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների բարելավման հեռանկարը ՀՀ-ի հետ, քանի որ Սյունիքի մարզը նախ սահմանակից է Իրանի ազատ տնտեսական գոտիներից մեկին՝ Արասին եւ Իրանի ներկայությունը Կապանում կարող է խթանել հյուսիս-հարավի շինարարության մենարկին եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այսինքն՝ իրանական կողմը բավականին մեծ կարեւորություն է տալիս Կապանում հյուպատոսությանը, ինչը նաեւ վկայում է Իրանի ԱԳ նախարարի այցը մեր երկիր: Նա այցելել է ՀՀ, նաեւ Կապանում տեղում ներկա գտնվելու հյուպատոսության բացմանը: Ոչ բոլոր պետություններում է Իրանի ԱԳ նախարարը հյուպատոսության բացմանը ներկա լինում»:

Ըստ իրանագետի՝ Իրանի ԱԳ նախարարի այցը միանշանակ ընդգծում է այս հարցի կարեւորությունը իրանական կողմի համար: Նա ասաց. «Իրանից բազմաթիվ անգամներ նշել են, որ Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումն ու գործարկումը Իրանի համար բավական մեծ կարեւորություն ունի: Նաեւ Իրանը բավականին արագ իրականացրեց ե՛ւ հյուպատոսության բացման, ե՛ւ դիվանագետի ներկայացուցչության հարցը»: Հարցին՝ իսկ որո՞նք են ՀՀ-ի շահերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հայաստանի համար նույն շահերն են. ե՛ւ Սյունիքի աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդումը, ե՛ւ Իրանի հետ նաեւ դիվանագիտական հնարավորությունները, ե՛ւ շահերի համընկնումը: Լավ աշխատելու դեպքում հայկական կողմը կարող է օգտագործել այս փաստը Սյունիքի հանդեպ թշնամական պետությունների քաղաքականությունը կասեցնելու հարցում: Մյուս կողմից՝ ՀՀ-ն նաեւ կարող է փոխադարձության սկզբունքով Թավրիզում, որը տնտեսական եւ քաղաքական առումով Իրանի բավականին լուրջ կենտրոն է, ունենալ հայկական հյուպատոսություն, ինչը նախ տնտեսական առումով բավարար կարող է օժանդակել հայ-իրանական հարաբերություններին, երկրորդը՝ հնարավորություն եւ հարթակ կտա Իրանի հյուսիսային նահանգներում նաեւ պայքարելու մեր թշնամական պետությունների ներկայության դեմ»:

Փաստեցինք՝ Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց՝ տարածաշրջանում իրականացվել է շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ պիտի փոխվեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի եւ Հայաստանի միջեւ կապի հնագույն ճանապարհը, սակայն Իրանը թույլ չի տվել դա: Ու հետաքրքրվեցինք՝ սա ի՞նչ ուղերձ ունի: Իրանագետը պատասխանեց. «Իրանը դեմ է եղել եւ լինելու է տարածաշրջանում սահմանային փոփոխություններին: Նկատի ունի հայ-իրանական ցամաքային սահմանի հանդեպ ադրբեջանական ոտնձգոթյունները, ինչպես նաեւ Զանգեզուրի միջանցքի հնարավոր գործարկման ծրագիրը: Այսինքն՝ Իրանը վերահաստատում է բարձր մակարդակով, որ չի հանդուրժելու միջանցքի ծրագրի գործարկումը: Իսկ հայտարարությունը հավանաբար կապված է կամ վերջին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Սյունիքի հանդեպ եղած գործողությունների հետ, կամ մինչ այդ Իրանը խոշոր զորավարժություններ իրականացրեց նախորդ տարվա ընթացքում՝ պատճառաբանելով, որ Սյունիքի մարզի հայ-իրանական հատվածի վրա վտանգ է սպառնացել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ուստի իրանական կողմը զորավարժություններ է անցկացրել՝ կանխելով որեւէ հարձակում սահմանի վրա: Աբդոլլահիանը հստակ նշել է, որ Իրանը ինչ-որ փուլում նախազգուշական կանխարգելիչ գործողություններով կանխարգելել է հարձակումը Ադրբեջանի կողմից»:

Հետաքրքրվեցինք՝ նաեւ չի բացառվո՞ւմ, որ եթե ճնշման ներքո միջանցքի պարտադրանք լինի, Իրանը հնարավոր է՝ ռազմական միջամտություն իրականացնի, Գագիկ Միսակյանը պատասխանեց. «Իրանի դեպքում բարդ է ասել, թե միջամտությունն ինչ տեսքով կլինի: Համենայնդեպս, հայտարարության մակարդակում նշվում է, որ բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու են եւ թույլ չեն տալու միջանցքի գործարկում: Այլ է խնդիրը, եթե հայկական կողմը սեփական համաձայնությամբ ստորագրի որեւէ միջանցքի վերաբերյալ փաստաթուղթ, այդ դեպքում Իրանը կարող է նաեւ որոշ անկանխատեսելի գործողություններ իրականացնել, բայց թե դրանք կլինեն դիվանագիտական, թե ռազմական, Իրանի պարագայում բավականին բարդ է ասել»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործընթաց է ենթադրում Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ծրագիրը: Իրանագետը պատասխանեց. «Միջանցքը Իրանի տարածքից անցնող հիմնականում մի քանի ուղի ունի, եւ դրանք անցնում են ՀՀ տարածքով՝ ըստ նախագծի, եւ կա նաեւ Ադրբեջանի տարածքով անցնելու հնարավորություն, որի վերաբերյալ նույնպես բազմաթիվ խոսակցություններ կան: Խնդիրն այն է, որ հայկական հատվածում ենթակառուցվածքների բացակայության պայմաններում Իրանը ստիպված նաեւ օգտագործում է ադրբեջանական կողմի հնարավորությունները, իսկ Բաքուն՝ ի տարբերություն մեզ, բավականին լավ է աշխատում տնտեսական առումով Իրանի հետ եւ ենթակառուցվածքների առումով: Բայց հյուսիս-հարավի շինարարության դեպքում եւ հատկապես այն պարագայում, երբ Իրանը լուրջ պնդում է՝ որքան հնարավոր է շուտ ավարտվի իր այդ ճանապարհը, իրանական կողմը, կարծում եմ, հյուսիսային տարանցման հիմնական մասը ցանկություն կունենա տեղափոխել հայկական տարածքներով՝ Ադրբեջանից եւ Թուրքիայից նաեւ տնտեսական կախվածությունը որոշակիորեն նվազեցնելու եւ հնարավոր ճնշում բանեցնելու համար այդ պետությունների վրա: Պետք է նաեւ այդ ընդհանուր ենթակառուցվածքային համակարգը բարելավվի, հատկապես, որ իրանական կողմից մեծ ցանկություն կա ներգրավվելու նաեւ հյուսիս-հարավի շինարարության գործընթացներում՝ իրանական կազմակերպությունների միջոցով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31