Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ժանրով հուշագրություն ցարդ հայտնի չէր

Հոկտեմբեր 24,2022 14:00

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում անգնահատելի նշանակություն ունեն հատկապես այն հուշագրությունները, որոնք գրվել են Ցեղասպանությունը վերապրածների կողմից: Այս վավերագրերը արժեքավոր են ոչ միայն ցեղասպանագիտական նկատառումներով, այլեւս որպես ուսումնասիրության աղբյուր կարող են հանդես գալ նաեւ այլ գիտակարգերի համար, ինչպիսիք են ազգագրությունը, բարբառագիտությունը, սոցիոլոգիան եւ այլն:

Այս առումով մեծ արժեք ունեն Պողոս Գույուճյանի՝ բոլորովին վերջերս ի հայտ եկած հուշերը, որոնք նա գրառել է դեսթանի տեսքով 1921 թ. Կահիրեում։

Դեսթանը արեւելյան բանավոր եւ գրավոր պոեզիայում վիպական բնույթի ծավալուն չափածո ստեղծագործություն է եւ, որպես կանոն, կազմված է քառյակներից, որոնց վերջին տողերը հիմնականում հանգավորվում են միանման հանգերով: Դեսթանները Օսմանյան Կայսրության ժողովուրդների մեջ մեծ տարածում ունեին ինչպես մուսուլման, այնպես էլ քրիստոնյա բնակչության շրջանում:

Պողոս Գույուճյանը ծնվել է 1893 թ. Կեսարիա (ներկայիս Կայսերի) քաղաքում: Վաղ հասակում համաճարակի պատճառով կորցրել է ծնողներին եւ որդեգրվել ընտանիքին մտերիմ հայերի կողմից: 1914 թ. ամուսնանում է եւ, տեղեկանալով սպասվելիք արհավիրքների մասին, կնոջ, քենու եւ նրանց մոր հետ բռնում է գաղթի ճանապարհը: 1921 թ. հաստատվում է Կահիրեում, որտեղ եւ գրի է առնում իր ապրած դժվարությունների եւ ապրումների մասին պատմող դեսթանը: Վախճանվել է 1963 թ. Կահիրեում:

Դեսթանի հայերեն թարգմանության եւ տպագրման գաղափարը թուրքագետ Սերգեյ Մանվելյանինն է: Պողոս Գույուճյանի որդին՝ Հակոբ Գույուճյանը, գտնելով դեսթանի ձեռագիրը, դիմում է Ս. Մանվելյանին՝ դրա ինչ լինելը պարզելու նպատակով եւ, ծանոթանալով վերջինիս, հոր հիշատակը հավերժացնելու նպատակով որոշում է հրատարակել այն:

«Տառապանքիս Ուղին Հաւատի Լոյսով. Պօղոս Գույուճեան» վերնագրով գիրքը լույս տեսավ այս տարի Ավստրալիայի Սիդնի քաղաքում, որտեղ ներկայում բնակվում է հեղինակի որդին՝ Հակոբը: Գիրքը բաղկացած է հեղինակի կենսագրական տեղեկություններից, նախաբանից, դեսթանի արեւմտահայերեն, արեւելահայերեն եւ անգլերեն թարգմանություններից, լուսանկարներից:

Դեսթանը բնագրից հայերեն է թարգմանել Սերգեյ Մանվելյանը, արեւմտահայերեն՝ Նայիրի Մկրտիչյանը, իսկ անգլերեն՝ Նոյեմի Գույուճյանը:
Ինչպես նշվեց, դեսթանի բնագիրը շարադրված է թուրքերենի Կայսերիի բարբառով եւ հայերեն տառերով: Հայատառ թուրքերենը Օսմանյան Կայսրության տարածքում բնակվող հայության որոշ շրջաններում տարածված էր. դրանով տպագրվում էին գրքեր, հրատարակվում էր մամուլ եւ այլն: Այն նաեւ կիրառվում էր առօրյա գրավոր հաղորդակցման մեջ, եւ դա փաստող վավերագրերից մեկն էլ այս դեսթանն է:
Հետաքրքրական է նաեւ հեղինակի կողմից հուշերի շարադրման համար այս ձեւի ընտրությունը, որը իր տեսակի մեջ մեզ հայտնի դեռեւս միակ օրինակն է:

Ցեղասպանությունը վերապրածների շրջանում սեփական վիշտն ու կրած տառապանքները ստեղծագործական ճանապարհով ներկայացնելու օրինակներ շատ կան: Դրանց մեծագույն մասը մեզ են հասել երգերի տեսքով, հիմնականում թուրքերեն լեզվով: Սակայն այս ժանրով հուշագրություն ցարդ հայտնի չէ:

Հետազոտողի համար այս դեսթանը հարուտ տեղեկություններ է հաղորդում մինչեւ Ցեղասպանությունը հայ ազգային-հասարակա-մշակութային կյանքի, կենցաղի, սովորույթների, ավանդույթների, բանահյուսության եւ այլնի մասին:

Դեսթանի տեքստը նաեւ հարուստ բարբառային նյութ է տրամադրում թուրքերեն լեզվի Կեսարիայի բարբառի վերաբերյալ: Հատկապես օսմաներենից ժամանակակից թուրքերենի անցման բարեփոխումներից հետո գրավոր բարբառային նմուշներ, այն էլ հայատառ, գտնելը հեշտ չէ:

Տիգրան ՉԱՆԴՈՅԱՆ
akunq.net

«Առավոտ» օրաթերթ
22.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31