Անձնական «ես»-ի առաջ մղման ու մյուսի ոտքի տակ ընկնելու պատճառով ենք մշտապես կործանվել։ Միշտ առաջինը լինելու այդ տխուր մրցավազք-մոլուցքի պատճառով է, որ սկսել ենք նվաղելը։ Մյուսների մոտ ավելի իմաստուն, խելացի ու բանիմաց երեւալ-լինելու հետեւանքն է մեր այսօրվա քայքայումը։ Բավական է մի վերլուծական միտք-խոսք գրես, անմիջապես կհայտնվեն մարդիկ, որքեր կասեն, թե՝ բա ես սա մեկ, կամ՝ «մի քանի տարի առաջ եմ ասել»։ Մեկը չկա, հարցնի. «բա, որ ասել ես, ո՞ւր է ասածդ, որտե՞ղ եւ ո՞ւմ մոտ ասիր, որ մենակ դու լսեցիր»։
Նախանձությունը նույնն է թե՝ ժանգը երկաթի մաշկին։ Ինչպես ժանգն է քայքայում երկաթը, այնպես էլ նախանձությունն է մաշում հոգին ու ձեւափոխում մարմնի տեսքը։ Որ ուշադիր նայեք մարդկանց աչքերին, միանգամից, առանց ավելորդ ջանքերի կտարբերեք իրարից։ Մեզ խորտակեց նաեւ մեր ամենագիտուն-ամենագետ, շշմելու աստիճան վերլուծական միտք ունենալու տխուր վիճակը։ Բավական է լսես օրվա լուրը այն մասին, թե թշնամին հարձակվել է… եւ դու, նույն պահին, չնայած, որ մասնագիտությամբ շուլլեր ես, դառնում ես ՌԱԶՄԱԳԵՏ եւ սկսում ես խորհուրդներ տալ, կամ՝ ուղղություն, կամ՝ լսում ես, որ ինչ-որ վիրուս է թափանցել երկիր ու կրծում է մարդկանց, անմիջապես դառնում ես՝ ԲԺԻՇԿ եւ խորհրդատվական «ընկերություն» ես բացում։ Լսեցիր, որ սահմանագծում-սահմանազատում է լինելու, միանգամից ԱՇԽԱՐՀԱԳՐԱԳԵՏ ու ՔԱՐՏԵԶԱԳԻՐ ես դառնում։ Ինչ-որ մեկի՞ն են դատում, ԴԱՏԱՎՈՐԻ շապիկով անմրցունակ ԻՐԱՎԱԲԱՆ ես դառնում։
Էլ չասեմ չէ՞, որ դպրոցական տարիներիդ, երբ շարադրությունից, համեմատականի մեջ, մյուսներից լավ ես գրել ու գնահատականդ անհամեմատելի բարձր է, կարծում ես, որ կարող ես երիտասարդությանդ տարիներին «ստեղծագործել գերագույն արժեքներ» ու քեզ հռչակել՝ ԳՐՈՂ-ԲԱՆԱՍՏԵՂԾ։ Եվ այսպես շարունակ, կարելի է երկար, շա՛տ երկար լրացնել այս շարքը, որից ծնվում են ԻՆՔՆԱՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՆՁՆ ու մնացած այն ամենը, որը դանդաղ, բայց առավել հաստատուն քայլերով տանում է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ։
Ուրիշ ազգեր (դիցուք՝ հրեաները) մեկ ոտնաչափ հող են գտնում եւ փորձում են ամեն գնով, թեկուզ մեկ ոտքի վրա, բայց ամուր կանգնել այդ հողին, որ երբ պահը հասունանա, ՀԱՅՐԵՆԻՔ կնքի այդ հողի անունն ու փոխանցի իրենից հետոյին։ Իսկ հա՞յը, ապա մի թերթեք պատմության ընթացքը։ 400 հազար քկմ ունենալով հանդերձ, ինքն իր տեսակին, հարեւանին, բարեկամին, ընկերոջը, հարազատին չսիրելու, ատելու, նախանձելու, չկամենալու պատճառով խորտակեց ամեն ինչ, ու հասավ մի տեղ, որտեղից միայն նեխած դիակների ու արյան հոտ է փչում երկիր թափանցած քամիների հետ։ ՏԱՃԿԱհայաստանը հանձնեցինք, ՊԱՐՍԿԱհայաստանը հանձնեցինք, 12 հազար քկմ ՌՈՒՍԱհայաստանի վրա Եռագույն ծածանեցինք, ու երկու տարվա մեջ, այս օրվա նման պահվածքի պատճառով կորցրեցինք Եռագույնը։ 12 հազարը դարձավ 29.8 հազար քկմ ՌՈՒՍԱհայաստան ու 70 տարի ոսկե դար ապրեցինք. (չփորձեք հակաճառվել, կնայեք էդ տարիներին, աշխարհին տված ձեռքբերումներդ, թե գիտության, թե գրականության ու ընդհանրապես մշակույթի ու արվեստի, սպորտի եւ այլնի բնագավառներում ու կհասկանաք ասելիքս)։
Եկանք մի հանգրվանի հասանք, որտեղ սկսեցինք փնտրել պատճառներ ու արդարանալու անհաջող փորձեր կատարել, գտնել մեղավորին ու պատժել։ Չե՞ք կարծում, որ մեղավորը մեզնից յուրաքանչյուրն է, որովհետեւ, ամեն մեկս մեր հերթին, գողացանք պետությունից, հարեւանից, մեզանից ու հետո պիտի հասկանանք, որ այն, ինչ ժամանակին գողացել էինք, դա միայն մեր զավակներից էր…
Կարդացեք նաև
Մեր անտարբերության, անինքնասիրության, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասելը՝ անսկզբունքայնության պակասի պատճառով, միշտ ուրիշներին հուսալով ու մատներս մատներիս չտալու հետեւանքի դրսեւորում է այն, ինչ այսօր ունենք ու ինչի առաջ կանգնած ենք՝ բարձրագլուխ։ Մինչդեռ, պիտի հիմա գլուխներս գետնից վեր չքաշեինք։
Անզգամության, անամոթության, անմտության հետեւանքից ծլած դառը պտուղի համն ենք առնում մեր քիմքին ու ինքներս մեզ, չկոտրվելու հպարտ կեցվածքից ելնելով, պնդում ենք, որ հեչ էլ դառը չէ պտուղը, դեռ մի բան էլ ավելի՝ շատ էլ քաղցրահամ է։ Այդպես կոդավորելով ինքներս մեզ, ու մյուսներին հայտնելով այդ պտղի քաղցրության լուրը, համոզում ենք՝ իրենց էլ, որ փորձեն։ Որոշ ժամանակ անց, ներքին օրգանների խախտման հետեւանքով, հիվանդանոց շտապելու ճանապարհին կմեռնենք, խաբկանքի զոհը դարձած ու հիշողներն այդ պահից կմոռանան մեզ։
Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
Հրապարակագիր, ազատամարտիկ
Հ.Գ.– Չգիտեմ: Հասկացել եմ միայն մեկ բան. Աստված մեզ պահում է երկրի վրա միայն նրա համար, որ աշխարհի մյուս բնակիչներին ցույց տա, թե ինչպիսին չպիտի լինի մարդը: Սթափվիր, Հայ…
Պատվով նահատակվիր եւ մի փորձիր ամենահեշտ մահով անցնել:
«Առավոտ» օրաթերթ
22.10.2022