Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է սկսել հնարավոր գործողություններ՝ կանխելու համար 2 աղետ»

Հոկտեմբեր 24,2022 15:00

«Ընդդիմությունը մինչ օրս առաջարկով հանդես չի եկել, մինչդեռ դիմադրության շարժման ժամանակ հանրությունը սպասում էր այդ առաջարկին». հոկտեմբերի 14-ին այս համոզմունքն էր հայտնել «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը եւ հավելել, որ առաջարկը պետք է ձեւավորվեր շարժման առաջնորդի կողմից, պետք է առաջնորդը ստանձներ պատասխանատվություն։ Այս եւ ընդդիմության այլ անելիքների մասին «Առավոտը» զրուցել է «Անկախության շարժման» հիմնադիր, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ։

– Պարոն Ղազարյան, ի՞նչ տեսակետ ունեք նշյալ նկատառման վերաբերյալ։ Խորհրդարանական ընդդիմության այս պահի աշխատանքն ինչո՞վ է աչքի ընկնում։

– Նախ, ցավոք, պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում այսօր ներքաղաքական կյանք, որպես այդպիսին, գոյություն չունի։ Այսինքն, չկա ֆունկցիոնալ ազգային ժողով, որտեղ տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ կքննարկվեին մեր երկրին հուզող կարեւոր խնդիրները՝ ոչ միայն ԱԺ նիստերի, այլեւ այլ իրավական ձեւաչափերի շրջանակում՝ հատուկ նիստեր, խորհրդարանական լսումներ եւ այլն։ Այսինքն, ոչ մի ձեւաչափում խորհրդարանը ֆունկցիոնալ գործունեություն չի ծավալում։ Ավելին, ներկայիս ԱԺ-ն այլեւս չի համապատասխանում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին, ըստ որոնց՝ ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահի եւ տեղակալների պաշտոնների մի մասը պետք է զբաղեցնեն ընդդիմության ներկայացուցիչները։ Այդ մարդիկ պաշտոնազրկվեցին միայն քաղաքական մեծամասնության որոշմամբ, այլ ոչ թե իրենց հրաժարականներով, եւ այդ պաշտոնները չլրացվեցին։ Այսինքն, կարելի է ասել, որ ԱԺ-ն այլեւս ոչ լեգետիմ է։ Իսկ ԱԺ-ից դուրս եւս, ցավոք, քաղաքական գործընթաց տեղի չի ունենում, չկան հրապարակային բողոքի գործողություններ, չի հնչում վարչապետի հրաժարականի պահանջ, իսկ խորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ չսկսեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրա հետեւանքն է այն, որ հիմա ՀՀ-ում ներքաղաքական կյանք չկա։ Իհարկե, պետք չի պատկերացնել, թե դրանում դեր ունեն միայն ընդդիմադիր խմբակցությունները։ Արտախորհրդարանական ուժերը, մեզանից յուրաքանչյուրը եւս դեր ունի, այդ թվում ես եւ պարոն Ղազինյանը։ Մենք պատասխանատվություն ունենք սեփական ուժերով որեւէ նախաձեռնություն գեներացնելու՝ անկախ նրանից, թե դա ինչ արդյունք կունենա։ Բայց առաջնային, լեգիտիմ ակնկալիքը լիազորությունների մասով վերաբերում է խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին, որոնք այս պահին ոչ հրաժարականի պահանջ են ներկայացնում, ոչ էլ անվստահության գործընթաց են սկսում։

– Սեպտեմբերին, երբ դուք առաջարկել էիք սահմանադրական ճանապարհով ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու եւ նոր թեկնածու առաջադրելու գործընթաց սկսել, խորհրդարանական ընդդիմությունը բացատրեց, որ դա արդյունք չի ունենա, քանի դեռ փողոցում չկա հանրության մեծամասնության աջակցությունը։

– Պարզվեց, որ իրենք այդ հարցում ազնիվ չեն։ Սեպտեմբերի 14-ին Բաղրամյան պողոտայում կար բավարար հանրային աջակցություն, հանրային պահանջ, բայց իրենք քաղաքական որոշում չկայացրին, չնայած տեղում էին, եկան-մտան ԱԺ շենք, բայց որոշում չկայացրին։

– Բայց այդ օրը խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ արձագանքել են հանրության պահանջին, եկել են, իրենց ստորագրությունները պատրաստ են եւ անհրաժեշտ են ՔՊ-ից 18 պատգամավորների ձայներ։

– Դա անազնիվ մեկնաբանություն է, որովհետեւ այն, ինչ իրենք ստորագրեցին եւ հրապարակեցին, ոչ թե վերաբերում էր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, այլ գործընթաց իրականացնելու իրենց մտադրությանը։ Այսինքն, որպեսզի դա համարվեր անվստահություն հայտնելու գործընթաց, նրանք պետք է առաջադրեին վարչապետի թեկնածու։ Դա սահմանադրության պահանջ է։

– «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն, օրինակ, ասել էր, որ պետք է 36-րդ ստորագրությունը, որպեսզի գործընթացը կարողանան սկսել, իսկ 72-ժամյա ռեժիմում պետք է ՔՊ-ականների 18 ստորագրություն։ Վարչապետի թեկնածուի մասին էլ նա նշել էր. «Թողնենք գործընթացը գնա իր հունով։ Երբ կունենանք 36-րդ ստորագրությունը, կլինի նաեւ թեկնածուն»։ (Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանն էլ իր հերթին ասել էր. «Երբ բավարար հիմքեր լինեն իմփիչմենթի գործընթացի համար, այսինքն, քաղաքական մեծամասնությունից պատրաստակամ լինեն, կմիանան դրան, բնականաբար, ձեւաթղթով գալուց պարտադիր նշվելու է վարչապետի թեկնածուի անունը։ Մենք պաշտոնապես ասում ենք, որ ձեւաթղթի վրա դրել ենք մեր ստորագրությունները։ Ակնկալում ենք, որ ՔՊ-ից 18 պատգամավորներ միանան»)։

– Իրենց ասելով չի, սահմանադրությունում է այդպես գրված. եթե պատգամավորները սկսում են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա պարտավոր են առաջադրել վարչապետի թեկնածու։ Եթե իրենց հարցնեք՝ այդ օրը որ ստորագրել եք, ո՞վ է եղել իրենց թեկնածուն, եւ եթե անուն չկա, ուրեմն իրենք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չեն նախաձեռնել։ Ուղղակի բանավոր հայտարարեցին, հետո ստորագրեցին, որ մտադրություն ունեն նման գործընթաց անելու, եթե այս լինի, եթե ՔՊ-ից 18 պատգամավորներ միանան։ Պահանջներ իրենք են դրել, բաց գործընթաց չեն սկսել։ Իրենք այստեղ անելիք ունեն։

– Ձեր կարծիքով, հիմա խորհրդարանից դուրս ի՞նչ է պետք անել։

– Հիմա պետք է հասարակական-քաղաքական դաշտի այլ ուժերն ու գործիչները շատ արագ միավորեն ջանքերը եւ սկսեն հնարավոր գործողություններ՝ կանխելու համար երկու աղետ։ Առաջինը պատերազմն է, որը շատ ուղիղ սրվել է եւ դրա վտանգներն ու ռիսկերն ավելի քան մեծ են։ Երկրորդն աղետալի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումն է, ինչի մասին որպես մտադրություն հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ այդ թվում Պրահայի հանդիպումների ժամանակ։ Դա բրենդավորել են իբրեւ «խաղաղության պայմանագիր», բայց դրա հիմքում դրված դրույթները՝ Ադրբեջանի ներկայացրած կետերը, Հայաստանի ամբողջական կապիտուլյացիա են ենթադրում։ Պետք է խափանել որեւէ փաստաթղթի ստորագրումը՝ միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միջոցով։

– Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով։ Արձանագրեցինք, որ դիմադրության շարժումը չարժանացավ հանրության մեծամասնության վստահությանը։

– Ցանկացած ճանապարհով։ Այս պահին ՀՀ-ում օրինական իշխանություն չկա, կա իշխանությունը զավթած հանցախումբ, որի հետ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։

Հավելենք, որ օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Այն, որ «զադնի» դնողը Նիկոլ է, ու գնալու ենք մինչեւ վերջ, ուժի մեջ է։ Չի կարող այդտեղ փոփոխություն լինել։ Մեր օրերի պասիվությանը նայեք որպես մեծ գործընթացին պատրաստվել։ Ասել եմ՝ ընդդիմադիր դաշտն էլ պետք է բյուրեղանա, պետք է տեսնենք, թե վերջը տակը ով է մնում, եւ գնանք առաջ։ Ամեն ինչ այսօր բոլոր սցենարներով եւ հաշվարկներով շատ արագ երկիրը տանում է կործանման։ Առաջին խնդիրը, որը պետք է կարճ ժամանակում լուծել, խոսելն է ժողովրդի հետ, բացատրել, խնդրել, ասել, թե ինչ է սպասվում մեզ։ Քամուց արյան հոտ է գալիս, մենք մոտ ենք մի նոր պատերազմի։ Սա խրախճանք է ցեղասպանությունից առաջ։ Երկրում փող կա։ Այդ փողի ծագման աղբյուրի մի մասը հայտնի է, մյուս մասը հասարակության համար հայտնի չէ։ Ինձ հայտնի է առնվազն։ Թուրքական փողը հասարակությանը բթացնելու համար է, խնդիրներից շեղելու համար։ Պատահական չէ, որ Երեւանում լավագույն համերգներն են տեղի ունենում։ Շեղում են։ Եռաբլուրը հասել է ռեստորանների մոտ՝ ներքեւի փողոց։ Ու սա սրանք պետք է մարսե՞ն։ Որդի կորցրած ծնողը պետք է ասի՝ դե ի՞նչ անենք, իշխանություններն ի՞նչ մեղավոր են…բա ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխան տալու սրա համար։ Ովքեր ասում են՝ ելք չկա, ես ասում եմ՝ կա։ Օրինակ, մի սցենար եմ ասում փորձենք։

Առաջիկայում որեւէ օր 50 000 մարդ Ստեփանակերտում եւ 100 000 մարդ Երեւանում մի կարգախոսով՝ ոչ կապիտուլյացիային, եւ աշխարհը մեր հետ այլ լեզվով կխոսի, բոլորի խաղաքարտերը կխառնվեն։ Մինչդեռ հիմա մեզ ասում են, թե ժողովուրդը համաձայն է, թե Արցախում համաձայն են…եկեք ցույց տանք, որ համաձայն չենք, որ այս սրիկաները մանդատ չունեն, որ չեն կարող մեզ պետությունից ու հայրենիքից զրկել։ Վստահեցնում եմ, որ գործընթացներ կան, եւ պատվով պետք է ավարտին հասցնենք, որովհետեւ այլընտրանք չունենք»։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 14-ին, ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ ասել էր. «Երեկվա հավաքը եղել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, հետո սրբագրեց։ Մարդիկ ինքնաբուխ հավաքվել են։ Պահանջ է հնչել, որ ընդդիմադիր պատգամավորները գան եւ սկսեն իմփիչմենթի գործընթաց։ Էդգար Ղազարյանը երեկ մանիպուլյացիաներ էր անում։ Մեզ ասվեց՝ ժողովրդի պահանջը ձեզ այն է, որ դուք ստորագրեք ձեւաթղթերի տակ։ Մենք դա արել ենք, հետո Էդգար Ղազարյանը մանիպուլյատիվ հայտարարություններ արեց՝ ասելով, թե մենք ոչինչ չենք անում։ Վերջին շրջանում իր պահվածքը տարօրինակ է։ Չեմ հասկանում, թե ինչ է ուզում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31