«Հայաստանը առաջնահերթություն դարձրեց իրական շահառուների թափանցիկության գործընթացը ինստիտուցիոնալ մակարդակում իրականացնելու համար՝ որդեգրելով ժողովրդավարական արժեքների, տեղեկատվության մատչելիության ու տեղեկատվական խողովակների միջոցով ստվերային տնտեսությունների բացահայտման հանդեպ անբեկանելի մոտեցում»,-ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը երեկ Աղվերանում կայացած աշխատաժողովի ընթացքում:
«Դեռևս հետհեղափոխական Հայաստանում՝ 2018-2020թթ.-ին, միավորելով ԻԱԿ-ի և շահագրգիռ մյուս կազմակերպությունների ջանքերը, ՀՀ Կառավարությունը բիզնեսի իրական շահառուների թափանցիկության գործընթացը ներառեց Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների 4-րդ ծրագրում»: Շ. Դոյդոյանը շեշտեց այս բարեփոխման իրականացման հարցում քաղաքացիական հասարակության դերն ու առանցքային նշանակությունը՝ կարևորելով հետագա համագործակցության շարունակականությունն ու հետևողականությունը:
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Լալա Ներսեսյանը ներկայացրեց, թե միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ինչպիսի առաջընթացներ ունեն բիզնեսի իրական շահառուների հայտնաբերման գործընթացն առաջ տանելու հարցում, որի նպատակով ներդրվել է միջազգային որոշ կառուցակարգերի մեխանիզմ:
Կարդացեք նաև
«2016թ.-ին Հայաստանը հայտ ներկայացրեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածության հայտ, որը հաստատվեց 2017թ.-ին: 2019թ.-ին Հայաստանը միացավ իրական սեփականատերերի առաջնորդների խմբին՝ պարտավորվելով մաս կազմել իրական շահառուների միջազգային չափանիշների և կանոնադրության մշակմանը: Սույն թվականին Հայաստանում մեկնարկել է նշված կազմակերպութունների կողմից համատեղ իրականացվող ԱՃԹՆ ապահովման ծրագիրը, որի շրջանակում էլ տեղի է ունենում այս աշխատաժողովը»,- ասաց Լ. Ներսեսյանը:
«2021 թ.-ի սեպտեմբերի 1-ից իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց շարքին են դասվել նաև հանրային ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող, տեսալսողական, մեդիածառայություն իրականացնող իրավաբանական անձինք: 2023թ.-ի հունվարի 1-ից արդեն բոլոր իրավաբանական անձինք իրական շահառուների հայտարարագրերը պետք է ներկայացնեն ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային ոլորտի համար»,- նշեց Լ. Ներսեսյանը՝ ավելացնելով, որ ԻՇ հայտարարագրի լրացման ու պետռեգիստր ներկայացման կարգը սահմանված է ԱԴ ԻՇ 416 հրամանի համաձայն:
«EITI միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատում ԻՇ բացահայտման ուղղությամբ Հայաստանի իրականացրած ջանքերը»,- ասաց աշխատաժողովի մյուս բանախոս՝ ԱՃԹՆ (EITI) միջազգային քարտուղարության հ\կ-ների համակարգող Օլեսյան, ով աջակցում է EITI -ի իրականացմանը Եվրասիայի երկրներում: Նա նախկինում աշխատել է Ուկրաինայի ԱՃԹՆ-ի համակարգում:
«Սառույցի հալեցում» խորհրդանշական անվանումով անցկացվեց խաղ-ծանոթություն մասնակիցների միջև՝ նրանց միջև հաղորդակցական կապին նպաստելու համար, ինչպես նաև ստանալու մասնակիցների նախնական պատկերացումները ԻՇ սահմանման մասին:
«Իրական շահառուների թափանցիկության գործընթացի առանցքային նպատակը կոռուպցիոն ռիսկերի, փողերի լվացման, հարկերից խուսափելու միտումները, դրամաշորթության կանխարգելումն է»,- նշեց Շ. Դոյդոյանը՝ ներկայացնելով կոռուպցիոն սխեմաների օրինակներ, որոնք ավելի պատկերավոր դարձրեցին կոռուպցիոն շղթայի կենսունակությունը:
«Այդ ընկերությունները հիմնականում օգտագործվում են շահույթը թաքցնելու, ահաբեկչություններ ֆինանսավորելու կամ անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու համար: Ուստի, այս բարեփոխման նպատակն է բացահայտել ստվերային ընկերություններին: ԻՇ թափանցիկությունը նպաստում է նաև մասնավոր ընկերությունների վարկանիշի բարձրացմանը, ներդրումային միջավայրի հանդեպ վստահության մթնոլորտի կայացմանը, հետևաբար, ներդրող ընկերությունների համար հավասար պայմանների պահպանմանը», – ասաց նա:
Ներկայացնելով պետական լիազոր մարմնի դերը, որը ԻՇ հայտարարագրերի կազմման ընթացքում օրենքի պահանջով առաջնորդվելու մասին իրազեկումն է, Շ. Դոյդոյանն ընդգծեց. «Չնայած հայտարարագրերում ներկայացվող տվյալները լինում են երբեմն թերի, ուշացած կամ վրիպակներով, այնուամենայնիվ, երբ առկա են լինում դիտավորյալ կեղծ տվյալներ, սահմանված է պատասխանատվություն՝ վարչական և\կամ քրեական վարույթներով: Ահա թե ինչու է կարևոր քաղհասարակությանը, լրագրողին տալ ամբողջական մուտք դեպի տվյալներ: Անհրաժեշտ է նաև ներգրավել քաղաքացիներին այս գործընթացում՝ ընձեռելով նրանց պաշտոնական կամ ոչ պաշտոնական հաշվետվողականության հնարավորությունը»:
Open Ownership -ի քաղաքական և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Լուիզ Ռասել Պրիատան ընդգծեց, որ իրենց նպատակն է հասկանալ, թե ինչո՞ւ է իրական շահառուների խնդիրը համաշխարհային խնդիր և ինչպե՞ս են տարբեր շղթաներ՝ կազմակերպությունների, ընկերությունների տեսքով փորձում կտրել կապը իրական շահառուի հետ և ինչպե՞ս են այդ նպատակով փոխվում օրենսդրություններ տարբեր երկրներում:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ավագ քննիչ Լիանա Սանթրոսյանը ներկայացրեց այն փոփոխությունը, որը կազմում է ԻՇ բացահայտման գործընթացում ոլորտային մի բաղադրիչ. «2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Քրեական նոր օրենսգիրքը, որտեղ ողջունելի է այն հանգամանքը, որը նախատեսել է 444 հոդվածը: Այդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա հանգամանքները թաքցնելը կամ պատասխանատվության ենթարկվելուց հետո 30-օրյա ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում վրա է հասնում քրեական պատասխանատվությունը»:
Երկօրյա աշխատաժողովի բանախոսներն էին՝ ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության պետ՝ Լալա Ներսեսյանը, ԱՃՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ՝ Եփրեմ Կարապետյանը, ԱՃՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Իսկանդարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ավագ քննիչ Լիանա Սանթրոսյանը: Աշխատաժողովին ներկա էին լրագրողական համայնքի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Այս ձևաչափով հանդիպման նպատակն է՝ բարձրացնել քաղհասարակության իրազեկվածության մակարդակը ԻՇ վերաբերյալ հասանելի և կարևոր տվյալների վերաբերյալ, տվյալների օգտագործման համար փոխանցել կոնկրետ գիտելիքներ և գործիքներ, ներկայացնել ԻՇ սահմանումների ու եզրույթների հայեցակարգը, հզորացնել ԻՇ տվյալների հավաքագրման, ճշգրտման՝ լրագրողների հմտությունները՝ դրանով նպաստելով լիազոր մարմինների արդյունավետ աշխատանքի կայացմանը, քաղհասարակության ու լիազոր մարմնի համագործակցությամբ ինֆորմացիոն աջակցություն ցույց տալ ընկերություններին հայտարարագրերի կազմման հարցում, ինչը թույլ կտա իրավաբանական անձանց խուսափել անօրինական գործողություններից»,- ասաց Շ. Դոյդոյանը:
Աշխատաժողովը կազմակերպել էր ԻԱԿ-ը՝ Open Ownership-ի և EITI-ի աջակցությամբ:
Ալվարդ ՍԵԹՅԱՆ