Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ լրագրողը ողջ լրագրողն է». Խարկովի «Nakypilo» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Ալյոնա Լեպտուգան՝ պատերազմում աշխատանքի առանձնահատկությունների մասին

Հոկտեմբեր 23,2022 20:06

«Մենք ոչ մի վայրկյան չենք դադարեցրել մեր աշխատանքը: Մեզ համար անակնկալ չէր էլ փետրվարի 16-ի հարձակումը, մենք դրան նախապատրաստվել էինք. պատերազմի առաջին իսկ րոպեներից սկսել ենք տեղեկատվություն տրամադրել մեր ընթերցողներին: Նախ՝ սոցիալական ցանցերի միջոցով, քանի որ մեր ընթերցողները հիմնականում այդ եղանակով էին տեղեկատվություն փնտրում: Որոշ ժամանակով կայքի աշխատանքը հետաձգեցինք եւ զբաղվում էինք միայն մեր կայքի «Թվիթեր», «Տելեգրամ» էջերով, մասնակի նաեւ «Ֆեյսբուքի» էջով»,- Aravot.am-ի հետ զրույցում  ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ խմբագրության աշխատանքի մասին է պատմում Խարկովի «Nakypilo» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Ալյոնա Լեպտուգան:

«Ես,  նախապես, այսպես ասած, սոցհարցում անցկացրեցի խմբագրությունում, որպեսզի հասկանամ, թե ո՞վ եւ ե՞րբ է պլանավորում դուրս գալ քաղաքից, ո՞ւր է պատրաստվում մեկնել, թե՞ մնալու են քաղաքում կամ երկրում, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս է հնարավոր շարունակել հետագա աշխատանքը: Նաեւ պատկերացնելու համար, թե ինչպե՞ս պետք է հետագայում դուրս բերենք այն աշխատակիցներին, ովքեր մնացել են, եթե հանկարծ բռնազավթում լինի, ինչը չէինք բացառում: Ուստի, ներխուժման պահին մենք արդեն որոշակի պատկեր ունեինք, թե ո՞վ եւ որտե՞ղ է, ո՞վ եւ որքանո՞վ է պատրաստ ներգրավվել աշխատանքի մեջ՝ ելնելով նաեւ ընտանեկան հանգամանքներից, քանի որ շատերը ստիպված էին ընտանիքներին տարհանել, չէին կարող մարդկանց թողնել կրակոցների տակ: Ուստի, մենք ստիպված եղանք մեր թիմում որոշակի դերավերաբաշխում անել. օրինակ, ես եւ տեղակալս սկզբնական շրջանում, նորությունների հոսք էինք ապահովում, ինչն այդքան էլ գլխավոր խմբագրի աշխատանք չէ, բայց մենք պետք է մեր լսարանին տեղեկատվություն տրամադրեինք»,- պատմում է մեր գործընկերը:

Պատերազմի առաջին իսկ օրերին տարհանել են նաեւ աշխատանքային տեխնիկայի մի մասը, որպեսզի կարողանան ապահովագրել այն եւ շարունակել բնականոն աշխատանքը: Հիմա խմբագրության հիմնական աշխատակազմերը Ուկրաինայի երկու քաղաքներում են տեղակայված, լրագրողների մի մասն աշխատում է այլ քաղաքներից նաեւ: «Խարկովում աշխատակազմի օպերատիվ մասն է՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ: Նրանք հերթափոխով են աշխատում. երկու շաբաթ նկարահանումներ են անում եւ տեղեկություններ են հավաքում, վերադառնում են եւ այդ նյութերի վրա աշխատում, երկու շաբաթ այլ խումբ է մեկնում օպերատիվ աշխատանք կատարելու: Ստացվում է, որ եւ օպերատիվ տեղեկատվություն ենք ունենում, եւ նյութեր, որոնք ավելի հետաքննական են լինում. ունենում ենք եւ տեսանյութեր, եւ փոդքաստներ, ծավալուն տեքստեր: Լրագրող ունենք, նա Դոնեցկի շրջանից է, Խարկով էր տեղափոխվել, ասաց, որ Խարկովն իր համար երկրորդ տուն է ու որեւէ պարագայում չի պատրաստվում լքել Խարկովը. նա մշտապես այնտեղից է աշխատում: Այսինքն, Խարկովի մասին մշտապես տեղից եւ ամբողջական տեղեկատվություն ենք ունենում»,- պատերազմական իրավիճակում աշխատանքի առանձնահատկություններից է պատմում Ալյոնան:

Հարցին՝ ինչպե՞ս են կարողանում ապահովել լրագրողների ֆիզիկական անվտանգությունը, պատասխանում է՝ ԶԼՄ-ների աջակցության «Մասսայական տեղեկատվության ինստիտուտը» մեծ օգնություն է տրամադրել՝ զրահաբաճկոններ, սաղավարտներ եւ պաշտպանական այլ միջոցներ. «Եթե այդ օգնությունը չլիներ, ես չեմ պատկերացնում թե ինչպե՞ս պետք է թույլատրեի, որ աշխատեն մարդիկ: Լավ լրագրողն, ինչպես ասում են, ողջ լրագրողն է: Լրագրողների ֆիզիկական անվտանգությունը շատ կարեւոր է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, թե լրագրողներն ու օպերատորները, լուսանկարիչները, թե տեխնիկան ապահովագրվում են, մենք, ցավոք, ապահովագրություն չունենք՝ ոչ մարդկանց, ոչ տեխնիկայի: Պատերազմական իրավիճակների որոշակի փորձ ունեինք 2014-ի պատերազմից: Պատերազմական եւ ճգնաժամային իրավիճակներում աշխատանքի վերապատրաստումներ ենք արագ անցկացրել, նաեւ թվային անվտանգության, քանի որ մի բան է նյութը նկարահանել, այլ խնդիր է՝ կարողանալ այն փոխանցել»:

Ամեն դեպքում, մեր զրուցակիցը պնդում է՝ անկախ բարդություններից եւ կյանքի անվտանգության ռիսկից, իրենք շարունակելու են տեղեկատվության տրամադրումը թեժ գոտուց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31