Արագած լեռան արևմտյան ստորոտում գտնվող Պեմզաշենը, որն Արթիկ խոշորացված համայնքի բնակավայրերից է, ոչ միայն հայտնի է իր կարմիր ու վարդագույն տուֆով, պեմզայով, պատմական կոթողներով, վաղ քրիստոնեական շրջանի ու միջնադարի յուրահատուկ ճարտարպետությամբ, նույնիսկ ձորի մեջ կառուցված եկեղեցիներով ու քարայր կացարաններով, այլ տներում ստեղծված սրբատեղիներով։
Դրանցից մեկը «Ոսկեկող Ավետարան» կոչվող սրբատեղին է, որն աշխարհի տարբեր ծայրերից իր շուրջն է հավաքում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։ Հովհաննիսյանների գերդաստանի բոլոր տղամարդիկ զորություն են ստացել Արևմտյան Հայաստանից բերված սուրբ գրքից՝ Ավետարանից, որի շնորհիվ էլ կարողանում են մանկաբուժությամբ զբաղվել։
«Կհասնեք գյուղի կենտրոն, կթեքվեք հյուսիս-արևելք, հենց տեսաք դռան շեմին կողք կողքի նստած մարդ ու կնոջ, ուրեմն ճիշտ տեղում եք»,- սրբատեղիի ճանապարհն այսպես են բացատրում պեմզաշենցիները։
Պեմզաշենցիների մատնանշած ուղղությամբ գնալով՝ պարզում ենք, որ այդտեղ բնակվում է 83-ամյա Շուռա Հովհաննիսյանը։ Նրա մեծահարուստ պապը գաղթել է Արևմտյանի Հայաստանի Մշո գավառից՝ կճուճներով ոսկեղենը թողնելով այնտեղ ու իր հետ բերելով տան սուրբ գիրքը՝ Ավետարանը։
Կարդացեք նաև
«Իմ պապը փախեփախի ժամանակ եկել է Մշո գավառից, էդ գիրքը հետը բերել է։ Իր հարստությունը՝ոսկեղենը, պահել է դաշտում, բայց գիրքը չի թողել։ Եկել, տեղավորվել է, հետո գնացել է ոսկեղենի հետևից, տեսել է՝ գողացել են։ Պապս ամենամեծ հարստությունն է իր հետ բերել Պեմզաշեն՝ «Ոսկեկող Ավետարանը»։ Շնորհիվ այդ գրքի մեր ազգի բոլոր տղամարդիկ կարող են բուժել երեխեքի մոտ հաճախակի լինող կոխ հիվանդությունը՝ թուլությունը։
Ես գիրքը տեսել եմ մեր տանը, բայց չեմ հիշում։ Այն 1942 թվականին Հնության կոմիտեից եկել, մորս մոտից գիրքը տարել են Էջմիածնի թանգարան, հիմի տեղափոխել են Մատենադարան։ Գիրքը մեր տանը չէ, բայց զորությունը փոխանցել է մեր մեր գերդաստանի արական սեռի բոլոր ներկայացուցիչներին։ Նրանք կամ ձեռքերը լվացնում են հիվանդ երեխայի վրա կամ լվացվում են ջրով, այն լցնում երեխայի վրա, ու նա առողջանում է: Երեք օր շարունակ այս պրոցեսը պիտի կատարես․ ջուրը լցնես գլխին, ոտքերին, երեսը լվացնես: Որ օրը երեխային բերեցին, էդ օրվանից սկսում ենք բուժումը։
Վերջին բուժումը 2-3 օր առաջ եմ կատարել, երեխան կոխ էր, ամբողջ մարմնով թույլ էր, բերեցին, ձեռքերս ջրով լվացրեցի ու երեխայի վրա լցրեցի, լողացրեցի։ Եթե հեռու տեղ են բնակվում ու չեն կարողանում երեխային բերել, ձեռքերս լվացնում եմ ջրով, լցնում շշի մեջ։ Շշալցված ջուրը տանում, խառնում են իրենց տանը հոսող ջրին ու երկու օր էլ իրենց տանն են լողացնու, նույն բանն է լինում, կաևորը իմ ձեռքերի ջուրն է։
Նույնիսկ դեպք է եղել, երբ ձեռքերս լվացել եմ ջրով, լցրել շշի մեջ, ջուրն ուղարկել ենք Նովոսիբիրսկ, երեխային լողացրել են, բուժվել է։ Այս ամենը «Ոսկեկող Ավատարանի» շնորհիվ է։ Մայրս պատմում էր, որ մեծ, ծանր գիրք է՝ տառերը ոսկու նման փայլուն։
Եթե երեխան մորից թույլ է ծնվում, էդ դեպքում չենք կարողանում բուժել, եթե ձեռքբերովի է, բուժում ենք, զգացողության վատացումն ու մարմնի թուլույթունը նաև չար աչքից է լինում։ Երբեմն հիվանդանոց են տանում, բայց մանկաբույժները չգիտեն կոխն ինչ բան է, սրսկումներ են նշանակում, երեխան էլ հո չի կարող բացատրել ինչ վիճակում է։ Էդպիսի երեխաների շատ են բերել իմ մոտ, մի քանի մանկաբույժների մոտ են տարել, ամեն մեկն իր նշանակումներն է արել, երեխային գրեթե մեռած վիճակում բերել են մեր տուն»,-պատմում է Շուռա Հովհաննիսյանը։
Նա հիշում է, որ ինքը բուժումներ սկսել էր անել փոքրուց, երբ իրենց բակ երեխաներ էին բերում, հայրն ու հորեղբայրները կանչում էին իրեն հիվանդ երեխաների վրա լվացվելու։
Շուռա Հովհաննիսյանը զավակներ չունի, սակայն վստահ է, որ այս շնորհը դեռ կփոխանցվի իրենց գերդաստանի տղաներին։
Ի դեպ, «Ոսկող Ավետարան» սրբատեղին հյուրերը երբեմն նույնացնում են «Բոցուկրակի» հետ։ Մեր զրուցակիցը ժպտալով մեկնաբանում է, որ գյուղում Բոցուկրակ անվանել են իր պապին, որը եղել է գյուղի հովիվը։
«Պապս երբ եկել է էստեղ, դարձել է գյուղի նախրապանը, կովերին է արածացնելու տարել։ Առավոտ կանուխ է տարել անասուններին, իրիկունը ուշ է բերել։ Ժողովուրդն ասել է՝ այ Հովհաննես, կտորըմ ուշ տար, շուտ բեր, որ կանայք հասցնեն կթել։ Պապս մերժել է, թե մալը շուտ պտի գնա արածի, ուշ գա։ Կռիվ, դավի է եղել, պապս էլ մշեցի է, փետը վերցրել է ձեռքը, գյուղացիներին խփել, որի գլխին է կպել, որի չգիտեմ որտեղ, ջարդել է, արյունլվիկ է արել։ Տղամարդիկ գնացել են գյուղապետի մոտ, նրա անունը Ղազիկ է եղել, ասել են՝ այ Ղազիկ, էդ բոցուկրակին որտեղի՞ց բերեցիր, դարձրեցիր նախրապան, էդտեղից պապիս մականունը մնաց Բոցուկրակ»։
Հայկավան․ «Ղլիջ Ավետարանի» շնորհած զորությունն ու բժշկվելու համար 76-ամյա Սիլվարդ Մելքոնյանի տան դիմաց գոյացող հերթերը
Սուրբ գիրքը՝ Ավետարանը, բժշկելու զորություն տվել է նաև Շիրակի մարզի մեկ այլ բնակչուհու․ Հայկավան գյուղի 76-ամյա բնակչուհի Մելքոնյան Սիլվարդին։
Վերջինս, ցույց տալով իր տան անկյունում Արևմտյան Հայաստանից բերված սրբապատկերները, գորգերը, պատմում է, որ նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից, ճանապարհին պապին սպանել են, իսկ տատիկը՝ Բայանը, որն այդ ժամանակ հղի է եղել, շարունակել է ճանապարհը՝ իր փոքրիկ տղաներից մեկին ու Ավետարանը շակալած։ Հղի կինը երեք փոքր զավակներ է ունեցել, նրանցից երկուսին ճանապարհին ջուրն է գցել, չի կարողացել փրկել, տեղ հասցնել։
Բայանը իր աստվածապաշտությամբ «վարակել է» ողջ գյուղին՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է բժշկվել, բոլոր խնդիրները լուծել Սուրբ գրքի օգնությամբ։
«Ավետարանը բերել է Կարսից՝ Սուրբ Կարապետ վանքից։ Տատս իր երկու որդիներին՝ Աբրահամին ու Իսրայելին ջուրն է գցել, չի կարողացել նրանց էլ շալակել․ պապայովս հղի է եղել, հորեղբորս էլ շալակն է վերցրել։ Շալակին կապել է նաև Ավետարանն ու որոշ սրբապատկերներ՝ խալու մեջ փաթաթելով։
Ավետարանի երեք կողը մագաղաթյա էր, թռչնապատկերներով էր։ Գիրքը մեծ պատմություն ունի, գողացան, էջերը տարան Ամերիկա, սակայն գողացողները բնաջինջ եղան, հետո վերադարձեցին, հիմա Մատենադարանում է։ Ղլիջ Ավետարան՝ Խաչ Ավետարան է եղել։ Գիրքը գողացան՝ երևի մտածելով, որ զորությունն էլ իրենց հետ կտանեն, բայց սխալվեցին․ հիմա գիրքը չկա, բայց կա զորությունը»,-ասում է Սիլվարդ Մելքոնյանը։
Ըստ նրա, աշխարհի բոլոր ծայրերից, հատկապես Ռուսաստանի տարբեր անկյուններից գալիս են Հայկավան՝ բուժման։
«Գիրքը շատ զորավոր է եղել՝ և՛ անզավակներին երեխա է պարգևել, և՛ հիվանդների է բուժել։ Տատիկիս հին տանը, որտեղ գտնվում էր Ավետարանը, հիվանդ մարդիկ եկել, պառկել, բուժվել են, ամենաշատը վախեցածների է բուժել։ Տատս՝ Բայանը, իր զորությունը փոխանցեց ինձ, ասեց՝ պիտի շարունակես մարդկանց բժշկել, իր 12 թոռների մեջ միակ աղջիկը ես եմ։
Տատս գրագիտություն չուներ, բայց յուրահատուկ բուժում էր անում․ քարը տաքացնում էր մոմով, դաղում ու դնում էր մարմնի ցավոտ մասում, պարտադիր դիմում էր Ղլիջ Ավետարանին ու խնդրում բժշկել հիվանդին։ Բայան տատս նաև 1888 թվականի փոքրիկ երկաթյա խաչ է տեղափոխել Ղլիջ Ավետարանի հետ, որը մտցնում էր օրհնած ջրի մեջ ու դնում մարմնի ցավոտ մասերին։ Ես էլ նույնն եմ անում։
Տատիս հին տունը անծանոթները երազում են տեսնում ու գալիս, գտնում են․ ով ցավ ունի, ում երեխեն կորել է, գալիս են Սրբի դուռը։ Պատերազմի ժամանակ Ախուրյանի շրջանում ինչքան մարդ կար գիշեր-ցերեկ էստեղ էր»։
Սիլվարդ Մելքոնյանը նաև ասում է, որ իրենց տան դիմացի մատուռը 2008 թվականին կառուցել է արտերկրում ապրող հայկավանցիներից մեկը՝ Աբրահամը․ նա 7 տարի երեխա չի ունեցել, հայրը երազ է տեսել, սուրբը հորդորել է ծննդավայրում մատուռ կառուցել։
«Բայան մամի» տան բակում կառուցված մատուռը կարծես փոխարինում է գյուղի եկեղեցուն։ Մատուռի դիմաց էլ կա «Բայան մամի» անունը կրող ցայտաղբյուր՝ որպես հավերժության նշան։
Հայկավանցիներն ասում են, որ առաջին արագիլը նստում է հենց մատուռի խաչին՝ ավետելով գարնանամուտը։
Նյութը պատրաստվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվ․ պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը ԿԳՄՍՆ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրով։
Նյութը պատրաստեց Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ