Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն իր փակումը հայտարարեց հոկտեմբերի 22-ին` ռեժիսոր-խորեոգրաֆներ Ուոլթեր Մաթեինի և Ինա Բրոեքսի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով։ Այն հանդիսատեսի դատին հանձնեց իտալական IM Perfect թատերախումբը Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։
IM Perfect թատերախումբը շրջագայում է ամբողջ աշխարհում և համագործակցում տեղի դերասանների և մասնագետների հետ, մի քանի դերերում ներգրավվում են հյուրընկալող երկրի դերասանները: Հայաստանից ներկայացման մեջ խաղացին դերասան, պարող Կարեն Ճաղարյանը, արվեստաբան, ռեժիսոր Աշոտ Չտչյանը և դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, ինչպես նաև՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի սաներ Անգելինան և Վարազդատը:
Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվեց «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մեկնարկել էր հոկտեմբերի 17-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային- ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։
Փառատոնն այս տարի ուներ հատուկ ուղերձներ` #SaveCulture և #StopAggression։
Շեքսպիրյան փառատոնի ընթացքում միավորվել էին հասարակական-բարեգործական և մշակութային արժեքները։ Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։
Հյուրընկալվեցին 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակից և հյուր, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ՝ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։ Երևանյան 11 բեմահարթակում ցուցադրվեց ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։ Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Սանկտ Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։
Փառատոնը հյուրընկալվեց նաև Գյումրիում։ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրվեց Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնի (Ռուսաստան) «Լիր արքա» ներկայացումը։
Փառատոնի շրջանակում կայացավ նաև հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված էր ուսանողների և անկախ թատերախմբերի համար։
Փառատոնի օրերին կայացան վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք էր բերել բացառիկ համաձայնություն հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովի (ՌԴ) և վրաց անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի հետ։ Սա աննախադեպ հնարավորություն էր շփվելու հռչակավոր ռեժիսորների հետ։
Նշենք, որ փառատոնի նորություններն հասանելի էին https://www.tobe.am/ նորաստեղծ կայքի միջոցով։
Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
***
«ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021-ին։ Առաքելությունն է՝ աջակցել առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում անհատների և նախագծերի, որոնք կրում են սոցիալական և/կամ կրթական ուղղվածություն՝ ապահովելով դրանց հետագա անխափան գործունեությունը:
Առողջապահության բնագավառում ֆինանսավորում ընդգրկում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիայի և քաղցկեղով ախտորոշված հիվանդների բուժման ծախսերը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ