«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Մարտակերտում վարչակազմի ներկայացուցիչների և բնակչության հետ հանդիպումն իսկապես տպավորիչ էր։ Մարտակերտը բավականին հեռու է Ստեփանակերտից, ու այդ պատճառով, ցավոք, բարձրաստիճան անձինք այստեղ հաճախակի հյուր չեն։ Երևում էր, որ բնակիչները բաց ու անկեղծ շփման կարիք ունեն:
Մարդիկ այստեղ ապրում են դժվարին պայմաններում, բայց ինձ զարմացրեց, որ նրանց հետաքրքրում են ոչ այնքան առօրյա խնդիրներն ու հոգսերը, որքան կրթությանը, ապագայի հեռանկարներին վերաբերող հարցերը:
Այստեղի բնակիչներն արժանի են մեծ հարգանքի: Հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացիական պարտքը նրանց համար պարզապես խոսքեր չեն, այլ՝ կենսակերպ: Դա իր օրինակով ցույց էր տալիս նաև Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը: Նա մեր հանդիպման նախօրյակին էր գործընկերների հետ վերադարձել դիրքերում հերթապահությունից: Այստեղ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել: