«Անելիքներ ունենք նոր տեխնոլոգիաների կիրառման, օգտագործման հարցում ռազմակրթական կազմակերպություններին օգնության հարցում։ Դա մեր ուժեղ կողմը չէ։ Նկատի ունեմ բոլորիս՝ ռազմակրթական կազմակերպություններին»,- «ռեԱրմենիա 2.0» միջոցառման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ազատազեն»-ի խորհրդի անդամ Նաղաշ Բաղդասարյանը։
Նշենք, որ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակն արդեն մեկ տարեկան է։ Ուստի հարթակի նախաձեռնողները ներկայացրին որոշ արդյունքներ։ Մասնավորապես հանդիպման ժամանակ ներկայացվեց «Հայկական խաղաղություն» առցանց հարթակը, որտեղ ներկայացվում և կյանքի են կոչվում Հայաստանի համապարփակ անվտանգային համակարգի կայացմանը միտված նախագծեր՝ փոխգործակցություններ և դրամահավաքներ։
«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» տնօրեն Նարեկ Ներսիսյանն էլ նշեց․ «Շատ են խոսում, որ մենք ունեցել ենք անհաջողություններ, և դրանք բերել են մի իրավիճակի, ինչը դարձել է վախի, սարսափի ստեղծման պատճառ։ Գտնում եմ, որ այդ ամենի հաղթահարումը և մեր հաջողությունը մեր քայլերի արագության, համաչափության մեջ է։ Նման քայլերից է ռեԱրմենիա թիմի այս հարթակի ստեղծումը, որը տրամադրում է հնարավորություն, որը ռազմավարական տեսանկյունից մեր հնարավորությունների և ցանկությունների լավագույն բալանսավորումներից մեկն է»։
Նարեկ Ներսիսյանը տեղեկացրեց՝ հարթակը նրանց համար է, որոնք ունեն ուսուցման կարիք և նորարարական մտքեր։ Նա այս առիթով ասաց․ «Նման քայլերի միջոցով է, որ մենք՝ բոլորս մեր հասարակությանը և պետությանը բերելու ենք մեր ու մեր պետության խաղաղ գոյակցմանը։ Ինչպես ասում են՝ եթե ուզում ես ապրել խաղաղ, ապա պատրաստվիր մարտին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ