Ադրբեջանը պետք է դադարեցնի թշնամական հռետորաբանությունը. ասել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում:
Անդրեյ Կովաչեւի՝ Հայաստան այցի նպատակն է ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի մասին պատրաստվող զեկույցում, որն առաջիկայում կներկայացվի եւ կքննարկվի Եվրոպական խորհրդարանում: Նախատեսվում է, որ կառույցն այն կընդունի մինչեւ տարեվերջ:
Հանդիպման ընթացքում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ հանձնաժողովի անդամները մանրամասներ են ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ: Բարձրացվել են Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպանության ու անվտանգության խնդիրները՝ ընդգծելով, որ այսօր վերջիններս էթնիկ զտման վտանգի առջեւ են: Օրենսդիրները նշել են, որ միջազգային գործընկերներից ակնկալում են Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններ:
ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ