Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ երկու գործոն կա․ նախագահի կամքը և Ռուբեն Վարդանյանի կամքը. իմ կամքը երրորդն է»․ Արտակ Բեգլարյան

Հոկտեմբեր 22,2022 20:10

«Այստեղ երկու գործոն կա․ ԱՀ նախագահի կամքը և Ռուբեն Վարդանյանի կամքը։ Իմ կամքը երրորդն է»,- «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողովի եզրափակիչ պլենար նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին՝ ի՞նչ ակնկալիքներ կան «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանից։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը հայտնել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը։

Արտակ Բեգլարյանը փաստեց՝ սա ԱՀ նախագահն է որոշել ու նշեց․ «Ես ցանկացած պահի կարող եմ թողնել պաշտոնը։ Իհարկե, նշանակողն ու ազատողը նախագահն է։ Եթե չցանկանամ էլ թողնել, նախագահը կարող է ազատել։ Առանց որևէ վարանման ես կարծում եմ այս պայմաններով Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար լինելը և առաջարկվող պայմաններն ու լիազորությունները շատ ավելի մեծ հնարավորություններ են բացում Արցախի համար, քան իմ՝ պետնախարար լինելը։ Նախ լիազորությունների մեծ տարբերություն կա։ Ես ուղղակի համակարգում եմ չորս նախարարների՝ ֆինանսական, տնտեսական և ուժայինները չներառելով, քանի որ նախագահն անմիջապես է համակարգում այդ մարմինների գործողությունները։ Անձի տարբերությունն էլ կա, քանի որ ես Ռուբեն Վարդանյանի փորձն ու կարողությունները չունեմ։ Ես չունեմ Ռուբեն Վարդանյանի կապերը, ներուժը մարդկային ռեսուրսների առումով։ Ինքը բավականին լուրջ միջազգային և համահայկական կապեր ունի, որը ես չունեմ։ Ես էլ ունեմ ներքին առանձնահատկություններին ավելի լավ տիրապետելու առանձնահատկություն, պետական կառավարման փորձ։ Իմ ու Ռուբեն Վարդանյանի համեմատական առավելությունները դիտարկելով՝ ես կարծում եմ՝ սա մեզ համար բացառիկ հնարավորություն է։ Լիազորությունների առումով բավականին լայն լիազորություն կտա ներքին կառավարման առումով։ Այս տեսանկյունից ես առավելագույնս պատրաստ եմ աջակցել նրան անկախ որևէ կարգավիճակից։ Կարծում եմ՝ դա լավագույն տարբերակն է, որ սփյուռքի և ՀՀ-ի բոլոր կարողությունները ու սրտացավ ուժերը պետք է ներգրավվեն Արցախի զարգացման, կառավարության բարեփոխումների և արտաքին մարտահրավերների գործում, որի ներուժը Ռուբեն Վարդանյանն ունի։ Սակայն դա պետք է համադրվի ներքին ներուժի արդյունավետ կիրառման հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մտահոգ արցախցի says:

    Փաստորեն, Արտակ Բեգլարյանը իրեն համեմատելի է համարում միայն Ռուբեն Վարդանյանի հետ։ Այսինքն, Արցախում եղած մասնագետներ, պետծառայողներ՝ անկախ իրենց կրթական և մասնագիտական որակներից և առողջական վիճակից, հեչ բան էին Բեգլարյանի համար և նա հանգիստ ինչ պաշտոն կասեին՝ զբաղեցնում էր՝ կոնկուրենցիայից դուրս էր երևի։ Իսկ այժմ ի դեմս Ռուբեն Վարդանյանի նա վերջապես տեսավ իրեն արժանի փոխարինողի։

    Արցախում Բեգլարյանի նման իդեալական պաշտոնյաների հիթ֊շքերթը շարունակվելու դեպքում իրենց առավել օբյեկտիվ գնահատող մասնագետները վերջնականապես որոշում են կայացնելու տեղափոխվել այլ երկիր։ Այս հարցը վաղուց է օդում կախված, իսկ Բեգլարյանին համառորեն պաշտոնից պաշտոն քշողները երևի հենց նման հաշվարկով էլ անում են դա։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31