Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոյեմբերից Արցախի կառավարությունում բավականին մեծ մասշտաբի բարեփոխումներ ենք սկսում»․ Արտակ Բեգլարյան

Հոկտեմբեր 22,2022 19:16

«Մեր անկախության ամբողջ ընթացքում մենք շատ լուրջ գաղափարախոսական խնդիրներ ունենք։ Գաղափարախոսական, վարքային լուրջ հեղափոխություն պիտի արվի»,-«ռեԱրմենիա 2.0» միջոցառման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա՝ ազգային գաղափարախոսությունն այն ճանապարհն է, որի միջոցով մենք պետք է կարողանանք վերածնունդ ապահովել։ Նա ասաց․ «Եթե գաղափարախոսություն չունեցանք, մեր անհատական գործողությունները առանց պետական քաղաքականության, ունենալու ենք կարճաժամկետ նպատակներ, մոտիվացիայի խնդիր»։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Արտակ Բեգլարյանը փաստեց․ «Անվտանգությամբ բոլորս պետք է զբաղվենք և մեր բաժին գործն անենք, բայց անվտանգությունը պետության բացառիկ գործառույթն է։ Մենք կողքից աջակցողները պետք է լինենք»։

Արտակ Բեգլարյանը ցավով նշեց, որ պետական համակարգը չունի այդ կարողություններն արդյունավետ կառավարելու անվտանգային համակարգը, դրա համար էլ բազում նախաձեռնություններ կան, որոնց փորձում են օգնել, սակայն դրանք չպետք է հակասեն պետական գաղափարախոսությանը։

Այնուհետև նշեց․ «Պետական համակարգը մեզ մոտ ու Արցախում շատ ավելի դանդաղ է աշխատում, քան բազմաթիվ նախաձեռնություններ։ Ճիշտ ժամանակն է արժեքային, գաղափարական հեղափոխություններ անել հասարակության մեջ։ Պետական համակարգը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ համահայկական մարդկային ռեսուրսները և պատրաստակամությունն իրացնել արդյունավետ կերպով։ Սա պատերազմից հետո իմ մտորումների հիմնական թեման է։ Ես ինձ էլ մեղադրում եմ, որ չեմ հաջողել ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմ կառուցել, որ կարողանանք ՀՀ-ում և սփյուռքում կուտակված մարդկային ռեսուրսները ծառայեցնել մեր պետությունների շահերին։ ՌեԱրմենիան լավ հարթակ է, բայց ամբողջ խնդիրը չի լուծում։ Այստեղ պետք է հավաքել կարիքները, մարդկանց, դնել մի մեխանիզմ, որ ստիպված չլինենք ձեռքով կառուցել այս գործընթացը, այլ ավտոմատիզացված»։

Նա վստահեցրեց՝ Արցախի կառավարությունը պատրաստ է այդ համագործակցության։ նա ասաց․ «Նոյեմբերից Արցախի կառավարությունում բավականին մեծ մասշտաբի  բարեփոխումներ ենք սկսում՝ Ռուբեն Վարդանյանի գալով պայմանավորված, քանի որ ինքը իր հետ մեծ թիմ ու ցանց է բերում։ Շատ ուրախ կլինեմ, որ համատեղ վերջապես այս հարթակն ունենանք, որ Արցախում կարիքներն ու կարիքավորներին հավաքենք, տվյալների շտեմարաններն ունենանք, համահայկական պոտենցիալը հավաքագրենք ու սկսենք ավտոմատիզացված մեխանիզմով սկսել կարողությունների հեղափոխություն Արցախում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել