Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Շիրակ»-«Փյունիկ» խաղը նշանավորվեց Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում լուսավորության համակարգի գործարկմամբ։
1924 թվականին կառուցված մարզադաշտում առաջին անգամ թիմերը կկարողանան ֆուտբոլ խաղալ երեկոյան ժամերին։ ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան լուսավորության համակարգի գործարկման հատուկ արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ` այժմ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը և այլ պաշտոնատար այրեր։
ՀՖՖ-ի նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց հետևյալը․ «Սա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտից հետո հերթականն էր, որը ապահովվեց լուսավորությամբ։ 2019 թվականի դրությամբ կար 2 մարզադաշտ, որտեղ կարելի էր լուսավորությամբ ֆուտբոլ խաղալ` «Հանրապետականը» և Ավանի ակադեմիայի մարզադաշտը։ Հետագայում մասնավոր ներդրմամբ «Ուրարտուն» ևս ունեցավ լուսավորություն, և մենք ավելացրեցինք Աբովյանն ու Գյումրին։ Նախատեսվում է լուսավորել նաև Շենգավիթի մարզադաշտը և առաջնության հանդիպումների 70-80%-ը կկարողանանք անցկացնել երեկոյան ժամերին։ Այս առումով ես կարևորում եմ, որ առաջնությունը մեծ կարևորություն կստանա և շատ կարևոր էր Գյումրիում ունենալ լուսավորություն, քանի որ այն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլային կենտրոն է։ Գիտենք, որ այստեղ երկրպագուները սիրում են ֆուտբոլ և կարծում եմ՝ մեծ հաճույքով կայցելեն երեկոյան ժամերին ֆուտբոլ դիտելու։
Կարդացեք նաև
Մենք նախատեսում ենք պարտադիր կերպով Գյումրիի մարզադաշտում անցկացնել նաև տարբեր տարիքային հավաքականների հանդիպումներ։ Հաջորդ տարվա ընթացքում կփորձենք կազմակերպել կա՛մ երիտասարդական, կա՛մ կանանց հավաքականի խաղերը»։
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանն իր հերթին նշեց, որ լուսավորությունն անհրաժեշտություն էր, որովհետև 21-րդ դարում ունենալ մարզադաշտ, որը չունի լուսավորություն` անընդունելի է։
«Սա շատ կարևոր է. մշակույթի մայրաքաղաք Գյումրիից քայլ առ քայլ տեղափոխվում ենք սպորտային մայրաքաղաք Գյումրի, որովհետև նման միջոցառումները բերում են հավելյալ հետաքրքրություն»։
Վիրաբյանը խոսեց նաև հաջորդ քայլերի մասին․«Հաջորդիվ պատրաստվելու ենք ընդունել Երիտասարդական հավաքականի խաղերը, և պետք է կարողանանք մարզադաշտն ու բազան բերել այն տեսքի, որը պարտադրում է կանոնակարգը: Նաև գիտեք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին է տրվել «Քաղաքային» մարզադաշտը, և որոշ ներդրումային պարտավորություններ ենք խոստացել ավագանու նիստի ժամանակ: Կկատարենք մեր պարտավորությունները և, ընդհանրապես, բազան կպահենք այն տեսքի, որը հնարավորություն կունենա եվրոպական խաղեր ընդունելու, և մեր երկրպագուները հնարավորություն կունենան մի նոր բան տեսնելու և էլ ավելի ուրախանալու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հաջողություններով»:
Ինչ վերաբերում է խաղին, ապա այն անցավ համառ և անզիջում պայքարում։ Գործող չեմպիոնը «Շիրակի» դարպասի բանալին գտավ միայն 67-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Դավիթ Դավիդյանը։ Հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը 7 անգամ դիմեց դեղին քարտի օգնությանը։
Կրքերը թեժ էին նաև խաղադաշտից դուրս։ 1-ին կեսի միջնամասում բախում տեղի ունեցավ 2 թիմերի երկրպագուների միջև, սակայն մի քանի րոպե անց ամեն ինչ կարգավորվեց։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 21 միավորով 4-րդ տեղում է։ «Շիրակն» իր ակտիվում ունի 11 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում։
Հաջորդ տուրում Գյումրին ներկայացնող թիմը կհյուրընկալվի Երևանի «Արարատին»։ Հայաստանի գործող չեմպիոնի մրցակիցն էլ լինելու էր «Վանը», բայց ինչպես տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը այդ խաղը հետաձգվել է, քանզի թիմը պատրաստվելու է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Սլովանի» դեմ արտագնա հանդիպմանը։
Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի 1-ին կուրս ուսանող
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի