Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում արհեստականորեն բարձրացվում է սպասումների սանդղակը եվրոպացիներից եւ ամերիկացիներից». «Առերեսում»

Հոկտեմբեր 22,2022 22:00

Եվրամիության դիտորդական կարողության վերաբերյալ արդեն իսկ տեսակետներ են հնչում, թե այն ինքնին մեծ հաշվով ոչ մի հարց լուծել չի կարող: Մի օրինակ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է. «Մեր ժողովրդի մեջ մի տեսակետ կա, որ եթե Եվրոպայից 30-40 հոգի եկել են, հեսա մեզ փրկելու են, էլ ոչ ոք մեզ վրա չի կրակելու, ոչ մեկը խախտում չի անելու: Ու եթե հանկարծ, Աստված մի արասցե, մի գերմանացի կամ ֆրանսիացի դիտորդի մատը փուշ մտնի, Ֆրանսիան բերելու է իր Շառլ դը Գոլ ավիակիրը այստեղ կանգնացնի: Ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը հավատա այդպիսի սիրողական, ռոմանտիկ բաներին»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս առնչությամբ ձեւավորված սպասումներին՝ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ասաց, թե հիմնականում կիսում է Արծրուն Հովհաննիսյանի տեսակետը. «Բայց համաձայն չեմ ընդհանուր առմամբ այդ նարատիվի տարածմանը, քանի որ դա հիմնականում անում են (չեմ էլ փորձելու պրն Հովհաննիսյանին կապել այդ մարդկանց հետ) պրոռուսական դիրք ունեցող մարդիկ: Հայաստանում արհեստականորեն բարձրացվում է սպասումների սանդղակը եվրոպացիներից եւ ամերիկացիներից եւ հետո ասում են՝ այ, տեսեք, նրանք չբերեցին, տեսեք՝ Մակրոնը լազերային զենք չտվեց, տեսեք՝ մեզ չփրկեցին… Մեզ երբեք եւ ոչ ոք չի փրկելու՝ բացի մեզնից՝ դա մեկ: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ողջունենք դիտորդական առաքելության տեղակայումը: Դա չի նշանակում, որ դիտորդական առաքելությունը զսպման գործիք չէ՝ վստահ եմ, որ այն զսպման գործիք է: Եվ ես հույս ունեմ, որ գնալով (իսկ այդ միտումները կան) 40-ը շատանալու է»:

Հավելեց. «Ես չեմ ասում, թե ընդհանուր առմամբ չեն կրակելու, բայց դա է այսօր միջազգային միակ գործիքը, որը թույլ է տալիս մեզ խուսափել Ալիեւի հերթական ագրեսիայից, որը միանշանակ կանաչ լույս է ստանալու Ռուսաստանի կողմից: Եկեք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին. տեղի ունեցավ հարձակում, որը մեծ հաշվով սանձազերծվել էր Ռուսաստանի կողմից: Հայ-ռուսական հակաօդային պաշտպանությունը չէր աշխատում այդ օրը՝ դա փաստ է: Եվ չէր աշխատում Ռուսաստանից ցուցումով: Սահմանի վրա կանգնած մեր տղաներին թողել էին անպաշտպան եւ դա արել է Ռուսաստանը: Այս իրավիճակում մենք պետք է ողջունենք ցանկացած՝ 1,2, 5 եվրոպական դիտորդների տեղակայումը, որովհետեւ դա մեր պաշտպանունակությունը բարձրացնում է բավականին: Եվ այո՝ մենք չպետք է ունենանք մեծ սպասելիքներ… Ոչ Ֆրանսիան, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԱՄՆ-ն այսօր այստեղ չեն կարող զորք բերել այն պարզ պատճառով, որ դա չի ընդունվի առաջին հերթին Իրանի կողմից: Եվ մենք Իրանի կարծիքը պարտավոր ենք հաշվի առնել»:

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը նշել էր. «Եթե հավաքական Արևմուտքն իրոք ցանկություն ունի խաղաղություն հաստատել տարածաշրջանում և հարգում է ՀՀ ինքնիշխանությունը, ապա բոլոր հիմքերն ունի ռազմատենչ Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար: Քանի դեռ Արևմուտքը չի կիրառել իր իրական գործիքակազմը, մնացյալ մեթոդները կրելու են ձևական բնույթ: ԵՄ կամ ԵԱՀԿ, ՀԱՊԿ դիտորդական առաքելությունները վերածվելու են ընդամենը ռազմական բախումների մասին վիճակագրական ծառայության, ոչ ավելին»:

Հաղորդման մյուսի հյուրը՝ սոցիոլոգ Կարեն Սարգսյանն անհիմն համարեց սպասումները, թե Արեւմուտքը պետք է Ադրբեջանի դեմ նույնն անի, ինչ Ռուսաստանի դեմ է անում. «Պատժամիջոցները գործիք են, որոնք Արեւմուտքն իրեն թույլ է տալիս այն ժամանակ, երբ «տաք» պատերազմից 10 է պակաս: Հարցս ուղղում եմ Արտակ Զաքարյանին՝ կարո՞ղ է Արա Պապյանի պես բռնես, երեխեքիդ բերես՝ գնաս սահմանում կանգնես, որովհետեւ հենց որ պատժամիջոցներ կիրառվեն՝ Արեւմուտքը կկորցնի մոդերատորի մանդատը եւ դա կվերածվի «տաք» պատերազմի»:

Իսկ արձագանքելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությանը, թե Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ՝ Կարեն Սարգսյանը հարցադրումներ հնչեցրեց՝ նաեւ պատասխանելով դրանց. «Տարածաշրջանում որտե՞ղ կան օտարերկրյա զորամիավորումներ՝ Ադրբեջանում եւ Հայաստանում: Եվ որո՞նք են դրանք: Ռուսաստանի զորքերը: Այ, դրա մասին է խոսքը»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31