Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն հինգից-յոթ կոնվենցիա ունենք, որով կարող ենք Ադրբեջանի դեմ դատական գործ սկսել․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2022 11:51

Իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը մեր հարցին, որ ադրբեջանական կողմից պարբերաբար թեզեր են հնչել՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկել՝ Արցախի բնական ռեսուրսներն օգտագործելու համար, ասաց․ «Իրենք մտածում են, որ կարող են Եվրադատարան դիմել, այնինչ երեկ Էրդողանը խոսում էր Հաագայի մասին։ Եվրադատարան կարող են դիմել, սակայն վստահ եմ, որ այդտեղ էլ կարող ենք Ադրբեջանին պատասխանել, բայց այստեղ մեխանիզմի առումով է։ Խնդիրը նաեւ բովանդակային առում ունի, Հայաստանը որեւէ առնչություն չունի Արցախի Հանրապետության ներսում տնտեսության կազմակերպման հետ, այսինքն՝ Արցախի Հանրապետությունն ինքն է օգտագործել իր տարածքները, իր հողերը, իր ռեսուրսները։ Եվ որպեսզի Հայաստանին պատասխանատվության կանչեն, նախ պիտի ապացուցեն, որ Հայաստանը ոչ իրավաչափ վարքագիծ է կատարել, եւ երկրորդը, այն գործողությունները, որ կատարվել են Արցախում, վերագրելի են Հայաստանին։ Այստեղ էլ խնդիրներ կան, դա բովանդակային է, դա դատարանի քննարկման թեման է։

Չնայած մենք ունենք «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը, որն ի վնաս Հայաստանի է, եւ այնտեղ որոշակի առումով խոցելի տեղեր ունենք, որտեղ մասնակիորեն դատարանն ընդունել է, որ Հայաստանը վերահսկողություն է իրականացնում որոշ տարածքների նկատմամբ: Բայց այդ մեղադրանքը, որ նրանք ներկայացնում են, հենց այնպես օդում ասելով չէ․ նախ պետք է ապացուցեն, որ հանցագործություն է կատարվել։ Եվ երկրորդը՝ պատճառահետեւանքային կապով այդ գործողությունները վերագրելի են Հայաստանին՝ սա էլ բովանդակայինն է։ Այսինքն՝ այդ գործն այդքան էլ հեշտ չէ, որ կանգնել ասում են։ Պարզապես իրենք քաղաքական, դիվանագիտական ճնշման համար այդպիսի հայտարարություններ են անում, որպեսզի Հայաստանին ասեն՝ տեսեք, սա էլ ձեր դեմ կարող ենք դնել։ Մենք էլ պիտի ասենք, որ առնվազն հինգից-յոթ կոնվենցիա ունենք, որ ձեր դեմ կարող ենք դատական գործ սկսել։ Մերոնք չեն ասում՝ երեւի դրա համար էլ բերաններն այդքան մեծ են բացում մեր հակառակորդները»։

Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցնում է, որ այդ կոնվենցիաներից են, օրինակ, պատանդներ վերցնելու դեմ, պատանդներին քաղաքական նպատակով շահարկելու կոնվենցիաները, ինչը որ Ադրբեջանը հիմա անում է։ Այս կոնվենցիաների շրջանակներում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանի հատուկ իրավազորությունը ճանաչել են։ Մյուսը խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիան է, որը ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ճանաչել են դատարանի իրավազորությունը։ Մյուսը վարձկանների դեմ պայքարի, ահաբեկչության դեմ պայքարի դեմ կոնվենցիաներն են: Դրանով ցանկը չի ավարտվում։ Ցանկության պարագայում հայկական կողմը կարող է որպես պատասխան հենց այդ կոնվենցիաների մասին բարձրաձայնել։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31