Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում Իրանն ակտիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում. «Ամերիկայի Ձայն»

Հոկտեմբեր 22,2022 11:22

Վերջին շրջանում Իրանն ակտիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում ու մասնավորապես Հարավային Կովկասում: Այս օրերին Իրանի զինված ուժերը, ըստ իրանական լրատվամիջոցների, զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին: Զորավարժությունների ծրագիրը ներառում է Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու և ռազմավարական դիրքեր գրավելու տեխնիկան:

Ամերիկացի վերլուծաբան Ջոշուա Կուցերան «Eurasianet» առցանց պարբերականի՝ «Իրանի զինված ուժերը «զանգվածային» զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին» իր հոդվածում մեջբերում է իրանցի ռազմական վերլուծաբան Հոսեյն Դալիրանի թվիթերյան գրառումը, ուր նշվում է, որ «զորավարժությունները ի ցույց են դնում զինված ուժերի վճռականությունը՝ դիմակայելու ցանկացած ռեժիմի, որը ցանկանում է խզել Իրանի ցամաքային կապը Հայաստանի հետ»:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Սյունիքի մարզկենտրոն Կապանում հոկտեմբերի 21-ին բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Վերջինս պաշտոնական այցով այս օրերին Հայաստանում է: Իր այցի ընթացքում Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը «Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»՝ շեշտելով, որ Թեհրանի քաղաքականությունը հիմնվում է տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման վրա: Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևոր մաս, և Թեհրանը պատրաստվում է առավելագույն ջանքեր գործադրել` տարանցիկ այս ուղին զարգացնելու համար:

Դրա հետ մեկտեղ, Իրանի արտգործնախարարը Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շեշտել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայությանը: Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահը քննադատել է եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ ընդգծելով. «Իրանը մերժում է եվրոպական ռազմական ներկայությունը տարածաշրջանում` անկախ պատրվակից»: Ըստ Ջոշուա Կուցերայի՝ «եվրոպական ռազմական ներկայություն» ասելով Թեհրանը նկատի ունի ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին, որը մի շարք մտավախություններ է առաջացրել Թեհրանում: Քառասուն դիտորդներից բաղկացած առաքելությունը, Հայաստան ժամանելուն պես, անցել է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանը:

Դրա հետ մեկտեղ, իրանական դրոնների թեման քաղաքական լուրջ հետևանքներ է առաջացրել Թեհրանի՝ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Հոկտեմբերի 20-ին ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանցի մի քանի զինվորականների և մարտական անօդաչու թռչող սարքերն արտադրող ընկերության նկատմամբ, որին միացել է նաև Մեծ Բրիտանիան: Պատճառը՝ Թեհրանի կողմից Մոսկվային ռազմական անօդաչու թռչող սարքերի տրամադրումն է, որոնք հարվածում են ուկրաիանական քաղաքներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, որին զոհ են գնում տասնյակ խաղաղ բնակիչներ։

Ռուսաստանն ու Իրանը հերքում են, որ Ուկրաինայում ռուսական բանակը օգտագործում է իրանական «Շահեդ-136» դրոնը: Կրեմլը լրագրողներին վստահեցնում է, որ «օգտագործվում է ռուսական տեխնիկա՝ ռուսական անուններով», իսկ Թեհրանը փորձում է Արևմուտքին և Ուկրաինային ապացուցել, որ ոչինչ չի մատակարարում Մոսկվային։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքը միանշանակ են՝ Թեհրանն ու Մոսկվան ստում են: Կան բավարար ապացույցներ՝ Իրանի կողմից Ռուսաստանին կամիկաձե դրոներ տրամադրելու մասին:

Իր հերթին ԱՄՆ-ն այս կապակցությամբ զգուշացրել է Իրանին հնարավոր պատժամիջոցների մասին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31