Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Շահինյան. Ճիշտ երակի, վերքին վրա պիտի դնեք ձեր մատը, որ հետաքրքրեք. «Ազգ»

Հոկտեմբեր 22,2022 10:58

Անցյալ շաբաթ հայաստանյան ԶԼՄ-ները բավական մանրամասն լուսաբանեցին շվեյցարական խորհրդարանական պատվիրակության՝ հոկտեմբերի 14-16-ը Հայաստան այցը, ինչպես նաեւ հրապարակեցին հոկտեմբերի 14-ին Ժնեւի կանտոնի բանաձեւը, որ խոսուն վերնագիր ունի՝ «Հայաստանի գոյատեւման համար»: Բանաձեւով մասնավորապես կոչ է արվում Դաշնային ժողովին (Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին) «դատապարտել Ադրբեջանի ՝ ՀՀ-ի դեմ իրականացրած ագրեսիան,  ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար»։ Այցից հետո զրուցում ենք Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ:

-Պարոն Շահինյան, 4 օրյա այցով Հայաստանում էիք՝ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատի, Ազգային Խորհրդի պատգամավոր Միշել Մատերի հետ: Նկատել ենք, որ եվրոպացի պատգամավորները ադրբեջանական հարձակման ենթարկված Հայաստան գնալու առաջնահերթություն չունեն: Սա այդ պատգամավորների թերեւս առաջին այցն է: Ինչպե՞ս կարողացաք համոզել նրանց այս պահին Հայաստան այցելել:

-Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո միտք ծագեց անպայման այց կազմակերպել՝ թե՛ Հայաստանի ժողովրդին, թե՛ Զվիցերիո Դաշնության հրապարակային դաշտին հստակ քաղաքական պատգամ հղելու, թե Հայաստանը մինակ չէ: Եվ Ադրբեջանը, որպես հարձակվող, հստակ պետք է դատապարտվեր՝ միջազգային իրավունքի իր գործած խախտումների, ներխուժման ատեն բանակի գործած վայրագ ոճիրների համար: Մյուս համանախագահները չկարողացան մաս կազմել մեր այցին, քանի որ կարճ ժամանակամիջոցում եղավ պատրաստությունը, սակայն այս երկուսը ամենամեծ ցանկությամբ համաձայնեցան գալ: Պետք եղած կազմակերպչական գործերը գիծի մեջ դրի, Զվիցերիո նորանշանակ դեսպանի հետ կապվեցա, որը շատ օգնեց՝ կազմակերպչական, թե քաղաքական տեսակետեն: ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը առաջիններեն եղած էր, որ հարձակումեն 3 օր վերջը Ջերմուկ գացած էր: Եվ մեզի հետ հոկտեմբերի 16-ին իր երկրորդ այցն էր Ջերմուկ: Ինչպես Զվիցերիա, դժբախտաբար մյուս երկրներում էլ աշխատանքի ոչ մեթոդ, ոչ ալ ճիգ կա՝ բարեկամական խմբերի ներկայությունը չէ ապահովված: Ֆրանսայի մեջ կա, բայց, այսպես ասենք՝ լար քաշողները չկան: Տեղում գործող նորմալ քարտուղարների՝ մարդկանց հավաքելու, համոզելու գործունեությունը, խնդրին ուղղված ճշգրիտ ձեւով աշխատիլը կարեւոր է: Օրինակի համար Ժնեւի բանաձեւը նույն գործունեության արդյունք հանդիսացավ: Քանի որ մարտահրավերի հեղինակը նույն բարեկամական խումբն էր: Եվ պետք եղած դուռերը ծեծելով, ճիշտ մարդկանց գտնելով, քիչ ժամանակվա ընթացքին կարողացանք հասնել նրան, ինչը եղավ: Չկարծեք, թե ցանկացանք միմիայն զվիցերական պատվիրակություն բերել: Ես նաեւ Ֆրանսայի, Գերմանիո, Իտալիո հետ կապվեցա, բայց պետք եղած արձագանքը չեղավ:

-Ինչո՞ւ: Շվեյցարիան համեմատած ձեր նշած երկրներից ավելի փոքր երկիր լինելով, փոքրաթիվ համայնք ունենալով, հաջողում է արագ գործել: Ի դեպ, Ջերմուկ գնացել էր ոչ միայն Շվեյցարիայի դեսպանը, այլեւ՝ Երեւանում պաշտոնավարող տարբեր երկրների դեսպաններ, որոնց թվում՝ նաեւ Գերմանիայի նորանշանակ փոխդեսպանը, գրառում կատարել, բայց՝ դրանից հետո որեւէ բան չի փոխվել… Այս արագ արձագանքը բացառապես ձեր նախաձեռնությունն է, ճի՞շտ եմ:

-Մի փոքր չափազանցություն է: Բարեկամական խումբը 2004-ի հունիսին հիմնվեց: Բավական երկար փորձ ունի, սա խմբի 6-րդ ճամփորդությունն է: Բայց  երեւակվում է նպատակասլացության եւ ճիշտ մարդկանց, իրենց գործունեությունը մատուցանելու պակասությունը:

-Այստեղ նկատելի չէ՞ Հայաստանի իշխանությունների, Սփյուռքի հանձնակատարի պասիվությունը, որոնք, ենթադրում եմ, հայ համայնքի հետ պետք եղած աշխատանքը չեն կատարում: Ընդհանրապես բարձիթողի վիճակ է այն առումով, որ մեծաթիվ սփյուռքը՝ գերմանահայությունը, ֆրանսահայությունը չգիտի ինչ անի: Բոլորն էլ մտահոգ են Հայաստանի, Արցախի ճակատագրով, բայց մեկ- երկու տեղ ցույց անելով, կարծես բան չի փոխվում: Չենք կարող ասել նաեւ, թե տեղի մամուլը չի գրում:

-Թե աս է ճիշտ, թե՝ ընդհանրապես քաղաքական տեսլականի պակասությունն է: Եվ նաեւ դեսպանատների պետք եղած քայլերը չառնելը, դեսպանատների ճիշտ ակնոցը չհագվիլը, որպեսզի իդենտիֆիկացվին ճիշտ անձինք, որոնք կարող են կարճ ժամանակվա մեջ արդյունավետ եւ համոզիչ ձեւով մարդկանց հրապուրել: Երեւակայացեք՝ անձամբ հրավիրեցի մի գերմանացի պատգամավորի, որի հետ պատահական ծանոթացել եմ 1,5 ամիս առաջ, կապ ունեմ: Գրեցի իրեն, պարզ է, որ մեկ օրեն մյուսը չեք կրնար մարդկանց հայերուս ընկերներ սարքել: Պիտի կարողանալ յուրաքանչյուր անձի բուն հետաքրքրական երակը գտնել: Իր լեզվով խոսիլ: Եվ ֆինանսական միջոցներ են պետք:

Ճիշտ երակի, վերքին վրա պիտի դնեք ձեր մատը, որ հետաքրքրեք իրենց: Օրինակի համար՝ էներգետիկ խնդիրը, բռնատիրության շանտաժի տակ ըլլալը, կամ՝ Ադրբեջանը միտքի ազատության տեսակետեն ոչինչ է, իսկ Հայաստանը, ինչ որ ալ դժվարությունների տակ, բայց բարձր է նույնիսկ Ռուսիայից: Նաեւ արեւմտյան գործիչներին հիշեցնելով, որ միմիայն ժողովրդավարություն քարոզելով  եւ Հայաստանից ժողովրդավարություն պահանջելով,  իրենք որեւէ բան չեն փոխելու: Պիտի իրազեկվեն, տեղվույն վրա պիտի երթան եւ տեսնեն՝ ինչ է կատարվում: Մենք կարողացանք շատերու հետ՝ ՄԻՊ-ի, ԱԺ նախագահի, պատգամավորներու հետ,  Անվտանգության քարտուղարի, նույնիսկ ԱԳՆ կարեւորագույն անձանց հետ տեսնվել: Դժբախտաբար ընդդիմության հետ հանդիպում չկայացավ: Ամենայն հայոց կաթողիկոսի հետ մեր հանդիպումը երկրորդական կարեւորություն չուներ: Մեր հոգեւոր բարձրագույն առաջնորդն է եւ նրանից պատգամներ լսելը երկրորդական չէ: Հայաստանը չի կրնար մոռնալ, որ ինքն այն փոքրիկ լեզուն է քրիստոնեական, որը հենց իսլամական երկիրներուն սիրտին մեջը դեռ կշարունակե լինել: Բոլորն այդքան կուրացել են, որ այս իրողությունը չեն տեսնում:

 

Հարցազրույցը՝ Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31