Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է զբոսաշրջային ցանկալի ուղղություն մնալ հատկապես ռուս զբոսաշրջիկների համար. «Փաստ»

Հոկտեմբեր 22,2022 10:40

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան հանցավոր ագրեսիան իր բացասական ազդեցությունն ունեցավ զբոսաշրջության ոլորտի վրա:

«Տարածաշրջանում անկայուն, սահմաններին պատերազմական վիճակն անպայման էական բացասական ազդեցություն է ունենում: Պոտենցիալ զբոսաշրջիկներն ավելի զգուշավոր են դառնում, շատերն իրենց պլանավորած այցելությունները չեղարկում են, հատկապես, երբ դա զուգորդվում է նաև իրենց երկրների իրավասու մարմինների հայտարարություններով, որ խորհուրդ չեն տալիս կոնկրետ վայրեր այցելել: Մեր երկրում օտարերկրյա դիվանագիտական շատ ներկայացուցչություններ իրենց քաղաքացիներին խորհուրդ չէին տալիս այցելել հատկապես Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր: Հիմա այցելությունները, կարծես թե, քիչ-քիչ վերականգնվում են, իհարկե, քանակը չենք կարող բավարար ու ցանկալի համարել: Ավելի շատ գալիս են անհատական այցելություններով, խմբային կազմակերպված այցելությունները դեռ շատ քիչ են»,-«Փաստի» հետ զրույցում նշում է նա:

Չնայած սահմանային լարվածություններին, Հայաստանը շարունակում է զբոսաշրջային ցանկալի ուղղություն մնալ հատկապես ռուս զբոսաշրջիկների համար: Ֆեդերացիայի նախագահը սրան նպաստող մի քանի գործոն է առանձնացնում: «ՌԴ-ն տարիներ շարունակ եղել և մնում է մեր հիմնական շուկան: Մինչև համավարակն ու պատերազմը մեր ներգնա զբոսաշրջային այցելությունների շուրջ 40-45 տոկոսը կազմել են ՌԴ-ից այցելությունները: Այսօր ևս այս միտումը պահպանվում է: Համավարակից հետո աշխարհում զբոսաշրջությունը սկսեց վերականգնվել, ճանապարհորդությունների սահմանափակումները վերացան: ՌԴ-ի հետ մեր սահմանային անցման գործընթացները, մեր վիզային ռեժիմը և այլն, շատ ավելի պարզ էր՝ ի տարբերություն այլ երկրների. նրանց անվտանգային միջոցառումներն ավելի խիստ էին և այլն: Ուստի ՌԴ-ի արտագնա և մեր ներգնա տուրիզմի համար խոչընդոտներ չկային: Եվրոպական, արևել յան և մյուս երկրների դեպքում դեռ կային համավարակով պայմանավորված սահմանափակումներ, այդ իրավիճակում ՌԴ-ից այցելությունները բավականին ակտիվ էին: Հետո մեզ մոտ մեկ այլ խնդիր առաջացավ՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ դրամի խիստ արժևորումը: Սա զգալիորեն թանկացրեց դոլարով ու եվրոյով վճարող շուկաներից Հայաստան այցելությունները: Այդ շուկաներում հայկական զբոսաշրջային արդյունքի գինը շուրջ 30 տոկոսով թանկացավ: Ռուսաստանի հետ կապված նման խնդիր չեղավ»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31