Իշխանափոխություն, չդադարող պատերազմ, անվերջանալի խնդիրներ, որոնց լուծում չի տրվում, անհասկանալի որոշումներ: Վերջին չորս և ավելի տարիներին այս իրավիճակում ենք ապրում: Իսկ ո՞ւր ենք հիմա հասել: Նկարիչ Աշոտ Ավագյանն ասում է՝ երևի թե դա տիեզերքի ամենադժվար հարցն է: «Խայտառակ վիճակում ենք՝ անորոշ, անհասկանալի: Այս պահին նման իրավիճակում ենք ապրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է նա:
Արձագանքում եմ՝ չնայած իրավիճակն անհասկանալի ենք որակում, բայց, կարծես, հիմա ամեն ինչ ավելի ակնհայտ է՝ բոլոր կողմերի նպատակները ջրի պես զուլալվել են: «Ամեն ինչ պարզ է այն իմաստով, որ երկիրը հանձնվում է, բոլորը դա ասում են, բոլորը դա գիտեն: Հոգեբանորեն խայտառակ վիճակ է՝ անտարբերությունից սկսած վերջացրած պարտվողականությամբ: Համակերպվելու միտում է նկատվում»,-հավելում է նա:
Նկարչի խոսքով, մարդկանց մի փոքր զանգված կարծում է, որ այսպես չի կարող մնալ, պետք է մի բան անել, մեկ օր պետք է ռևանշ լինի: «Բայց ռևանշն էլ ժամանակ է ուզում, գուցե հինգ, գուցե քսան տարի պետք լինի դրա համար: Ռևանշի համար անհրաժեշտ է նաև, որ իշխանությունը փոխվի, նոր իշխանություն գա, և մտածեն հետագա անելիքների մասին: Սրանց հետ որևէ անելիք չկա: Ասում են՝ ապագա կա, իրականում չկա: Եկել, նստել են Իշխանասարի վրա, ամբողջ մեր տարածքը՝ համարյա մինչև Դաստակերտ, իրենց բռի մեջ է: Իսկ սա հոգեբանորեն չի կարող մարդկանց չճնշել»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Մեծախոսություն է համարում այն, որ ասում են՝ մենք չենք հանձնի, մենք չենք տա ճանապարհը: «Դա ինքնախաբեություն է, իրենք իրենց հույս են տալիս, բայց հոգու խորքում շատ լավ պատկերացնում են, թե ինչ է կատարվում»,-ասում է պարոն Ավագյանը, իսկ ես հավելում եմ՝ շատերս ենք հասկանում, թե ինչ աղետի մեջ ենք:
Արձագանքում է՝ աղետը մեղմ բառ է իրավիճակը նկարագրելու համար: «Բայց այս նույն աղետի զգացողությունը շատերին ամուլ է դարձրել: Մարդիկ կան, որոնք, այո, դժգոհում են, այո, հարցեր են ուղղում, ասում են՝ այս ի՞նչ եք անում: Շատերն էլ իրենց կոմֆորտ զոնայի մեջ են փակվել ու ոչինչ չեն ուզում անել, երևի այսպես իրենց հարմար է ապրել, համակերպվել են աղետի հետ: Իրենց մտքի մեջ ասում են՝ սա է, ի՞նչ անենք: Շատերն էլ գուցե մտածում են հեռանալու մասին»,-նշում է նկարիչը:
Կարդացեք նաև
Ավագյանի խոսքով, իսկ այն մարդկանց հետևից, որոնք ասում են, թե ինչ է պետք անել, չեն գնում, չէ՞ որ այդ դեպքում իրենց իսկ ստեղծած կոմֆորտ զոնայից պետք է դուրս գան: «Այս իրավիճակից դուրս գալու համար ելքեր առաջարկողներին մարդիկ չեն հավատում: Սա էլ պատահական չէ, բազմաթիվ տեխնոլոգիաներ են կիրառվել դրա համար, աշխատել են այդ ուղղությամբ: Ոմանք շարունակում են հավատալ այս իշխանություններին, ոմանք գիտակցել են իրենց կատարած սխալը, բայց չեն ուզում «մեջքի ընկնել», քաջություն չունեն իրենց մեղքն ընդունելու: Այստեղ ապաշխարելու խնդիր կա: Ոչ բոլորն, իհարկե, բայց շատերն ընդունեցին, որ 2018 թ.-ին սխալվել են, երբ ընտրել են այս մարդկանց: Մյուս աբսուրդն էլ այն է, որ մարդիկ, որոնք հստակ գիտակցում են ժամանակին կատարած իրենց սխալը, նոր ընտրության դեպքում անելու են նույնը՝ կրկնելու են նույն սխալը, որովհետև վերլուծելու, եզրակացություններ անելու քաջություն չունեն: Սա այդ ամուլ վիճակի հետևանքն է, մարդկանց ամլացրել են: Հիմա արդեն շատերի հետ բանավեճի մեջ չեմ մտնում, որոշ մարդկանց դեպքում իրենց մտածողությունը, կարծիքը չի փոխվելու, որոշների դեպքում փոխվել է, բայց, միևնույնն է, քեզ հետ չեն համաձայնում, ամաչում են, քանի որ ժամանակին իրենց ասել ես՝ չի կարելի այսպես վարվել»,-ասում է նա:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում