Նկատի չունեմ միայն Հայաստանն ու հայաստանահայությանը. համայն հայությունն է, որպես ազգային ինքնություն, կորցնում Սփյուռքը, կամ, եթե կուզեք՝ Սփյուռքն էլ է կորցնում Սփյուռքին։
Բավական երկար ժամանակ հասարակական մտածողության մեջ եւ պետական շրջանակներում տիրապետող էր այն միտքը, թե պատմական դժնի հանգամանքների, տարատեսակ հալածանքների ու, մանավանդ, Ցեղասպանության հետեւանքով գոյացած սփյուռքահայության առկայությունը հարկավոր է վերածել առավելության։ Նույնիսկ օտար պետական գործիչներ (հիշենք Շեւարդնաձեին) պնդում էին, որ կովկասյան երեք երկրներից Ադրբեջանը եթե ունի նավթ, Վրաստանը՝ ծով, ապա Հայաստանն օժտված է աշխարհով մեկ տարածված եւ ընդհանրապես բարեկեցիկ կյանքով ապրող հայությամբ, սփյուռքով։
Անձամբ տեսել եմ այն հեռագիրը, հեռավոր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, Սարգիս Կարապետ անունով մեծահարուստ եւ մեծ ազդեցիկ մի հայի, որը ձեռք էր բերել բացառիկ մենաշնորհը սովետական հայտնի պարախմբեր հրավիրելու այդ երկիր։ Նա հեռագիրն ուղարկել էր Մոսկվա՝ մշակույթի նախարար եւ հակահայ Ֆուրցեվային, որ եթե Խ. Հայաստանի պարի պետական անսամբլը չուղարկեն Ֆիլիպիններ, այլեւս ոչ մի խումբ էլ չի հրավիրի։ Փափուկ ուժի դրսեւորման, ավելի ճիշտ՝ օգտագործման բացառիկ օրինակ, որը ինքնաբուխ էր, հայի հայկականությամբ պայմանավորված, մինչ Հայաստանում ոչ ոք չգիտեր այդ իսկական հայ մարդու գոյության մասին։
Սովետական շրջանում, հատկապես վերջին տասնամյակներին, Հայաստանի իշխանությունները օգտագործեցին Սփյուռքի գործոնը, երբեմն ձախավեր, բայց ավելի հաճախ՝ երկուստեք շահավետ նախաձեռնություններով, որքան որ հնարավոր էր։ Խ. Հայաստանի ղեկավարությունը, հաջս Մոսկվայի, հաճախ օգտագործեց նույնիսկ ՀՅԴ-ի ընդդիմադիր լինելու հանգամանքը՝ Կենտրոնից հավելյալ արտոնություններ ձեռք բերելու նպատակով։ Այլ խոսքով, սովետահայ ղեկավարությունը, մասնավորաբար Կարեն Դեմիրճյանի իշխանության ժամանակաշրջանում, գիտցավ ու գիտակցեց Սփյուռքը որպես ամբողջություն դիտարկելու, նրա հայապահպանության ճիգերին աջակցելու անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Ու երբ թափ առավ Արցախյան զարթոնքը, նաեւ՝ պատահեց աղետալի երկրաշարժը, միաժամանակ՝ սկիզբ առավ անկախության շարժումը, սփյուռքահայությունը, հոգեբանորեն ու գործնականապես, սահուն անցում կատարեց դեպի համազգայնացում՝ տպավորելով նաեւ օտարներին՝ բարեկամ թե թշնամի։
Նորից դիմելով սիմվոլիկային՝ հիշենք Շառլ Ազնավուրին, որի հայկականությունը վարակիչ գործոն դարձավ միջազգային բոլոր հարթակներում, թե պետք է օգնել Հայաստանին աղետի ցավը ամոքելու, թե հայությունը արժանի է անկախ, բարգավաճ պետություն ունենալու՝ ազատագրված Արցախը ներառյալ։ Համահայկականության գաղափարը վերաճեց պետականության գաղափարի, պետականությունը՝ հաղթանակներ կերտելու, երկիրը վերաշինելու, արդիական հաստատություններ, ճանապարհներ կառուցելու հանձնարարության, ներառյալ Արցախը եւ հատկապե՛ս Արցախը։ Հայկական գաղթօջախներում իմաստավորվեց հայ լինելու, հայ մնալու ձգտումը, պահանջատիրությունը, Ցեղասպանության դատապարտման պահանջը մտավ գործնականացման ուղի։
Այստեղ, միշտ դիմելով սիմվոլիկային՝ ընդգծել է պետք Լուիզ Մանուկյան Սիմոնի եւ Քըրք Քըրքորյանի անունները, որոնք բացառիկ դեր կատարեցին, նաեւ անուններն այն մարդկանց, որոնք առաջին ներդրողները եղան հայրենի տնտեսության զարգացման ասպարեզում, երբեմն բիզնես սկզբունքները ստորադասելով ազգային ապրումներին, ինչը պատճառ դարձավ, որ տեղացի ընչաքաղց խարդախներ օգտվեն առիթից եւ անվստահելիության համբավ տարածեն մեր ողջ երկրի ու ժողովրդի վրա։
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում