«Ազգ»-ի զրուցակիցն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
— Նախորդ շաբաթ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ուր տեղի էր ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահներն իրենց ելույթներում ու հարցազրույցներում Հայաստանին ուղղակիորեն վերաբերող հստակ «մեսիջներ» էին հղում: Հայաստանից մինչեւ այս պահը դրանց որեւէ գնահատական չի տրվել: Երեք նախագահների՝ Պուտինի, Ռաիսիի, Ալիեւի շուրթերից հնչած հայտարարությունների, որպես փորձագետ, ի՞նչ գնահատական կտաք: Ի՞նչ են ուզում նրանք հասկացնել կամ ասել մեր երկրի ռազմաքաղաքական իշխանությանը:
— ՀՀ վարչապետն ու օրվա իշխանութունը Հայաստանի՝ արտաքին քաղաքական վեկտորը ցանկանում են դեպի Արեւմուտք փոխել, բայց մյուս կողմից նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն այն բանի մասին է վկայում, որ Ռուսաստանն էլ իր հերթին է փորձում Հայաստանին, այսպես ասած, բաց չթողնել: Թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ դրանից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն Արցախի մասով հայտարարությունները ստորագրել են հենց ռուսական կողմի միջնորդությամբ, ու պարզ է, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է ակտիվ եւ որոշիչ մասնակցություն ունենալ նաեւ հետագա բանակցությունների ու հայտարարությունների ժամանակ: Իհարկե, այնպես չէ, որ այս պահին ռուսական կողմ էլ ավելի լավ տարբերակ է մեզ առաջարկում, բայց շտապողականություն ցուցաբերելով՝ կարելի է շատ ավելի վատ փաստաթուղթ ունենալ, քան Ռուսաստանն է առաջարկում: Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումները՝ կարելի է ենթադրել՝ Արեւմուտքի կողմից առաջարկվող փաթեթը շատ ավելի ոչ հայանպաստ կարող է լինել:
— Վերոնշյալ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինն ընդգծել էր, որ Մոսկվան ձեռքն Արցախյան հակամարտության զարկերակի վրա է պահում, Ալիեւն էլ իր հերթին շեշտել էր, որ անում են հնարավորը Հայաստանի հետ հնարավորինս երկարատեւ խաղաղություն հաստատելու համար: Այս «մեսիջներից» ի՞նչ կարող ենք հասկանալ, ենթադրել ու եզրակացնել: Ի վերջո՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթաց կսկսվի՞:
Կարդացեք նաև
— Նախ պետք է հասկանալ՝ Ադրբեջանի ասած «երկարատեւ խաղաղությունն» ի՞նչ է նշանակում: Դա Արցախն իր կազմում ճանաչելն ու Ադրբեջանին 7 «անկլավներ» վերադարձնել է նշանակում: Ադրբեջանցիները նշում են նաեւ, որ «խաղաղության» փաստաթղթում պետք է նշվի նաեւ անհետ կորած քաղաքացիների մասին, ու հստակեցվի նրանց տեղանքը, իսկ դա ապագայում Հայաստանի համար լրջագույն երկու խնդիր կարող է առաջացնել: Առաջինն այն է, որ Հայաստանը միջազգային դատարանի առաջ կարող է կանգնել՝ որպես քաղաքացիական անձանց սպանող պետություն, երկրորդը՝ Հայաստանի իմիջը կվարկաբեկի՝ որպես ցեղասպանությունը դատապարտող ու Հայոց ցեղասպանության հարցը մշտապես, բոլոր հարթակներում բարձրաձայնող երկիր:
Այսինքն՝ այժմ էլ Հայաստանը որպես ցեղասպան պետություն կներկայացվի: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, ապա ադրբեջանական կողմը նշել է, որ Երեւանն Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին դրական է արձագանքել, իսկ եթե Ադրբեջանը կառուցողականությունից է խոսում, ապա որպես փորձագետ՝ կարող եմ եզրակացնել՝ առկա գործընթացները հայկական կողմի շահերից չեն բխում: «Խաղաղության գործընթացի» շտապողականությունը հուշում է, որ Փաշինյանի իշխանությունը մեզ ոչ թե «խաղաղության դարաշրջանի», այլ Նիկոլի ջարդի շրջանի է տանում:
— Մենք անընդհատ խոսում ու քննարկում ենք հարցը, թե ինչպե՞ս է հայ հասարակությունը խաղաղ ապրելու ադրբեջանցիների հետ, բայց հակառակի մասին չենք մտածում: Ադրբեջանցիները մեզ հետ խաղաղ ապրելուն ինչպե՞ս են վերաբերվում:
— Ագրեսիայի չափաբաժինն այնտեղ բավական մեծ է, ու պատերազմից հետո բռնության տեսարաններ պարունակող եւ տարածվող տեսանյութերը ոգեշնչում ու մոտիվացիա են տալիս նրանց:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում