Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն անտրամաբանական է ակնկալել, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման համար մղվող պայքարը, իրականացվող գործողություններն արդյունավետ կլինեն․ «Փաստ»

Հոկտեմբեր 22,2022 09:40

Համաշխարհային բանկը Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանների տնտեսական զարգացումների աշնան զեկույցում Հայաստանի համար կանխատեսել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը հիշեցրել է նաև մեր պաշտոնական տվյալների մասին. ըստ վերջին գնահատման, աղքատության մակարդակը մոտ 47 տոկոս է կազմել:

«Ընդհանուր առմամբ, մենք արդեն իսկ բավականին լուրջ պատկեր ունենք. այդ ցուցանիշը բնակիչների գրեթե կեսին է հասնում: Հարկ է նկատել նաև, որ այդ վերջին գնահատականից հետո մենք բավականին լուրջ գնաճային ճնշումներով ևս մեկ տարի ենք ունեցել, որի ընթացքում մարդկանց եկամուտները չեն ավելացել: Հետևաբար, ՀՀ պաշտոնական վիճակագրությունն այս առումով դեռ կվատթարանա»,-«Փաստի» հետ զրույցում նշել է փորձագետը:

Անդրադառնալով աղքատության խորացմանը նպաստող գործոններին` նա առաջին հերթին առանձնացրեց գնաճը. «Աղքատություն առաջացնող բավականին լուրջ գործոն է գնաճը: Ցավոք, արդեն միայն գործազուրկ կամ ցածր եկամուտ ունեցողների մասին չէ խոսքը: Նվազագույն կենսական պահանջմունքների բավարարման խնդրի առաջ այսօր կանգնել են նաև մարդիկ, որոնք ստանում են միջինին մոտ եկամուտներ: Այստեղից էլ առաջանում է չափավոր աղքատություն կոչվածը: Այսինքն, մարդիկ, ովքեր ստանում են եկամուտներ, բայց գնաճային ճնշումների պատճառով իրենց եկամուտներն ուղղակիորեն չեն բավարարում նվագույն կարիքները հոգալուն: Այսօր, տարբեր գնահատականներով, չափավոր աղքատ է ՀՀ բնակչության մոտ 60 տոկոսը: Ինչ վերաբերում է նվազագույն պարենային պահանջմունքների բավարարմանը, ապա այս առումով սուր աղքատության մասին կարող ենք նշել: Այս տեսանկյունից բացասական դրսևորումներ կան»:

Հաջորդ գործոնի մասին խոսելով՝ Լ. Ամիրխանյանը նշեց, որ արդեն երկու տարի համընդհանուր գնաճային դրսևորումներ ունենք, և այդ տեմպը շարունակվում է: «Մենք արձանագրում ենք նոր գնաճ: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ սպառողական գների ինդեքսը 9,1 տոկոս է: Նույն ժամանակահատվածում միայն սննդամթերքի գնաճը կազմել է 12,5 տոկոս: Ինստիտուցիոնալ առումով դիտարկենք նվազագույն պարենային կամ սպառողական զամբյուղների արժեքները: Ըստ ԿԲ զեկույցում արձանագրված տվյալների, երկու տարվա ընթացքում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 46, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 26,3 տոկոսով:

Այս համատեքստում հարկ է հարցնել՝ 2020-ից ի վեր արդյո՞ք մարդկանց եկամուտները համապատասխան աճ են արձանագրել: Ի դեպ, պարենային զամբյուղի արժեքը, որը 2 տարվա ընթացքում ավելացել է 46 տոկոսով, վերաբերում է այն մթերքներին, որ մարդուն պետք է գոյատևելու համար: Եվ եթե այս համատեքստում դիտարկում ենք մարդկանց եկամուտները, նույն ԿԲ-ի տվյալներով, բնակչության 60 տոկոսի եկամուտներն ավելացել են ավելի քիչ, քան պարենային զամբյուղը: Սա իրականում ահագնացող պատկեր է: Նույն ԿԲ-ի տվյալներով, ՀՀ ամբողջ բնակչության ընդամենը տասը տոկոսի եկամուտներն են գերազանցել առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի աճը: Սա չէր կարող չանդրադառնալ ընդհանուր աղքատության ցուցանիշի վրա: Իրապես սարսափելի է մտածել, որ երբ այս ամենի գնահատված, ամփոփիչ պատկերն ունենանք, իրականում աղքատության ի՞նչ մակարդակի հետ ենք գործ ունենալու: Ցավոք, վերջին առնվազն տասը և ավելի տարիների կտրվածքով սա աննախադեպ և բացասական ցուցանիշ է»,-նշեց մեր զրուցակիցը:

Փորձագետն այս համատեքստում է դիտարկում նաև ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի տվյալները, ըստ որոնց, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի: «Եթե վերոնշյալ զեկույցի հետ դիտարկենք նաև վերջին ժամանակահատվածում ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Սովի քարտեզն» ու համեմատականներ անցկացնենք, ապա մենք առնվազն երեք ամիս առաջվա տվյալներով ունենք իրավիճակ, երբ ընդամենը մեկ ամսում մեզ մոտ 90 հազարով ավելացել է թերսնվածների թիվը: Սա իրականում ցույց է տալիս այն, ինչը կա մեր իրականության մեջ: Սա ցավալի պատկեր է. որքան էլ կառավարության կողմից հակառակն է պնդվում, ցավոք, մեր գնահատականներում չենք կարող շրջանցել այդ պատկերը: Ես այս առումով չեմ ուզում կառավարությունից եկող աննախադեպ աճերի, դրական ֆոների և այլնի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել, որովհետև, հաշվի առնելով իրական պատկերը, դրանք առնվազն վիրավորական են սեփական հանրության համար»,-շեշտեց փորձագետը:

Այդուհանդերձ, ըստ նրա, մի կարևոր հանգամանք կա. «Երբ կառավարությունը իրական պատկերի ախտորոշումը իրականությունից կտրված է տալիս, առնվազն անտրամաբանական է ակնկալել, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման համար մղվող պայքարը, իրականացվող գործողություններն արդյունավետ կլինեն: Դիտավորյալ, թե ոչ, բայց իրենց կողմից պատկերն աղավաղված է ներկայացվում և իրականության հետ որևէ կապ չունի, ըստ այդմ, արդյունավետության տիրույթում գործողություններ ակնկալելը տրամաբանական չէ: Այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությունը: Որևէ կերպ չեմ նսեմացնում այդ մի քանի հազար դրամի նշանակությունը յուրաքանչյուրիս համար, բայց ավելորդ է խոսել այն մասին, թե դրանով որքանով է սոցիալական խնդիր լուծվում, կամ աղքատության մակարկադի վրա դա ինչ ազդեցություն է ունենալու:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31