Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի ներգրավումն ու վերադարձը

Հոկտեմբեր 22,2022 12:30

Սկիզբը՝ «Առավոտի» 15.10.2022 համարում

Սփյուռքի մասին խոսելիս հաճախ է հնչում այն միտքը (անգամ` մեղադրանքը), թե ինչո՞ւ սփյուռքը անկախ Հայաստան չի վերադառնում (հայրենադարձման իմաստով), չէ՞ որ Հայրենիքն արդեն ինքնիշխան է, անկախ Հայաստանը այլեւս երազանք չէ, իրողություն է: Օրինակ, շատ է խոսվում, որ անկախության տարիներին Հայաստանից շատ կապիտալ է անգամ դուրս հանվել: Հայաստանը մշտապես ներդրումների հրավեր է հղում: Հայաստանը մեծ սփյուռք ունեցող փոքր երկիր է: Երբ աշխարհի հայերի մոտ 70%-ը Հայաստանից դուրս է ապրում եւ Հայաստանում ներդրում չի կատարում, կամ ոչ բավարար չափով է անում, ապա Հայաստանից դուրս ապրող ոչ հայազգի պոտենցիալ ներդրողը նույնպես պասիվություն կցուցաբերի ներդրումներ կատարելու հարցում:

Սփյուռքն ընկալելիս նախ հաճախ տարածված թյուրըմբռնում կա այն դիտել որպես միատեսակ զանգված: Նույնիսկ նույն երկրում ձեւավորված երկու խոշոր համայնքներում կառուցվածքը շատ տարբեր է: Օրինակ, եթե Ավստրալիայի Մելբուռն քաղաքի հայկական համայնքում ծագումով պոլսահայերը զգալի կշիռ են կազմում, ապա, բացարձակ թվաքանակով համադրելի լինելով, Սիդնեյում նրանք շատ ավելի փոքր մասնաբաժնով են ներկայացված: Բացի այդ, մի քաղաքում համեմատաբար ավելի շատ են հայկական կրթական, կրոնական կազմակերպությունները, քան մյուսում: Նույն երկրի տարածքում տեղակայված հայկական երկու համայնքներ կարող են տարբերվել միմյանցից՝ ըստ ծագումնաբանության, ըստ բերած սովորույթների ու ավանդույթների:

Բացի այդ, շատ անգամ սփյուռքը ընկալվում է ոչ թե որպես ցանց, այլ` առանձնացված գաղութներ: Սփյուռքը որպես ցանց ընկալվելու մեծ հնարավորություններ ունի, եւ այդ ընկալմանը կարող է մեծապես օգնել համացանցը: Սա լավ հնարավորություն է սփյուռքի ավելի արդյունավետ վերադարձի համար: Այստեղ պետք է հստակ տարբերակել երկու հասկացություն՝ սփյուռքի մշտական ֆիզիկական հայրենադարձությունը եւ սփյուռքի վերադարձը, որն ավելի լայն հասկացություն է եւ ունի արտահայտման տարբեր դրսեւորումներ` ֆիզիկական, վիրտուալ, անգամ` երեւակայական: Վերադարձի ցանկացած դրսեւորման տեսանկյունից հայկականի հետ կապը առանցքայինն է եւ դրան նպաստելը շատ լուրջ աշխատանք է պահանջում:

Առանձնակի կարեւորություն ունի սփյուռքի՝ Հայաստանի հանդեպ պատկանելության տարածքի զգացողության կարեւորությունը: Հայերի դեպքում՝ բացառիկ է, որ աշխարհագրական տարածքը ազգի անունով է կոչվում՝ Հայկական բարձրավանդակ, որտեղ էլ գտնվում է հայկական պետությունը: Եվ շատ կարեւոր է, որ հայկական պետության տարածքի հանդեպ սփյուռքում ձեւավորվի պատկանելության զգացողություն: Թե որքան ժամանակ պիտի անցնի դրան հասնելու համար, կախված է այն բանից, թե որքանով ակտիվ ու հետեւողական աշխատանք կտարվի Հայաստանի կողմից սփյուռքի ներգրավման եւ սփյուռքում վերադարձի զգացողությունն ամրապնդելու ուղղությամբ: Իր բնույթով սփյուռքային (diasporic) լինելը դեպի հայկական եւ Հայաստան մշտական վերադարձի մեջ գտնվելու կենսակերպն է: Վերադարձի այդ զգացողության կայացմամբ սփյուռքում ապրող հայերը Հայաստանի զարգացմանը մասնակցելու հնարավորությունն են ունենում, այդ թվում` նաեւ իրենց բնակության երկրից: Իսկ այդ վերադարձին նպաստելու քաղաքականության շնորհիվ, հետեւողականորեն գործելով, ժամանակի հետ հնարավոր կլինի նաեւ հասնել սփյուռքահայերի մի մասի ֆիզիկական մշտական հայրենադարձությանը:

Տարբեր ուսումնասիրություններ (Թոլոլյան, 2000) ցույց են տալիս, որ հայերի դեպքում երբ ձեւավորվում են համայնքային կառույցները, նրանք ինստիտուցիոնալիզացնում են համայնքը տվյալ տարածքում, եւ, կայացնելով իրենց ինքնուրույն համակեցությունը, ամրանում են տվյալ երկրում: Դա, իր հերթին, հետագայում խանգարում է դասական իմաստով սփյուռքի հայրենադարձությանը: Ինչ-որ տեղ սկսում է աշխատել նաեւ «որտեղ հաց, այնտեղ կաց» տխրահռչակ արտահայտությունը: Շեշտվում է նաեւ, որ հայկական սփյուռքին հատուկ է հետեւյալ երեւույթը. մարդիկ ապրում են իրենց կյանքով, եւ երբ տվյալ երկրում իրադրությունը վատթարանում է (օրինակ, պատերազմ, այլազան դժվարություններ են հայտնվում), շատերն ուղղակի տեղափոխվում են մեկ այլ երկիր: Այսինքն, տեղի է ունենում սփյուռքի մեջ միգրացիա: Հայաստանի հանդեպ պատկանելության տարածքի եւ դեպի Հայաստան վերադարձի զգացողության զարգացումը կնպաստի սփյուռքային կապի եւ ազգային ինքնության ամրապնդմանը:

Լայնորեն տարածված իմաստով «սփյուռք»-ը իրականում երկու մասից բաղկացած հասկացություն է` «դասական» սփյուռք, որոնց մոտ առկա է վերը նշված վերադարձի դրսեւորման որեւէ առկայություն, եւ ոչ սփյուռքային, միայն ծագմամբ հայ հանդիսացող մարդիկ: Պետության կողմից վերադարձի գծով այդ երկու հատվածների հետ առանձին տարվող աշխատանքի կարիք կա` հայկական ինքնության, ինչպես նաեւ վերադարձի տարրի ամրապնդման համար:

Հայաստանի դերն աշխարհի հայերի համար նախ մշակութային կենտրոն դառնալն է: Հայաստանը, Արցախի հետ միասին, մասնակի կատարում է մշակութային կենտրոնի այդ դերը: Հաջորդ` ավելի բարձր մակարդակը քաղաքական կենտրոն հանդիսանալն է, որի դրսեւորումներից կարող է լինել, օրինակ, ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը, եւ Հայաստանում քաղաքական կյանքին այլ մասնակցությունը: Այստեղ հարկ է նշել, որ քաղաքական մասնակցությունը չի կարող լինել օրենսդրական բնույթի, քանի որ երկրում օրենսդիր գործունեության համար պետք է բնակվել այնտեղ: Այլ կերպ կստացվի օրենքների ստեղծում այլ մարդկանց համար եւ սեփական անձով այդ օրենքների դաշտից դուրս լինել: Իսկ որպես սփյուռքի վերադարձի առավել բարձր աստիճան, Հայաստանը հայության համար տնտեսական կենտրոն դարձնելն է: Զգայական գործոնի հիման վրա վերադարձը, իհարկե, կարեւոր է: Հուզական զգացմունքների հետ միասին, այդուհանդերձ, պրագմատիկ մոտեցումներն են, որ կարող են ապահովել դեպի Հայաստան սփյուռքի երկարաժամկետ արդյունավետ ներգրավումը: Հաջորդ, այս շարքի երրորդ հոդվածում փորձ է արվում բացահայտել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կապի հիմնական նպատակն ու ձեւաչափը:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Միջազգայնագետ (ք.Հոնկոնգ)

«Առավոտ» օրաթերթ
21.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31