Ռիչմոնդի բալետի ակադեմիայի հիմնադիր Ջեք Բեթթինը Ռուդոլֆ Խառատյանի մեթոդի մասին ձեռնարկ է ստեղծում
«Առավոտի» զրուցակիցն է ԱՄՆ-ի Ռիչմոնդի բալետի ակադեմիայի (Richmond Academy of Ballet) հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ջեք Բեթթինը։ Ռիչմոնդի բալետի ակադեմիան բալետի դպրոց է, որի առաքելությունն է ինչպես ավանդույթների պահպանությունը, այնպես էլ 21-րդ դարի բալետի արտիստների պատրաստումը, կատարելագործումն ու զարգացումը։
Ջեք Բեթթինը Վաշինգտոնի բալետի դպրոցում ուսանել է անվանի խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի ղեկավարությամբ եւ այժմ աշխատում է խառատյանական դասավանդման մեթոդի ձեռնարկ ստեղծելու ուղղությամբ։
– Հարգարժան Ջեք Բեթթին, ի՞նչը ձեզ մղեց կամ առիթ հանդիսացավ նախաձեռնել մեթոդի ձեռնարկի ստեղծումը։
Կարդացեք նաև
– Տասնամյակների ընթացքում դասավանդելով տարբեր երկրներում, Ռուդոլֆ Խառատյանը ունեցել է բազմաթիվ ուսանողներ, որոնք այսօր գեղարվեստական ղեկավարներ, բեմադրող ռեժիսորներ, պարուսույցներ, ուսուցիչներ եւ արտիստներ են։ Ես այդ մեծ խմբի անդամներից մեկն եմ, ով գիտելիքներ է ձեռք բերել Ռուդոլֆի հետ աշխատելով եւ նրա սկզբունքներն այժմ փոխանցում է իր ուսանողներին։ Խառատյանի ուսուցման մեթոդի հրապարակվելիք ձեռնարկը յուրօրինակ օգնություն է նրա մեթոդին հետեւողների համար, միաժամանակ կծառայի բոլոր այն մասնագետներին, ովքեր հնարավորություն չեն ունեցել ուղղակիորեն սովորել բալետմայստերի ղեկավարությամբ։ Չեմ կասկածում, որ շատ շատերը նույնն են զգում, ինչ ես՝ նախքան նրան հանդիպելը, բայց դժգոհ են իրենց ըմբռնման մակարդակից։ Ինձ համար պատիվ է ունենալ նման հնարավորություն եւ, ինչու ոչ, շարունակել սովորել վարպետից եւ գրի առնելու նրա գաղափարները ներկայացնող դասագիրք։
– Տարբեր մեթոդներ կան, օրինակ՝ մեր հայրենակցուհի Ագրեպինա Վագանովայինը։ Կներկայացնե՞ք Խառատյանի մեթոդի առանձնահատկությունները։
– Ռուդոլֆի դասավանդման մեթոդը ըստ էության դասական պարի ավանդույթի շարունակություն է, բայց ոչ միայն ռուսական, որով ժամանակին ինքն էլ է ուսանել։ Արդեն որպես ուսուցիչ նա շարունակ իրականացրել է իր հետազոտությունը, խորացել է շարժումների նշանակության ու սկզբնաղբյուրի, դասավանդման տարբեր մեթոդների առանձնահատկությունների մեջ եւ ստեղծել է իր մեթոդը՝ ամբողջացնելով աշխարհի բոլոր մեծ դպրոցների ազդեցությունները, այդ թվում՝ մարտարվեստի դպրոցների։ Նրա գաղափարները կարծես ձեւավորված ճաշակի կամ նախասիրությունների բացահայտումներ են թվում։
Մեծ հաշվով՝ Ռուդոլֆի ուսուցման մեթոդը հիմնված է այն ընկալման վրա, որ այն, ինչ ուսուցանվում է այսօր, վաղն արդեն հին է։ Եվ դա բնական է, քանի որ պարարվեստն ու կատարողական արվեստը գտնվում են անվերջ զարգացման պրոցեսում եւ ամեն դասը նորություն է բերում։ Այդպես էլ պետք է լինի, չէ՞ որ մարմնի հնարավորություններն անվերջ են եւ ուսուցիչն է, որ պետք է պատրաստի վաղվա կամ գալիք զարգացումներին համարժեք արտիստներ, պարողներ։
– Հասկանալի է, որ Խառատյանի մեթոդը բազմաշերտ է, այդուհանդերձ կներկայացնե՞ք մի քանի առանձնահատկություն։
– Խոսքերով դժվար է դրանք ներկայացնել, բայց երեքը կարող եմ.
1- Շնչառությամբ կառավարվող մեծ ներքին դինամիկա, որը վերափոխվում է մեծ արագության եւ ժայթքող ուժի։ Դրա արդյունքում կատարողը լի է էներգիայով, թեթեւ է թռիչքներ կատարելիս, կարծես Երկրի ձգողականությունը խոչընդոտ չէ նրա համար։
2- Յուրաքանչյուր շարժում, ավելին՝ կոմպոզիցիա, որ սովորեցնում է Ռուդոլֆը, ունի իմաստ եւ այդ իմաստը պարզապես ավանդույթների կրկնություն չէ։ Չէ՞ որ բալետը շարունակաբար զարգանում է այն անհատների շնորհիվ, ովքեր հասկացել են դրա ամենախոր տարրերը եւ օգնել դրանցով կիսվել աշխարհի հետ։
3- Ռուդոլֆը երբեք չի առաջնորդվում պարտադրանքով, միայն ներշնչանքով, ինչը նրա ուսանողներին ուժ է տալիս դառնալ ամենաբարձր որակի արվեստագետներ, որոնք ինտենսիվ ուսուցման արդյունքում հասնում են կատարողական բարձր մակարդակի եւ կարծես ազատագրում իրենց գիտակցությունը մտավոր սահմանափակումից։
– Նույնիսկ տեսանելի է, թե հայազգի խորեոգրաֆը ինչ ազդեցություն է թողել ձեզ վրա։
– Նա ինձ վրա մեծ ազդեցություն է թողել ոչ միայն բալետարվեստում։ Առաջին հանդիպումից Ռուդոլֆը անմիջապես ոգեշնչեց ինձ որպես ուսանող եւ մինչ օրս իսկապես վառ է նրա ամենաառաջին դասի պատկերը։ Իմ առջեւ կանգնած էր մի մարդ, ով, անկասկած, հանդիսանում էր իր արտասովոր գաղափարների ու սկզբունքների մարմնավորողը։ Նրա դասը ակնհայտ դժվար էր, բայց երբեւէ պատժիչ գործողություն չկիրառող եւ ես միշտ զգում էի, որ մեզանից նրա մեծ ակնկալիքները այն մեծ հավատի ցուցանիշն էր, որը նա ուներ իր սաների հանդեպ։
Առանց չափազանցության՝ մենք կարող էինք անել ու անում էինք ամեն ինչ։ Ես ու ընկերներս երախտապարտ ենք նրան` ոգեշնչման ու իմաստնության համար։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2022