Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակ դռների» ետեւում ՀՀ իշխանությունն Արցախի իշխանությանն ա՞յլ բան է ասում, բայց այլ գործողություններ է իրականացնում»

Հոկտեմբեր 22,2022 13:30

«Համենայնդեպս, մեզ այդպես ներկայացվեց, որ երկու օր սպասելու պատճառը Նիկոլ Փաշինյանի Աստանա մեկնելն էր»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:

-Վերջերս, Պրահայում, ԵԽ նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ կայացան Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի, Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ ՀՀ վարչապետի հանդիպումները: Հանդիպումներից մեկի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է եւ ինքը չի պատրաստվում այնտեղ ապրող իր քաղաքացիների հարցը քննարկել միջազգային հանրության հետ՝ ընդգծելով նաեւ, որ այս հարցի շուրջ կոնսենսուս կա ներկաների միջեւ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը մասնավորաբար եւ, ընդհանուր առմամբ, Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությանն, ըստ որի, Արցախի համար մշակութային միավորի կարգավիճակ է սահմանվում:

-Ալիեւները նոր չէ, արդեն երեսուն տարի են խոսում դրա մասին, 44-օրյա պատերազմից հետո, պարզապես, շեշտադրումներն ավելի են խտացել: Հարցը դա չէ եւ մենք այս առումով որեւէ խնդիր չունենք. Ալիեւը չի որոշում այստեղ ո՞վ ապրի կամ այստեղ ապրողն ի՞նչ ճակատագիր պետք է ունենա, այդ ամենը որոշում է Արցախի ժողովուրդը: Փոխվել է միայն մեկ բան. ի տարբերություն նախկինի, որ միայն Ալիեւն էր հոխորտում, այս անգամ նրան լուռ համախոհություն է հայտնում եւ չի հակադարձում ՀՀ իշխանությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչախմբի: Ավելին, ճիշտ հակառակը, թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, նրանք իրենց ելույթներով եւ վարքագծով միայն նպաստ են բերում Ալիեւի հայտարարություններին:

Բայց ես էլի պնդում եմ՝ Արցախի ժողովուրդն ինքն է որոշում իր ճակատագիրը: Արցախի պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ, փակ դռների ետեւում, ՀՀ իշխանություններն ասում են, որ Արցախի ճակատագիրը որոշում է արցախցին, Հայաստանն էլ սատար է կանգնում, բայց իրենց քայլերով եւ դրսի հայտարարություններով՝ անում են ճիշտ հակառակը: Իրականությունը սա է, մնացածը՝ գրականություն է:

-Ի դեպ, անցած շաբաթ Արցախի պատվիրակությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, Հայաստանում էին եւ օրեր պահանջվեցին ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների համար: Խնդիրը ո՞րն է:

-Մի քանի օրերի ընթացքում Արցախի պատվիրակության անդամները Հայաստանում մի քանի հանդիպումներ են ունեցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ձգձգվեց մեկ պատճառով՝ ասել էին՝ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովից հետո կազմակերպվի հանդիպումը, որպեսզի նաեւ ամփոփիչ լինի: Համենայնդեպս, մեզ այդպես ներկայացվեց, որ երկու օր սպասելու պատճառը Նիկոլ Փաշինյանի Աստանա մեկնելն էր:

-Արայիկ Հարությունյանն իր այդ հանդիպումների մասին Արցախի խորհրդարանի պատգամավորներին հաղորդում է ներկայացրել. նորություններ, բացահայտումներ, անակնկալներ կայի՞ն:

-Որեւէ նոր բան չկա: Արցախի պատվիրակության անդամները Երեւանում ասել են, որ մեզ համար ուղենիշ է 2022 թվականի ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանում միաձայն ընդունված հայտարարությունը, որին միացել են բոլոր արտախորհրդարանական ուժերը, հասարակական կազմակերպություններ եւ այլն: Այլ հարց է, որ մեզ փոխանցում են, թե փակ դռների ետեւում այլ բան է իրենց ասվում, բայց իրենց գործողություններով… Ի վերջո, հիմա արդեն կարեւոր էլ չի, թե ո՞վ եւ ի՞նչ է ասում, կարեւոր է, թե՝ ո՞վ եւ ի՞նչ է անում եւ դատելով նրանից, թե ով ինչ է անում, կարող եմ արձանագրել, որ Ադրբեջանի իշխանության դիրքորոշումը 30 տարի չի փոխվել, միայն գույներն են խտացել, բայց փոխվել է Հայաստանի իշխանության դիրքորոշումը. մի բան ասում են, այլ բան անում կամ էլ ընդհանրապես չեն հակադարձում Ադրբեջանին:

-Պրահայի հանդիպումից հետո, ԵՄ քաղաքացիական դիտորդների փոքրիկ խումբը շատ արագ գործուղվեց Հայաստան՝ Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան, շփման գծում դիտարկումներ իրականացնելու համար: Նկատի ունենալով դիտարդական առաքելության քաղաքացիական մանդատը եւ Սերբիայում առաքելության ունեցած փորձը, որ ընդամենն արձանագրումներ արվեցին, թե քանի՞ մարդ բռնաբարվեց, քանիսը սպանվեց դաժանաբար, քանիսը՝ «հումանիստական դրսեւորումներով», ի՞նչ ակնկալիքներ ունենալ առաքելության աշխատանքից, մանավանդ, որ Հայաստանում, որոշակի շրջանակներ, բավական ոգեւորված են այս համաձայնությունից:

-Իրենք իրականացնում են իրենց դավադիր ծրագրի մի մասը. ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու գործընթաց է: Այդ դիտորդները հայկական սահմանների պաշտպանության հարցում, միջազգային ասպարեզում որեւէ դերակատարություն չունեն եւ չեն կարող ունենալ եւ ձեր բերած Սերբիայի օրինակը դրա վառ ապացույցն է: Պարզապես, Հայաստանի իշխանությունները աշխարհաքաղաքական ուղղություն են փոխում եւ սա առաջին փորձերն են, առաջին ծիծեռնակները, թե որքանո՞վ կհաջողեն՝ առաջիկա զարգացումները ցույց կտան:

-ՌԴ-ն կարծես զգաստացավ. Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը եւս պատրաստ է իր դիտորդներին գործուղել Հայաստան: Ինչի՞ մասին են խոսում այս ակտիվացումները, հավաքական Արեւմուտքի եւ ՌԴ-ի շահերը կպայթե՞ն Հայաստանում:

-Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով, 2018 թվականին իշխանության գալով, երկիրը սարքել է Արեւմուտքի եւ ՌԴ-ի հակամարտության հերթական կետը, որի արդյունքում տուժելու է Հայաստան պետությունն ու հայ ժողովուրդը: Եվ ձեր ասած խմբերը ոգեւորվելու առիթ չպիտի ունենան, քանի որ, անկախ գործընթացներից, եթե դու քո երկիրը դարձնում ես այլ երկրների հարաբերությունների ճշտման փորձադաշտ, տուժելու է տվյալ պետությունն ու նրա ժողովուրդը: Դա իրականացնող վարչախումբն, իհարկե, չի տուժելու, քանի որ իրենք ծրագիր են իրականացնում:

-Առաջիկայում, հոկտեմբերի վերջին, ի դեպ, Ալիեւի եւ Փաշինյանի եւս մեկ հանդիպում է նախատեսված՝ արդեն ՌԴ նախագահի հովանու ներքո: Ուշագրավ էր նաեւ, որ Պրահայի հանդիպումից հետո ռուսական մամուլն արտահոսք արեց՝ Արցախի հարցի լուծման արեւմտյան եւ ռուսական առաջարկների մասին. նաեւ այս համատեքստում՝ ի՞նչ սպասելիքներ ունենալ առաջիկա հանդիպումից:

-Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի ամեն օր ավել մնալուց, ես միայն նոր մարտահրավերների եմ սպասում՝ թե Հայաստանի, թե Արցախի, թե, ընդհանրապես հայ ժողովրդի համար:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31