Գյումրիում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհի շրջանակում տեղի է ունենալու ցուցանմուշների և ցուցադրության փոփոխություն, սակայն մինչ այդ կատարվում են կոսմետիկ նորոգման աշխատանքներ, որոնք էլ մեծ աղմուկ են բարձրացրել գյումրեցի օգտատերերի ու ավագանու մի քանի անդամների շրջանակում։
Օգտատերերից մեկի՝ Համլետ Մոսինյանի պնդմամբ, Իսահակյանի տուն-թանգարանը պղծում են։
Մյուսներն էլ ահազանգում են, որ կատարվող շինաշխատանքներն անօրինական են, չկան համապատասխան փաստաթղթեր, թույլտվություն։ Նրանց հատկապես անհանգստացրել է թանգարանի միջսենյակային երկու դռների հեռացումը։ Ըստ նրանց, դրանք հեռացվել են հիմնովին, որի իրավունքը պարզապես չկա։
Կարդացեք նաև
Մենք եղանք թանգարանում՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Թանգարանի աշխատակիցները տեսաձայնագրվել չցանկացան, սակայն նշեցին, որ թեև ցուցանմուշների և ցուցադրության փոփոխությունն անհրաժեշտություն է, սակայն խնդիրն այն է, որ թանգարանի շենքը պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում է․ «Կումայրի արգելոց-թանգարանի» մեջ է, հետևաբար անգամ թեթևակի փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն։ Տվյալ պահին, ըստ նրանց, հանվել են դռները, որոնք չգիտեն՝ կտեղադրեն նորից, թե ոչ։
Aravot.am-ը դիմեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին՝ հասկանալու՝ կա՞ արդյոք օրենքի խախտում։
Գլխավոր ճարտարապետն ասաց․ «Այո՛, համաձայնեցումներ պետք է լինեին, որովհետև տուն-թանգարանը հանրապետական նշանակության հուշարձան է, իսկ հուշարձանում որևէ փոփոխություն կատարելու համար պետք է համաձայնեցել լիազոր մարմնի, այսինքն՝ տվյալ դեպքում ԿԳՄՍ նախարարության հետ։
Եթե ներսում դռներ են փոխում, էքսպոզիցիա են փոխում, պիտի համաձայնեցնել »։
Ճարտարապետը նշեց, որ այսօր տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի նիստ և որոշվել է՝ հանված միջսենյակային դռները ռեստավրացիայի ենթարկել ու պարտադիր նորից տեղադրել։
Ճարտարապետն ասաց, եթե համաձայնեցում լիներ, այսքան աղմուկ չէր բարձրանա, թեև, ըստ նրա,աղմկելու թեմա էլ չէ, գուցե շտապել են, որովհետև շատ են ոգևորվել այն մտքից, որ վերջապես մի լավ բան պիտի լինի թանգարանում։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանում ստացավ նաև Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանից։ Վերջինս իր հերթին պնդեց, որ օրենքի հետ որևէ հակասություն չկա, նա նախևառաջ ներկայացրեց կատարվող աշխատանքները։
«Նախարարությունը դրամաշնորհ էր հայտարարել թանգարանային ցուցանմուշների և ցուցադրության փոփոխության համար։ Ի թիվս տասնյակ թանգարանների, ի ուրախություն մեզ՝ պիտի փաստեմ, որ երեք դրամաշնորհային ծրագիր է բավարարել, որոնցից երկուսը երևանյան թանգարաններ են՝ Խաչատուր Աբովյանի, Երվանդ Քոչարի և ընդամենը մեկ մարզային թանգարան՝ Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը։
Դրամաշնորհային ծրագրում Իսահակյանի գրական ժառանգությունը ներկայացնող չորս սրահների էքսպոզիցիայի փոփոխություն է, դա շատ կարևոր հանգամանքն է։
Խոսքը ցուցասրահի փոփոխության մասին է, ոչ թե մեմորիալ հատվածի որևէ ինչ-որ բանի։
Նախարարությունը դրամաշնորհը բավարարել է՝ 2 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ, որի մեջ մտնում են ցուցափեղկերի պատրաստումը, կետային լուսավորությունը, գորգածածկի փոփոխությունը, էքսպոզիցիոն պլանի մշակումը և փոփոխությունը, տպագրական նյութերը, անհրաժեշտության դեպքում նաև ուրիշ նյութերի ձեռք բերումը, եթե դրանք նոր էքսպոնատ կարող են համարվել, այս օրինակ ծախսեր։
Տրամաբանությունը հուշում է, որ եթե գործ ունես էքսպոզիցիայի ամբողջական փոփոխության հետ, դա չես կարող անել կիսամաշ, ծակած, ճաքած պատերի վրա։ Վերջին անգամ 20 տարի առաջ է Իսահակյանի տուն-թանգարանում էքսպոզիցիա փոխվել, բնականաբար այդ մաշվածության վրա ոչ միայն անկիրթ է, ոչ միայն մասնագիտական չէ, այլ ժամանակակից ցուցասրահի պահանջները չի բավարարում և հետո նաև՝ պատասխանատվության և պատվի հարց է։
Պիտի մտածել՝ ինչ ես անում նախարարությունից ստացած դրամաշնորհը, որը դժվարությամբ ես ձեռք բերել։
Բնականաբար, պետք է ձեռնամուխ լինեինք առնվազն կոսմետիկ նորոգման, սա էլ շատ կարևոր հանգամանք է, որովհետև ընդամենը կոսմետիկ նորոգում է տեղի ունեցել չորս սրահներում․ վերացրել ենք պատերի ճաքերը, ևս մեկ անգամ ներկվել են դռները, վերացվել են դռների վրայի ճաքերը։
Պատուհանները խիստ անմխիթար վիճակում են, փոխել բնականաբար չենք կարող, բայց ներքին ռետինե շերտ է ամրացվել, որ անձրևաջրերը չլցվեն, պատուհանագոգերն էին անմիխիթար վիճակում, դրանք են կարգի բերվել։ Կոսմետիկ նորոգման այնպիսի տեսքի ենք բերել, որի վրա հնարավոր կլինի էքսպոզիցիան ամրացնել և դա ամոթ չի լինի։
Ասեմ նաև, որ այդ հատվածում պատմամշակութային արժեք ներկայացնում են առաստաղը և պատուհանները,որոնցից ոչ մեկին ձեռք չենք տվել, պահպանել ենք ուղիղ այնպես, ինչպես կան։
Շինարարական աշխատանքների համար թանգարանը դիմել է ավագանուն, ավագանին հատկացրել է 700 հազար դրամ նվիրատվության հոդվածով ՀՈԱԿ-ին»,- ասաց Լիլիթ Թովմասյանը։
Նա այս ամենը որակեց դատարկ աղմուկ ոչ մի բանի մասին, փոթորիկ մեկ բաժակ ջրում։
«Ես, իհարկե, ուրախ եմ ու ինձ հաճելիորեն զարմացրել է Իսահակյանի շուրջ առաջացած հետաքրքրության ալիքը։ Հուսամ կպահպանվի նաև այս ամենից հետո և չի ունենա միայն աղմուկի դրսևորում, այլ կվերածվի հոգատարության, հոգածության, օրինակ՝ մենք կօգնենք գտնել նոր էքսպոնատներ, նոր կապեր, նոր դրամաշնորհներ, ֆոնդհայթայթմանը կարող են նպաստել, դրա համար միայն ուրախ կլինեմ»։
Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, օրենքի հետ որևէ հակասություն չկա, մանավանդ որ չի կատարվել հատակագծի փոփոխություն, սենյակները մեկ մյուսով չեն փոխարինվել, ներքին ծավալային բաշխման փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ պատ կամ միջնորմ չի քանդվել և չկա շենքի արտաքին ճարտարապետական տեսքի ձևափոխում և ձևախեղում։
Լիլիթ Թովմասյանի պարզաբանմամբ, ընդամենը կոսմետիկ նորոգում է տեղի ունենում, որը բխում է էքսպոզիցիոն պահանջից։
Իսկ ցուցասրահում իրականացվող փոփոխությունները, ըստ Լիլիթ Թովմասյանի, կարող են բխել դիզայների, էքսպոզիցիայի հեղինակի, գրաֆիկ դիզայների և ստեղծագործական խմբի հայեցողությունից։
Նա նաև նշեց, որ միջսենյակային դռների պահով քննարկվել է երեք տարբերակ՝ նույն դռները տեղադրել ռեստավրացնելուց և համապատասխան ֆիզիկական բացվածքի բերելուց հետո․ այն բացվածքները, որտեղ տեղադրված էին դռները, մեկը մյուսի հետ համեմատ՝ունեին ֆիզիկական չափերի տարբերություն, մեկն ավելի երկար էր, քան մյուսը, նաև լայնությամբ չէին համապատասխանում։ Քննարկվել է նաև նույնատիպ այլ դռներ տեղադրելու և ընդհանրապես դռներ չտեղադրելու հարցը։
«Դռներ չտեղադրելուն հակված է ստեղծագործական խումբը, որն ունի իր մասնագիտական հիմնավորումը, բացատրում են, որ ցուցասրահը պիտի ունենա տարածություն, որ սրահից սրահ անցմանը դռները խանգարում են, որ ժամանակակից ցուցասրահի առջև դրված խնդիրները նաև լուծվում են տարածության և միջավայրի շնորհիվ։
Դռների շուրջ աղմուկը, ըստ էության, ոչ մի բանի մասին էր, քանի դեռ այդ տարբերակներից ոչ մեկը հստակ չէր։ Գիտեք, որ հարցը դրված էր քաղաքաշինական խորհրդի նիստի, և մենք կանենք այնպես, ինչպիսի եզրակացություն կտա քաղաքաշինական խորհուրդը։ Եթե հստակ եզրակացություն չի տալիս, ըստ ընթացակարգի, նոր պետք է դիմել նախարարություն»։
Լիլիթ Թովմասյանը նաև նշեց, որ այս ծրագրի շուրջ աշխատել են ոլորտի այնպիսի մասնագետներ, որոնք մինչև այժմ չեն վճարվել և չեն էլ վճարվելու, էնտուզիաստների խումբ է, որն անհարմար է զգում 20 տարի առաջվա էքսպոզիցիայով տեսնել զբոսաշրջային քաղաքի ամենաայցեքարտային թանգարաններից մեկը։
«Պիտի հաշվի առնել, որ Իսահակյանը թանգարան ունի նաև Երևանում և եթե ուզում ենք, որ Գյումրիում այն կանչող լինի, պիտի հստակ շեշտադրում ունենանք, որ սա ծննդավայրի թանգարան է, որտեղ ծնվել է Ավետիք Իսահակյանը և մեր նոր էքսպոզիցիաների բոլոր շեշտադրումները հենց այս ուղղությամբ են։
Առանձին սրահ է հատկացված Գյումրին և Ալեքսանդրապոլը, Ալեքսանդրապոլը և Իսահակյանը կապի համար․ սա Իսահակյանի պապի տունն է, որտեղ թոնրի շուրթին լույս աշխարհ է եկել վարպետը»։
Լիլիթ Թովմասյանը նաև նշեց, որ իր ենթադրմամբ՝այս աղմուկը առաջացել է նրանից, որ որոշել էին հոկտեմբերի 30-ին՝ վարպետի ծննդյան օրը բացել էքսպոզիցիան՝ առանց դռների, հետո, իհարկե, մտածել պատշաճ ժամկետներում դռները տեղադրելու մասին։ Սա ևս տարակարծության և տարընթերցման առիթ է տվել, բայց քանի որ ստեղծագործական խումբն արդեն երկրորդ շաբաթն է զբաղված է ոչ մի բանի համար արդարանալով, չեն հասցնի մտածել հոկտեմբերի 30-ի այն հանձնելու մասին։
Մենք Լիլիթ Թովմասյանի հետ զրուցել ենք նաև նոր ցուցանմուշների մասին։
Այս թեմային կանդրադառնանք առանձին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ