Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի համանախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Starmus F VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ։ Նիստում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայացած «Սթարմուս» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի արդյունքները։
Նիստին մասնակցել են «Սթարմուս»-ի միջազգային և հայաստանյան գրասենյակների, ինչպես նաև հայաստանյան պետական և մասնավոր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Սթարմուս»-ի խորհրդի անդամները՝ փառատոնի համահիմնադիր և տնօրեն Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ, ներկայացրել են փառատոնի հիմնական ձեռքբերումները: Մասնավորապես, նշվել է, որ կազմակերպվել է շուրջ 200 միջոցառում՝ ավելի քան 100.000 մասնակցով, անցկացվել են միջազգային ճանաչում ունեցող արտիստների մասնակցությամբ 3 համերգներ, շուրջ 100 դասախոսություն է կայացել 8 բուհում, այլ կրթական հաստատություններում, բաց տարածքներում՝ Երևանի ու մարզերի սովորողների, ինչպես նաև հանրային լայն շրջանակների մասնակցությամբ։ Փառատոնի մասին հաղորդագրություններ են տարածվել միջազգային մամուլում։ Հաշվի առնելով այս արդյունքները՝ հանձնաժողովն արձանագրել է բարձր կատարողական՝ ի դեմս «Սթարմուս»-ի տնօրեն Գարիկ Իսրայելյանի։ Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ տարբեր չափանիշներով, այդ թվում՝ մասշտաբայնությամբ Հայաստանում անցկացված «Սթարմուս»-ը փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր։
Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ «Սթարմուս 6-ը» Հայաստանում վերջին 30 տարում կազմակերպված առաջին գիտական փառատոնն էր, որով հանրայնացվել է հատկապես երիտասարդության շրջանում նման բովանդակության նկատմամբ առկա մեծ պահանջարկը։
Հանձնաժողովի համանախագահները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ և կարևորել փառատոնի դերը՝ ինչպես Հայաստանում գիտության հանրահռչակման, այնպես էլ աշխարհում Հայաստանի՝ որպես գիտակրթական և մշակութային հանգույցի ներկայացման առումով։ ԱԺ փոխխոսնակը նշել է միջազգային հարթակներում Հայաստանը՝ որպես գիտական միջազգային փառատոնների անցկացման երկիր դիրքավորելու կարևորությունը, իսկ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ «Սթարմուս 6»-ը երկարաժամկետ և կարևոր ազդեցություն կունենա հանրային կյանքում և հատկապես երիտասարդության շրջանում։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման բարեփոխումների իրականացմանն ու հանրայնացմանը նպաստող միջազգային մակարդակի գիտակրթական, մշակութային միջոցառումները լինելու են շարունակական։
Նիստում կարևորվել է նաև փառատոնի շրջանակում մեր երկիր այցելած գիտնականների և մշակութային գործիչների ներուժի իրացումը, ինչը կնպաստի ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանը նշված ոլորտներում։
ՀՀ կառավարություն