Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակել, բուհերի շենքերը վաճառել․ չկա նման բան, անհեթեթություն է»․ Վահրամ Դումանյան

Հոկտեմբեր 21,2022 22:00

«Պարոն Թորոսյան, ինչ-որ ասացիք, ամեն ինչի հետ համաձայն եմ, սակայն մեկնաբանության խնդիր կա։ Ձեր մտահոգությունը լեգիտիմ է, բայց որոշ դրույթներ դուք մեկնաբանում եք զուտ գրածով։ Պետք է հասկանալ գրածը ոնց մեկնաբանել։ Օրինակ՝ բուհերի խոշորացում․ ասում եք, թե վերցնում բուհերը միավորում են։ Ոչ, այդպես չի»,-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով բուհերի խոշորացման վերաբերյալ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Տիգրան Թորոսյանի գնահատականներին։

«Խոշորացում է գրած, ոչ թե միավորում։ Սա շատ կարեւոր է եւ նշանակում է, որ կառավարությունը կարեւորում է խոշոր բուհեր ունենալը։ Սա չի նշանակում բուհերի մեխանիկական միավորում։ Երբ ասում եք, որ ձեր ամբիոնը լավն է, դուք իրավացի եք։ Դա որեւէ մեկը չի անտեսում, հակառակը, դա բոլորիս նվաճումն է՝ ձեր օգնությամբ։ Բայց իմաստ չունի ռազմավարությունում թվարկել բոլոր ամբիոնները։ Դա ոչինչ չի տալիս, դա լինելու է մյուս փուլում։ Ձեր ուսանողներից Էդգարն ասում էր, որ քաղաքագիտություն է սովորում, գնա մանկավարժական ի՞նչ անի։ Ասացի, որ իրավացի ես։ Մենք առաջարկել ենք իրավական գործընթացի ճանապարհ, գիտենք, թե ինչ ենք ուզում, իսկ ճանապարհները կարող են տարբեր լինել»,-շեշտեց Վահրամ Դումանյանը։

Նա շարունակեց, որ հիմա պետք  է քննարկեն գործընթացը մեկ քայլով շարունակելու հնարավորությունը, եթե իրավական հարցերը թույլ տան, եւ չի բացառվում, որ արհեստական քայլեր էլ անեն․ «Ոչ մի բուհ ոչ միացնում ենք, ոչ  էլ փակում ենք։ Փակել բառն ընդհանրապես ո՞վ է ասել։ Փակել, բուհի շենքը վաճառել․․․դա անհեթեթության գագաթնակետն է, չկա նման բան»։

Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ու ֆիզիկական սպորտի եւ կուլտուրայի պետական ինստիտուտի միավորման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31