Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն ասում է՝ դուք շենքերն եք ուզում, դուք ասում եք՝ ոչ. շատ ավելի պայծառ, որ ոչ». Լիլիթ Արզումանյանը՝ ԿԳՄՍՆ-ին

Հոկտեմբեր 21,2022 21:35

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  հանձնաժողովը «ՀՀ կրթության մինչեւ 2030թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրինագծի շուրջ քննարկում էր կազմակերպել:

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը հարցրեց բուհերի խոշորացումից. «Ժողովուրդն ասում է՝ դուք շենքերն եք ուզում, դուք ասում եք՝ ոչ: Շատ ավելի պայծառ, որ ոչ: Դուք ասում եք՝ կրթության որակն ենք բարձրացնում, որը չի ընկալվում եւ ճիշտ է, որովհետեւ ինստիտուտները միավորելով՝ կրթության որակ չի ավելանում: Դասախոսների զտումը, թե որ դասախոսն ինչքան հոդված կունենա SCOPUS-ում,  ճիշտ չի: Բուհը կրթագիտական հաստատություն է, բայց վերջնարդյունքը ուսանողների կրթությունն է: Ինչ-որ ձեւ գտեք ստուգելու այդ բուհի ուսանողների մակարդակը, հետո որոշեք որը ում է միավորվում:

Բավական անհարմար վիճակի մեջ են ընկնում մեր պաշտոնյաները՝ նախարարը, փոխնախարարը, երբ որ հանդիպում են բուհի ուսանողների հետ: Բնական է, իրենց փոխարեն տեր Աստվածն էլ գնա, չի կարող, որովհետեւ հարցեր են տալիս, որոնց պատասխանները չկան: Իմ առաջարկն է՝ եթե բուհերը միավորվում են ու կա նախագիծ, նախագծին կից լինի մանրակրկիտ ծրագիր ու այն, թե ինչ է լինելու դրանից հետո: Ուսանողի իրավունքն է հարց տալ ու մենք  այդ հարցերին պիտի պատասխան տանք՝ ուր են գնալու, որտեղ են սովորելու, ինչ մասնագիտություններ են մնալու, որոնք են փակվում, ինչ հաստիքներ են կրճատվում կամ չեն կրճատվում:

Տվյալ դեպքում Բրյուսովի նման ինստիտուտը վերանում է աշխարհից, Ֆիզկուլտինստիտուտը վերանում է, Մանկավարժականի ռեկտորը հայտարարում է, որ ինքը կաջակցի, լա՛վ, թող աջակցի, փառք ու պատիվ, բայց եթե ինքն է մնալու ռեկտոր, թող ինքը ներկայացնի ծրագիր՝ ի՞նչ է լինելու միավորումից հետո: Ասում եք՝ Բրյուսովի ուսանողները կստանան Բրյուսովի համալսարանի դիպլոմ, արդյոք իրավական հիմնավորում կա՞»:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց, որ դժվար է ասել՝ բուհերի միավորո՞ւմ է դա, թե՞ նոր բուհի ստեղծում:

Խոսելով հաշմանդամություն ունեցող մարդկանց համար դպրոցների մատչելի շենքային պայմանների մասին՝ առաջարկ եղավ միհարկանի դպրոցներ կառուցել; Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ չկան բավարար տարածքներ: Նա նաեւ նշեց, որ հաշմանդամությունը դառնում է պատճառ՝ դպրոց չհաճախելու ու շատ դեպքերում, եթե նույնիսկ դպրոցի շենքային պայմանները արտաքուստ հարմարեցված են, շենքի ներսում կարող է վարդակը, օրինակ, անմատչելի լինել. «Մեր ընտանիքներում, ցավոք, դեռեւս կա մտայնություն, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին նույնիսկ համապատասխան գնահատման չեն տանում, մենք կարիք ունենք նման ծնողների հետ աշխատանքի: Հանրային մշակույթի եւ վերաբերմունքի մասով խնդիրներ ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31