Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինակ՝ Դուք դեռ չկայիք, այդ բուհն իմն էր, դուք իմ բուհն ինձնից ուզում եք խլել՝ իմ, բոլորիս, ՀՀ բուհը»․ Վահրամ Դումանյանը՝ ԲՊՀ ուսանողին

Հոկտեմբեր 21,2022 21:12

«Չգիտեմ՝ ոնց պետք է ձեր լավության տակից դուրս գամ, որ դուք իմ անվտանգությունն ապահովում եք»,- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) ուսանողության ներկայացուցիչների հետ հանդիպումն այսպես սկսեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նա այսպես արտահայտվեց, քանի որ ԲՊՀ ուսանողները նախարարին ասացին՝ մենք կապահովենք Ձեր անվտանգությունը, Դուք եկեք, մասնակցեք մեր համալսարանի գիտական խորհրդի նիստին։

Վահրամ Դումանյանը հրաժարվեց մասնակցել՝ պատճառաբանելով, որ ԲՊՀ գիտխորհրդում քննարկվում են անհասկանալի հարցեր, ուստի նման գիտխորհրդին մասնակցելու ցանկություն չկա։ Նա հավաստիացրեց, որ մասնակցել է բազում գիտխորհուրդների նիստերի, բայց նման բան չի տեսել, քանի որ ըստ նրա՝ այնտեղ փորձեր են արվում չքննարկել գիտական խնդիրներ։

ԲՊՀ ՈԽ նախագահ Կատարինե Բազեյանը նախարարի հետ հանդիպման ժամանակ ասաց՝ էլի թող միավորվեն բուհերը, բայց ԲՊՀ-ն դուրս մնա ու վստահեցրեց՝ մեր բուհը մենք շատ ենք սիրում։ Վահրամ Դումանյանն էլ ի պատասխան ասաց․ «Մենք էլ ենք սիրում, ՀՀ բուհ է, հիմնադրվել է ՀՀ կողմից, և մեզ համար բոլոր բուհերը մեր սիրելին են, մեր արժեքներն են։ Ոչ դուք եք այդ բուհը ստեղծել, ոչ՝ ես։ Ստեղծել է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս այն ժամանակվա ՀՀ կառավարության։ Ինչքանով ձերն է այդ բուհը, այնքանով էլ մերը»։ Նախարարի այս խոսքերը լսելով՝ հանդիպման մասնակից ուսանողներից մեկը գլխով արեց, նախարարն էլ ասաց․ «Էդ որ գլխով այդպես առարկում եք՝ ի՞նչ է, ձեզ թվում է՝ ավելի շատ ձե՞րն է այս բուհը։ Սխալվում եք։ Օրինակ՝ Դուք դեռ չկայիք, էդ բուհը իմն էր»։ Ուսանողը նախարարին հարցրեց՝ ինչո՞ւ եք Ձեր տոնը բարձրացնում, Վահրամ Դումանյանը պատասխանեց․ «Քանի որ Դուք ասում եք՝ Ձեր բուհը, որովհետև դուք իմ բուհն ինձնից ուզում եք խլել՝ իմ, բոլորիս, ՀՀ բուհը»։

Այս խոսակցությունից հետո ուսանողը լքեց սենյակը։ Հանդիպման մասնակից ուսանողներից մեկն էլ նախարարին հարցրեց՝ արդյոք ԿԳՄՍՆ-ն պատրա՞ստ է բովանդակային փոփոխություններ անել որոշման նախագծի մեջ, պատասխանեց՝ այո կամ ոչ։ Վահրամ Դումանյանն ասաց․ «Այո կամ ոչ մի ասեք ինձ։ Շատ վատ է, որ նման հարց եք տալիս, քանի որ տեղեկացված չեք, որ նախարարությունը ոչ թե հիմա, երեկ էլ նախորդ օրն էլ, միշտ պատրաստ է եղել բովանդակային քննարկումների։ Մենք սպասել ենք այդ առաջարկներին մեկ շաբաթ, բայց որևէ առաջարկ չենք ստացել»։

Այնուհետև Վահրամ Դումանյանը վրդովվեց, որ ԲՊՀ գիտական խորհրդի նիստում Մանկավարժական համալսարանի հասցեին որակումներ են հնչել։ Նա ասաց․ «Իմ հայ ազգը կրթվել է այդ փառապանծ բուհի կադրերով, իմ մայրն ավարտել է այդ համալսարանը, բարձրակարգ ուսուցիչ է եղել, հարյուրամյա բուհ է․ ինչպե՞ս կարելի է այդ կարմիր գծերը հատել»։

Վահրամ Դումանյանն ուսանողներին վստահեցրեց՝ հանգիստ գնացեք, ձեր դասերով զբաղվեք։ Ուսանողներից մեկն արձագանքեց՝ եթե տալիս եք երաշխիք, որ գոնե մոտակա ամսվա մեջ որոշում չի լինի։ Վահրամ Դումանյանը պատասխանեց․«Հանգստացեք։ Նախագիծը պիտի գնա-գա, հո նախագիծը ֆեյսբուքյան չաթ չէ՞, որ գրեցինք, այնտեղից ստացանք մի բան, ու որոշում ընդունվեց։ Գիտեք՝ կառավարությունն ինչքան բծախնդիր է։ Մի տրվեք այս կամ այն ներկա կամ նախկին չինովնիկի ապատեղեկատվությանը։ Հույս մի ունեցեք, վստահ եղել, որ այս ամսվա ընթացքում որոշում չի ընդունվի»։

Նա ուսանողներին վստահեցրեց՝ ստանալու եք այն կրթությունը, որի համար ընդունվել եք բուհ, ստանալու եք այն մասնագիտությունը, որը նախընտրել եք։ Վահրամ Դումանյանն ասաց, որ պատրաստ է հանդիպել նաև բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե բուհը մեր տունն է, Վահրամ Դումանյանն ասաց․ «Ի՞նչ է նշանակում՝ սա մեր տունն է, մեզ մեր տնից մի հանեք․․․Բուհը սովորական հիմնարկ չէ, նախարարություն չէ, բուհը միջավայր է։ Դա սովորական համատիրության գրասենյակ չէ, չգիտեմ՝ ինչ-որ մի այլ բան չէ։ Եթե մենք հիմա միջոցներ ունենանք, հրաշալի շենք կառուցենք, աշխարհի լավագույն  պրոֆեսորներին բերենք, դա դեռ բուհ չի դառնա, բուհը պետք է ավանդույթներ ունենա»։

Վահրամ Դումանյանին ուսանողներից մեկը հարցրեց՝ այդ ակադեմիական միջավայրի որակական չափում ունե՞ք։ Վահրամ Դումանյանն արձագանքեց՝ ամեն ինչ հնարավոր չէ դնել ու ինչ-որ սանդղակով չափել։ Ուսանողը հակադարձեց․«Ես՝ որպես գիտնական, Դուք էլ եք գիտնական, գիտենք, որ ամեն ինչ չափելի է։ Վահրամ Դումանյանը կատակեց․ «Ես ինձ դեռ գիտնական չեմ համարում, բայց լավ է, որ դու քեզ արդեն համարում ես, չնայած ես երկու դիսերտացիա եմ պաշտպանել․․․ թող ուրիշներն ասեն, եթե կասեն, ընդհանրապես ինձնից խորհուրդ»։

Զրույցի ավարտին Վահրամ Դումանյանը հորդորեց լինել կապի մեջ ու տեղեկացրեց՝ պլանավորում են նաև զրույց ունենալ Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների հետ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31