Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Էջմիածնի կոչը՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին

Հոկտեմբեր 21,2022 20:55

Հոկտեմբերի 20-ին Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքվում, որը շարունակվեց գրավված Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հերթական անգամ հնչեցվել են հերյուրական ու նենգափոխիչ հայտարարություններ և դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ, որոնց առնչությամբ հայկական կողմի պետական և հոգևոր պատկան կառույցների կողմից բազմիցս տրվել և այսօր էլ շարունակաբար տրվում են պատասխաններ և լուսաբանություններ։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել և կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին և ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։

Տարօրինակ է, որ 2020 թվականին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծված պատերազմից և իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել։ Ժողովուրդների խաղաղ գոյակցությունը  իբրև թե կարևորող Կովկասի մահմեդականների վարչության նախագահը, հակառակ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումներում որդեգրված ուղերձների ոգուն, նույն ժամանակ լուռ է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության և հայատյացության, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին անօրինաբար պահելու և խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու և պղծելու, Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու փաստերի առնչությամբ, որոնք հստակ և հիմնավոր փաստագրված են նաև միջազգային հանրության և կառույցների կողմից։

Թվարկված հարցերը կարոտ են շուտափույթ լուծումների, իսկ հումանիտար խնդիրները առավել ևս կարիքն ունեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ուշադրության և միջնորդական ջանքերի։ Սուրբ Էջմիածնի կոչն է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հավատարիմ հոգևոր իր կոչմանն ու առաքելությանը, տեսանելի քայլեր գործադրել այս ուղղությամբ՝ թոթափելու վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը։

Թող Բարձրյալը օրհնի տարածաշրջանի ժողովուրդների կյանքը երկնապարգև խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31