Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ձեռքով կռիվ, մյուսով՝ առեւտո՞ւր. Որքանով է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի միջև նորմալ շփումը. «Ա1+»

Հոկտեմբեր 21,2022 20:33
stepanakert

Վերջին տարիներին տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ պայմանավորված ժողովուրդների համակեցության, անվտանգ եւ խաղաղ զարգացման շուրջ խոսակցությունները նոր երանգ են ստացել: Այն բանից հետո, երբ 2020-ի աշնանը Ադրբեջանը ուժի միջոցով փոփոխեց 1990-ականների կեսերին հաստատված ստատուս քվոն, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ կոնֆլիկտը լուծված է: Սակայն ակնհայտ է, որ հակամարտությունը ոչ միայն չի լուծվել, այլեւ եղած բարդ խնդիրներին ավելացել են մի շարք նոր խնդիրներ՝ հումանիտար, քաղաքական և տնտեսական, իսկ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ անջրպետն էլ ավելի խորացած է թվում:

Արցախի Հանրապետության քաղաքացի, լրագրող Արմինե Մարտիրոսյանը  դժվարությամբ է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ու  Ադրբեջանի միջև տնտեսական կամ  որեւէ  այլ շփում։ Նա կարծում է, որ անհնար է մի ձեռքով կռվել, մյուսով առեւտուր անել։

«Այսօր մենք պատերազմում ենք Ադրբեջանի հետ, այն չի ավարտվել։  Շատ դժվար է պատկերացնել, որ այս պայմաններում կարող են լինել տնտեսական շփումներ։ Ադրբեջանի կողմից որևէ նախանշան չկա, որ նա ցանկանում է հարաբերություններ հաստատել մեզ հետ։ Նրա համար հարաբերությունները բարելավելը, հակամարտությունը դադարեցնելը հայերի ամբողջական ենթարկվելն է իր պայմաններին։ Եվ ինչքան մենք զիջում ենք, այնքան նրա ախորժակը բացվում է»,- ասում է արցախցի լրագրողը։

Արմինեի համար այս հակամարտությունը  հայ-ադրբեջանական կամ ղարաբաղյան չէ։ Նա կարծում է, որ այս խնդիրը  հայ-թուրքական դարավոր հակամարտության մի դրվագն է։

Երբ 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիան ցեղասպանության ենթարկեց եւ ոչնչացրեց կայսրության տարածքում գտնվող հայկական ժառանգությունը, դրանից հետո նույն քաղաքականությունը փորձում է իրականացնել հայկական մյուս տարածքներում:   «Նախիջևանում հաջողվել է հայերի էթնիկ զտումներ իրականացնել, իսկ Արցախում ժամանակ չեն ունեցել, հայերը ժամանակին ուշքի են եկել (ԽՍՀՄ փլուզում) և բարձրացրել այդ հարցը։ Շատերը եվրոպական երկրների օրինակներ են բերում, որտեղ ժամանակին նույնպես սարսափելի պատերազմներ են եղել, իսկ հիմա նրանց սահմանների մի կողմում գրված է մի երկրի անուն, մյուս կողմում՝ մեկ այլ երկրի, և նրանք խաղաղ գոյակցում են, առևտուր և այլն, նույնիսկ վիզային ռեժիմ չկա։ Բայց ցավոք, Ադրբեջանը եվրոպական երկիր չէ, և Ադրբեջանը հեռու է ժողովրդավարական արժեքներից։ Մենք գործ ունենք Ալիևի խորը արմատներ ունեցող ավտորիտար ռեժիմի հետ, մի հասարակության հետ,  որը դեռ վաղ մանկուց  դաստիարակվել է  հայատյացության, այլատյացության, ռասիզմի և հայերի նկատմամբ ֆոբիայով», – ասում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, խնդրի լուծումը կարող է լինել այն ժամանակ, երբ Եվրոպական հանրությունը համարժեք գնահատական տա Ալիեւի ավտորիտար ռեժիմին եւ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, ինչպես անում է Ռուսաստանի դեպքում: Լրագրողը նաեւ անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի դեպքում կիրառել Կոսովոյի նախադեպը, հանուն տեղի հայ բնակչության փրկության ճանաչել Արցախի Հանրապետությունը և այնտեղ ուղարկել միջազգային խաղաղապահ ուժեր:

«Տարածաշրջանում խաղաղության մասին կարող է խոսք գնալ , եթե դրա համար անհրաժեշտ  մի քանի երաշխիքներ լինեն»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նա գիտի, թե որոնք են այդ երաշխիքները․ «Առաջինը՝ պատերազմական հանցագործություններով միջազգային քննության իրականացումը։ Մի ամբողջ մայրցամաք, որպիսին եվրոպական քաղաքակրթությունն է, այսօր հասել է այնպիսի վիճակի, որ ուժի կիրառման, կամ սպառնալիքով, կամ պատերազմների միջոցով հարցերը չեն լուծվում: Խոսքը  մի տարածաշրջանի մասին է,  որտեղ երկու համաշխարհային պատերազմներն էին նախաձեռնվել։ [Պատերազմներից հետո ] ամեն ինչ՝ երկարատեւ եւ կայուն խաղաղություն, զարգացում, ժողովրդավարություն, տեղի ունեցավ շնորհիվ Նյուրնբերգյան դատավարության որի հիման վրա ստեղծվեց աշխարհակարգը», – ասում է Սաքունցը՝ հավելելով, որ այդ մոդելը պետք է կիրառվի նաեւ բոլոր այդպիսի տարածաշրջաններում եւ մասնավորապես՝ Հարավային Կովկասում։

Իրավապաշտպանի խոսքով, քանի դեռ պատերազմական հանցագործությունների համար մեղավորները, կառավարությունները պատասխանատվություն չեն կրել, անպատժելիությունը չի վերացված, խաղաղության մասին բոլոր խոսակցությունները կմնան ցանկության մակարդակի վրա:

Ըստ Սաքունցի,  Կովկասյան տարածաշրջանը պետք է դիտարկել ամբողջ հետխորհրդային տարածքում ընթացքող գործընթացների կոնտեքստում: «Վրաստանի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանը  պատասխանատվություն չկրեց, մնաց անպատժելի եւ կատարեց հաջորդ հանցավոր գործողությունը, ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ՝ 2014-ին եւ նաեւ հիմա ՝ 2022-ին։ Նմանապես Իլհամ Ալիեւը, 2016 թվականին որեւէ պատասխանատվություն չկրեց Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի համար եւ  վեց տարի հետո կատարեց հերթական հանցավոր գործողությունը, որով ոտնահարվեց միջազգային բոլոր նորմերը»,- նշում է Սաքունցը։ Ըստ իրավապաշտպանի, երկարատեւ խաղաղության երկրորդ երաշխիքը ժողովրդավարական համակարգերն են,  քանի որ բռնապետական կառավարում ունեցող պետությունները չեն կարող  գտնվել խաղաղության եւ զարգացման  տրամաբանության մեջ․

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31