Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-Հայաստան-Իրան ռազմաքաղաքական առանցքի ձեւավորման հրամայականը

Հոկտեմբեր 21,2022 19:50

«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջը ստեղծված իրավիճակում իրանի հետաքրքրություններն ու մտահոգությունները շեշտակիորեն ավելացել են հատկապես 44-օրյա պատերազմից հետո՝ Ադրբեջանում Թուրքիայի ռազմա-քաղաքական ներկայության ընդլայնման և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումների համատեքստում։ Իրանը, Ռուսաստանից բացի, տարածաշրջանում միակ երկիրն է, ով ունի անհրաժեշտ ներուժ և վճռականություն՝  տարածաշրջանում թուրք-ադրբեջանական էքսպանսիան կասեցնելու համար։

Այսօր Կապանում Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ Թեհրանը Հայաստանի և Իրանի անվտանգությունը դիտարկում է նույն հարթության վրա, իրականում աննախադեպ և շատ կարևոր ուղերձ է, որին պետք է հետևեն Հայաստանի կողմից շատ կոնկրետ քայլեր և նախաձեռնություններ։ Ըստ էության, սա երկկողմ հարաբերությունները ռազմավարական-դաշնակցային մակարդակի բարձրացնելու քաղաքական հրավեր էր՝ ուղղված Հայաստանին, ինչը մեզ համար կարող է շատ կարևոր փրկօղակ դառնալ՝ ստեղծված աշխարհաքաղաքական և անվտանգային պայմաններում։

Լինելով Հարավային Կովկասում ՌԴ առանցքային դաշնակիցը և հաշվի առնելով Հայաստանում և Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայությունը՝ Հայաստանը բնականաբար այլ երկրների հետ ռազմա-քաղաքական հարաբերությունները խորացնելիս պետք է հաշվի առնի ռուսական գործոնը։ Սակայն նաև այս տեսանկյունից այժմ ձևավորվել է նպաստավոր իրավիճակ, երբ Իրանի հետ ռազմա-քաղաքական հարաբերությունների խորացման ուղղությամբ հայկական կողմի նախաձեռնությունը կարող է ոչ միայն ընկալելի, այլև ողջունելի լինի Ռուսաստանի կողմից, որն ինքն է Թեհրանի հետ համագործակցությունը նոր մակարդակի հասցրել՝ այդ թվում ռազմա-տեխնիկական ոլորտում։

ՌԴ-Հայաստան-Իրան ռազմա-քաղաքական հարաբերությունների բարձրացումը նոր մակարդակի, կարող է ինչ-որ առումով տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռման գործիք դառնալ, որին հեռանկարում կարող են միանալ նաև  Հնդկաստանը և/կամ Չինաստանը։ Այդ սցենարը, իհարկե, պարունակում է  նաև որոշակի ռիսկեր, քանի որ մեզ վերջնականապես կներքաշի Արևելք-Արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտության արևելյան ուղեծիր՝ դրանից բխող հետևանքներով՝ հնարավոր պատժամիջոցներ, քաղաքական հարաբերությունների մակարդակի իջեցում և այլն, բայց անվտանգային տեսանկյունից սա կարող է ստեղծված իրավիճակում թուրք-ադրբեջանական հարձակման միակ զսպող գործոնը դառնալ։

Իհարկե դեռ հարց է, թե որքանով է Ռուսաստանը պատրաստ այս տարածաշրջանում իր ազդեցությունը կիսել Իրանի հետ, բայց պետք է նկատի ունենալ, որ Ուկրաինայում առկա մի շարք բարդություններով պայմանավորված՝ տարածաշրջանում ՌԴ ազդեցության որոշակի նվազման փոխլրացումը Իրանի կողմից Մոսկվան կարող է ընկալել որպես միակ ընդունելի այլընտրանք։ Հետևաբար Հարավային Կովկասում կայունությունը պահպանելու և այստեղ Թուրքիայի ազդեցության չափից ավելի ընդլայնումը կանխելու նպատակով Ռուսաստանը կարող է դիտարկել նման սցենարը։

Մեծ հաշվով, այստեղ կարելի է համեմատականներ անցկացնել Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ մի կողմից Թուրքիան ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Դամասկոսի նկատմամբ, մյուս կողմից Ռուսաստանն ու Իրանը արդյունավետ ձևով համագործակցում են Թուրքիայի հավակնությունները զսպելու ուղղությամբ։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Սիրիայում ՌԴ ակտիվությունը էականորեն նվազել է, ուստի թերևս Իրանը միակ զսպող ուժն է, որ թույլ չի տալիս այնտեղ հավասարակշռության խախտում՝ հօգուտ Թուրքիայի։

Վերջերս հաճախ շրջանառվող հարցերից է իրանական ԱԹՍ-ների, ըստ տարբեր գնահատականների, բավականին արդյունավետ կիրառումը Ուկրաինայում։ Նախկինում իմ հրապարակումներում և վերլուծություններում բազմիցս ընդգծել եմ Իրանի ու հեռանկարում նաև Չինաստանի հետ ռազմարդյունաբերության՝ մասնավորապես ԱԹՍ-ների ոլորտում, համագործակցության մեծ հնարավորությունների մասին։ Նման ներուժ կա նաև Հնդկաստանի հետ համագործակցության համատեքստում։

Հիմա, երբ ՌԴ-ն ինքն է Իրանից գնում ԱԹՍ-ներ, ի՞նչը կարող է խոչընդոտել, որ մենք էլ նույնն անենք` տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը որոշակիորեն պահպանելու համար։ Հակառակը, օրինակ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանում Իրանի կողմից նման սպառազինության արտադրության հզորությունների ստեղծումը կարող է Ռուսաստանի համար դիտարկվել որպես շահավետ գործարք։

Դե ֆակտո վարչապետը վերջին իր հարց-պատասխաններից մեկի ժամանակ նշում էր, որ կա երկիր, որ պատրաստ է մեզ զենք վաճառել, բայց կա մեկ այլ երկիր, որը դեմ է դրան․ «Կան երկրներ, որոնք պատրաստ չե՛ն այն փաստին, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի: Կարող է թվալ՝ պատրաստ չեն՝ իրենց գործն է: Բայց այս պատրաստ չլինելը իր հետեւից բերում է հետեւանքներ, այդ թվում՝ անվտանգային: Սովորաբար զենք գնում են՝ անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքների հետ»։

Մի շարք փորձագետներ շտապողաբար այս խոսքերը մեկնաբանեցին, թե Հայաստանն ԱՄՆ-ից ուզում է զենք գնել, ՌԴ-ն չի թողնում, բայց հետո այսպես կոչված «հատուկ հանձնարարություններով դեսպանը» իր հարցազրույցում բացեց փակագծերը, ակնարկելով, որ Իրանն է պատրաստ մեզ զենք վաճառել, բայց գտնվում է Արևմուտքի պատժամիջոցների տակ և ըստ էության Արևմուտքը չի թողնում, որ մենք Իրանից զենք գնենք․ «Վարչապետը նման բան չի ասել, այդ ելույթը սխալ է մեկնաբանվում։ Խոսքը դրա մասին չէ, եթե ուզում եք կոնկրետ իմանալ, ձեր ասած երկիրը(նկատի ունի ՌԴ-ն, որովհետև մինչ այդ հարցազուցավարը խոսում էր ՀԱՊԿ և ՌԴ մասին) դեմ չէ, որ մենք որևէ երկրից զենք առնենք։ Բայց նենց չի, որ մյուս երկրները հերթ են կանգնել, որ մեզ վրա զենք ծախեն։ Եթե դա եք հարցնում, այդ ձեր ասած երկիրը, ձեր ասած պատճառներով, չի կարող զենք տալ երևի, այդ դուք եք վերլուծում, բայց չի կարող դեմ լինել, որ մենք ուրիշ տեղից զենք առնենք․․․ Դուք այդ կոնտեքստը մտածում եք, որ ուրիշ զենք ծախողներ կան հերթ կանգնած, և մենք չենք առնում։ Խոսքը ուրիշ երկրի և ուրիշ երկրի մասին է եղել։ Մի քիչ երկար մտածեին այդ հզորագույն վերլուծաբանները, կհասկանային, բայց որ չեն ուզում այդքան երկար մտածեն, կամ խնդիր կա դրած այդպես ասել, այդպես են ասում։ Այս տարածաշրջանում ի՞նչ երկիր կա, որից որ զենք առնենք, խնդիր կունենանք, սանկցիաների տակ կընկնենք» (Ակնհայտ ակնարկում է Իրանին և ԱՄՆ-ին)։ Մարդը գալիս է ամբիոն, ծամած բերաններում դրած ասում է ինչ է, բայց չի կարող չէ՞ անուն առ անուն ասել, այդքանը գոնե ասում է, մարդիկ վերցնում են լրիվ ուրիշ ձևի մեկնաբանում են»։

Այս իրողությունը պետք է նույնպես համարժեք գնահատականի արժանանա, մասնավորապես առ այն, թե որքանով է իշխանության քաղաքականությունը ադեկվատ. ի վերջո որն է մեր պետության առաջնահերթությունը՝ տնտեսական պատժամիջոցներից զերծ մնալը, թե իրական անվտանգային երաշխիքները։ Հիմնավոր կասկածներ կան, որ գործող իշխանությունը նախապատվությունը տվել է առաջինին՝ չգիտակցելով, որ առանց երկրորդի, առաջինը խիստ ժամանակավոր և անհեռանկար է։

Այս առումով պետք է չափազանց լուրջ վերաբերվել Իրանից հնչող այն հայտարարություններին` այդ թվում Հայաստանում գտնվող ԱԳ նախարարի կողմից, որ իրենց համար անընդունելի է ոչ տարածաշրջանային դերակատարների ներկայությունը Հայաստանում։ Սա դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ Իրանի համար ինչպես անընդունելի է Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում, այնպես էլ Արևմուտքի ներկայությունը հայ֊ադրբեջանական սահմանին, որքան էլ այդ առաքելությունը ծածկված լինի քաղաքացիական շղարշով։ Թեհրանի շահերը շոշափող որոշումներ կայացնելիս Հայաստանը չպետք է մոռանա, որ 44֊օրյա պատերազմի ժամանակ Իրանը փաստացի միակ հուսալի ցամաքային կապն էր արտաքին աշխարհի հետ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31