Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի մտնես բուհ ու բուհի հոտը զգաս». Վահրամ Դումանյան

Հոկտեմբեր 21,2022 19:40

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  հանձնաժողովը «ՀՀ կրթության մինչեւ 2030թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրինագծի շուրջ քննարկում էր կազմակերպել:

Տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե թիրախ են դրել միջազգային վարկանիշում լավ տեղեր ունենալ, դրա նպատակը ո՞րն է՝ միջազգային ուսանողների՞ ներգրավել:

Նա նաեւ հարցրեց բարձրագույն կրթության ոլորտի ծախսերից՝ քանի՞ բուհ են պատկերացնում պետական 100%-անոց ֆինանսավորմամբ ու ի՞նչ ոլորտներ են մնալու բարձրագույն կրթության համակարգում, եթե դա գնահատել են, ինչո՞ւ ռազմավարությունում չկա. «Քանի բուհի նկատմամբ է կիրառվել տրված լիցենզիայի մոնիտորինգ եւ բովանդակային վերահսկողություն: Մենք ունենք տասնյակներով կրթական հաստատությունների չինովնիկներ, ում դառել են, թերեւս կդատեն, ում ֆինանսական կոռուպցիոն ռիսկերի մասին անընդհատ խոսվել է, բայց չունենք գեթ մեկ կրթության համակարգի ներկայացուցիչ, ում դատել են՝ անհարիր կրթական բովանդակություն տալու համար»:

ԿԳՄՍ նախարար Դումանյանը պատասխանեց, որ բուհի ֆինանսավորման հաշվարկներ չկան ու ռազմավարությունում դա պետք էլ չի գրել. «Բուհը եկեք չդարձնենք խիստ հաշվարկելի մի հատ կառույց: Բուհը բարդ միջավայր է: Բուհերը, այո, պիտի մրցակցեն միջազգային ասպարեզում: Դուք ասում եք՝ միջազգայնացո՞ւմ, թե՞ արտասահմանցի ուսանողների ներգրավում: Ոչ այն է, ոչ այն, դա բազմաթիվ պարամետրերի համախումբ է: Մենք ունենք քաղաքական որոշում, թիրախ: Ինչի՞ ենք դրել՝ դա այն հարցը չի, որ պետք է այստեղ հնչի: Մենք դա չունենք, ուզում ենք ունենալ, ուզում ենք բարձրանալ, զարգանալ: Մենք այլընտրանք չունենք, պիտի մրցակցենք ոչ թե ՀՀ տարածքում իրար մեջ, այլ՝ ամբողջ երկրագնդում»:

Դումանյանն ասաց, որ բուհը սովորական օբյեկտ չի ու եթե նույնիսկ ֆինանսական խնդիր չլինի, չես կարող այսօր որոշել, շենք կառուցել, միջազգային լավագույն մասնագետներ կանչել ու բուհ ստեղծել, այդքան հեշտ չի. «Տարիներ պիտի անցնեն, ավանդույթներ լինեն: Պիտի մտնես բուհ ու բուհի հոտը զգաս»: Ինչ վերաբերում է լիցենզիային ու բուհի բովանդակությանը, Դումանյանն ասաց, որ եթե չափանիշներով նայենք, ոչ մի բուհ չի համապատասխանում՝ ԵՊՀ-ից սկսած, բայց չեն կարող հավատարմագրելիս այնպիսի պայմաններ դնել, որ որեւէ բուհ չանցնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31