Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը «ՀՀ կրթության մինչեւ 2030թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրինագծի շուրջ քննարկում էր կազմակերպել:
Առաջարկ եղավ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը բացառելու համար գոնե մեկ-երկու դասաժամ դպրոցներում տրամադրել՝ աշակերտներին, նաեւ բուհերում ուսանողների կրթելու: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ դաժան վերաբերմունքը համալիր խնդիր է ու չի կարծում, որ այդ հարցը դասընթացներով կլուծվի. «Մեկ-մեկ կենդանիներն էլ մեզ են դաժան վերաբերվում: Դա ավելի մեծ խնդիր է»: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ պատասխանեց, որ «Ես եւ շրջակա միջավայրը» առարկայի մեջ դա ներառված է, բայց կարող են հետեւել Տավուշի մարզում նոր չափորոշիչների կիրառմանը եւ եթե անհրաժեշտություն կա խորացնել, կարող են առաջարկ ներկայացնել:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ դաժան վերաբերմունք կա ոչ միայն կենդանիների, նաեւ պատմամշակութային հուշարձանների նկատմամբ. «Ինչքան էլ պատժիչ մեխանիզմները լինեն, քանի դեռ կրթության մեջ չկա իրական ներդրումը, գիտակցումը, դժվար է արդյունավետ պայքարել դրա դեմ»: Նա հիշեց, որ դեռեւս 7-րդ գումարման ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանի հեղինակած նախագիծն է ընդունվել, որով քրեականացվել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը:
Քննարկումը տեղափոխվեց թափառող շների, կենդանիների հանդեպ հանդուրժողականության, մարդասիրության, գթասրտության թեմաների դաշտ, խոսեցին Հայաստանում կենդանիների պաշտպանի գրասենյակ բացելու անհրաժեշտության մասին:
Սիսակ Գաբրիելյանը արձագանքեց, որ ՏԻՄ ընտրություններին զարմացել է, որովհետեւ եթե նախկինում բնակիչներն ասում էին՝ ջրի խնդիր ունենք, դպրոց կառուցեք եւ այլն, հիմա շատ տեղերում ասում են՝ թափառող շների հարցը լուծեք:
Քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրած Նատալյա Ռոտենբերգը, որը մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ իրենք էլ են շատ բողոքներ ստանում, որ կենդանիների հանդեպ ոչ մարդասիրական վերաբերմունք կա: Նա առաջարկեց, որ ոչ միայն կենդանիների հանդեպ վերաբերմունքի մասին լինի դասընթացը, այլ առհասարակ շրջակա միջավայրի պահպանության, որովհետեւ միջավայրն աղտոտված է. «Մեր երկրում դրա արդյունքում շատ կլինի բարությունը, փողոցներում ավելի քիչ կենդանիներ կլինեն, տներում՝ ավելի շատ: Ես համաձայն եմ, որ ամեն ինչ պետք է սկսել դպրոցական նստարանից»:
Հաջորդ խնդիրը, որ նկատեց Ռոտենբերգը հայաստանյան կրթական համակարգի մեջ՝ ի համեմատություն Անգլիայի, ընթերցանություն առարկայի բացակայությունն է. «Ցավոք, մեր երեխաները դադարել են կարդալ, ցավոք, հեռախոսների մեջ ենք մենք: Դպրոցի իդեալական տարբերակն այն կլինի, որ 1 ժամ հատկացվի ընթերցանության համար, ամեն մեկը լուռ իր գիրքը կարդա: Դա կբերի գրադարանների բացմանը, հնարավոր է դպրոցն ինքը առաջարկի որոշ գրքեր աշակերտներին: Ընթերցանությունից հետո պետք է լինի կարճ երկխոսություն ուսուցչի հետ այն մասին, թե ինչ է կարդացել: Աշխարհը փոխվում է ու նույնիսկ մենք ժամանակ չունենք գիրք կարդալու համար, ուր մնաց երեխաները: Տանը երեխաները չեն կարդա, եզակի ընտանիքներում դա կարող է լինել, որովհետեւ տանը եղբայր, քույր է լինում, ծնողների աղմուկը, կարդալն անհնար է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ