Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը չի կարող ապացուցել, որ խոշորացումը սպեղանի է»․ Տիգրան Թորոսյան

Հոկտեմբեր 21,2022 18:35

«Ես մանկավարժականի կամ ֆիզկուլտ ինստիտուտի հետ որեւէ խնդիր չունեմ, մենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում պետք է լինենք, բայց Բրյուսովը տանենք ի՞նչ անենք։ Առավել եւս, որ երկրորդ փուլում առանձնացնելու եք ոչ մանկավարժական մասերը»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Բրյուսովի անվան պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ու ֆիզիկական սպորտի եւ կուլտուրայի պետական ինստիտուտի միավորման մասին ՀՀ կառավարության որոշմանը՝ ասաց ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

Նա պնդեց, որ այս նախագծի հիմքում ուսումնասիրություն չկա․ «Եթե անկեղծ, Բրյուսովում ծրագրերի 85-90%-ը կապ չունի մանկավարժական մասնագիտությունների հետ»։ Այս խոսքի վրա ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն արձագանքեց․ «Ցավոք սրտի»։ Տիգրան Թորոսյանը շարունակեց․ «Դե հիմա․․․տասը տարի Բրյուսովում եմ, եւ ուղղությունը եղել է  համալսարան ստեղծելը։

Հիմա մեր խնդիրն է համակարգի առողջացումը։ Հավատացնում եմ, որ առաջին անելիքն առանձնացնելն է առողջը եւ անառողջը, հասկանալը, թե որ մասնագիտության համար ինչն է պետք առանձնացնել։ Համեմատեք, օրինակ, որեւէ ամբիոն մեկ այլ ամբիոնի կամ ֆակուլտետի հետ․ ի՞նչ մրցակցության մեջ է։ Չի կարելի ախր այսպես։ Չի կարելի ամեն ինչ խառնել, հետո ասել՝ դե լավ, այս մեկը կտանենք այստեղ, այն մեկն էլ՝ այնտեղ։ Որեւէ մեկը չի կարող ապացուցել, որ խոշորացումը սպեղանի է։ Խնդիրներն իսկապես շատ են, բայց վստահեցնում եմ, որ խոշորացմամբ դրանք չեն լուծվելու։ Ժամանակ է պետք՝ կես տարի, լավ, մի տարի, որպեսզի իրական պատկերը հասկանանք»։

Ըստ Տիգրան Թորոսյանի՝ քանի դեռ պատկերը չենք ձեւավորել, լուծումներ հնարավոր չէ բխեցնել․ «Ցավոք, ռազմավարությունում ես չեմ տեսնում, որ առաջարկվող լուծումները կապ ունեն բուհական համակարգի առկա խնդիրների հետ։ Համալսարանները պետք է ուսումնասիրվեն, գնահատվեն։ Չափանիշներ պետք է դրվեն նրանց առաջ, եւ այդ ժամանակ միայն դրանք թույլ կտան, որ բուհի հնարավորությունները գնահատվեն օբյեկտիվ․ սա լավ է, նա վատ է։ Այլապես համալսարանների միջեւ անառողջ բան է առաջանում։ Ինձ համար ընդունելի չէ, երբ համալսարանների միջեւ նման լարվածություն է լինում»։

Տիգրան Թորոսյանը հավելեց․ «Անկեղծ ցանկանում եմ, որ Հայաստանը հաղթահարի բուհական համակարգի ցավալի վիճակը։ Եթե ոչ, ապա ամեն ինչ կորցնելու ենք։ Բայց դրա համար եկեք կոնկրետ գնահատականներ, քննարկումներ ու լուծումներ ունենանք»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31